Եվրո 2012-ի մասնակից երկրները հրաժարվում են առաջնության օրերին բնակվել Ուկրաինայում: Տեղի հյուրընկալությունից օգտվել համաձայնել են միայն Շվեդիան եւ Ֆրանսիան: Ուկրաինայի ազգային հավաքականի մասին, հասկանալի է, խոսք լինել չի կարող:
Անգամ այն երկրները, որոնք վիճակահանությամբ խմբային մրցաշարի հանդիպումները պետք է անցկացնեն Ուկրաինայի քաղաքներում՝ իրենց համար հարմար վայրեր են ընտրում Լեհաստանում: Նման որոշում կայացրած վերջին երկիրը Դանիան եղավ: Այս երկրի ազգային հավաքականը «B» խմբում Հոլանդիայի, Պորտուգալիայի ու Գերմանիայի հետ խաղալու է Խարկովում ու Լվովում: Սակայն այս քառյակը, այնուամենայնիվ, նպատակահարմար է համարել բազավորվել Լեհաստանում. Պորտուգալիան` Օպալենիցույում, Հոլանդիան` Կրակովում, Գերմանիան` Գդանսկում: Դե, Դանիան էլ ընտրել է Կոլոբժեգը: Հետաքրքիր է, որ այս չորս երկրներն էլ գերադասում են խաղերի օրերին մարզադաշտ հասնել չարտերային չվերթներով:
Լրատվամիջոցներն այդպիսի որոշումների գլխավոր պատճառ համարում են Ուկրաինայում մարզումային դաշտերի ու ճանապարհների անմխիթար վիճակը: Այսպիսով, արդեն հայտնի է, որ Եվրոպայի առաջնության մասնակից 16 երկրներից այդ օրերին Ուկրաինայում բնակվելուց հրաժարվել են 13-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ