Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում վաճառում են ժամկետանց ու անորակ ապրանքներ

Դեկտեմբեր 15,2011 16:33

Ամանորի նախաշեմին ինչպես ամենուր, Լոռու մարզկենտրոն Վանաձորում էլ խանութներում ու շուկաներում ապրանքատեսականին ավելանում ու անմիջապես էլ սպառվում է: Արտադրողներն ու մատակարարները օգտվելով նախատոնական աշխուժությունից եւ թոհուբոհից՝ անորակ ու ժամկետանց ապրանք են սաղացնում. «Գիտեն, որ ստիպված առնելու են, ժամկետին էլ չեն նայում: Արտադրողները մի նոր խորամանկության էլ են դիմում՝ իսկական ժամկետի վրա թուղթ են կպցնում նոր ժամկետով, այնինչ՝ ժամկետը դաջված պետք է լինի, ոչ թե գրված», -ասում է «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մարիետա Հեքիմյանը:

Ասոցիացիան արձագանքում է հնչած յուրաքանչյուր ահազանգի, սակայն բնակիչները մինչեւ վերջ տեր չեն կանգնում իրենց իրավունքներին: Վանաձորցիները առեւտրի աշխատողի համբավի մասին ավելի շատ են մտածում, քան իրենց առողջության: «Չեն համարձակվում անորակ ապրանքը վերադարձնել, պատճառաբանելով, թե հաճախ են նույն խանութից գնումներ կատարում: Թանկարժեք դեղ է գնել, որի տուփն ու դեղը չեն համապատասխանում իրար, առաջարկում եմ ինքս տանել դեղատուն, էլի չեն համոզվում, ումից են վախենում, ինչու»,- զարմանում է Մարիետա Հեքիմյանը:

Ասոցիացիայի բողոքներն են հաճախ մնում անարձագանք: «Մենք զգուշացնում ենք, մինչեւ գալիս են, նմուշ վերցնում: Կամ եթե ես եմ տանում՝ հնարավոր է, որ չստուգեն էլ, ասեն՝ ճանապարհին է փչացել: Շուտ փչացող ապրանքի համար բողոքել այլեւս չես կարող»- ասում է Մարիետա Հեքիմյանը:

«Սպառողների ասոցիացիան» բազմիցս առաջարկել է Լոռու մարզում ունենալ լաբորատորիա, որտեղ կարելի է առանց ժամանակ կորցնելու փորձաքննություն կատարել, սակայն պետական մարմինները լռում են: «Պարտադիր է թունավորում լինի, մեծ աղմուկ բարձրանա, որ քայլեր ձեռնարկեն: Չնայած այդ դեպքում էլ մի կողմից կասեցնում են, մի ինչ-որ ժամանակ հետո, նորից նույն ապրանքը տեսնում ես խանութներում»,- նկատում է «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահը:

Ամեն դեպում նա մեղադրում է բնակչությանը: Եթե բնակչությունը սկսի ժամկետին նայել, անորակ ապրանքը վերադարձնել, պահանջել, որ սանիտարական նորմալ պայմաններում սպասարկեն՝ անպատժելիությունն ու ամենաթողությունը չեն տիրի:

Մարիետա Հեքիմյանը նկատում է, որ քաղաքում սնկի պես աճել են դեղատները, ինչը նշանակում է, որ հիվանդների թիվն է մեծացել. «Մարդը սառած հավի բդից թունավորվում է, հիվանդանոցից դուրս գալիս, էլի առնում, ուտում է»:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031