Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանի գյուղապետին ստիպել են հրաժարական տալ

Դեկտեմբեր 15,2011 16:50

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, որ երեկ «Առավոտի» հետ զրույցում հերքել էր  լուրերը, թե իրեն տարել են ոստիկանություն՝ այսօր հաստատեց, որ ճնշումների արդյունքում ներկայացրել է հրաժարականի դիմում:

Ռաֆիկ Աթայանն ասաց, որ ճնշել են տեղի իշխանությունները (խոսքն ամենայն հավանականությամբ մարզպետարանի եւ մարզպետի մասին է):

Հիշեցնենք, որ Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ճնշումներ է գործադրում բնակիչների վրա, նույնիսկ սպառնում է գյուղ իրավապահ մարմիններ ուղարկել, տեխնիկա ուղարկել աշխատելու, եթե բնակիչները չստորագրեն պայմանագրերը: Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ՝ Քաջարան գյուղի 181,7 հեկտար հողատարածքը, որի մեջ, ըստ գյուղապետի, նաեւ գյուղի գերեզմանն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին է հատկացվել հանքարդյունաբերական նպատակով՝ բաց հանքի ընդլայնման հեռանկարները հաշվի առնելով: Կառավարության այս որոշումից խիստ վրդովված 600 քաջարանցի մայիսի 31-ին դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, իսկ գյուղ մտած տեխնիկան էլ դուրս էին հանել տարածքից:

Այսօր գյուղն ունի մոտ 270 բնակիչ, կառավարությանն ուղղված նամակը ստորագրել են նաեւ գյուղից հեռացած քաջարանցիները: Քաջարան գյուղը հայտարարում է, որ այս որոշումը ամբողջ գյուղի ստիպողաբար  տարհանում է նշանակում:

Ռաֆիկ Աթայանը մեզ ասաց նաեւ, որ հրաժարականը ոչինչ չի նշանակում, ինքը շարունակելու է պայքարել, որ նշված որոշումը չեղյալ հայտարարվի:

Երկու օր հետո Ռաֆիկ Աթայանը դիմում է գրելու եւ հեռանալու է հանրապետական կուսակցությունից: Ասաց, եթե այս նեղ պահին կուսակցությունը իր կողքին չէ՝ էլ ինչ իմաստ ունի մնալ ՀՀԿ շարքերում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031