Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ ոստիկանապետ՝ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես Aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է վերցվել ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Հովհաննես Հովհաննեսյանը, նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է Արման Մելքոնյանը, վերջինս ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի պետի պաշտոնից:
Ծաղկաձորի բաժանմունքի պետ է նշանակվել Ռոման Կիրակոսյանը, որը մինչ այդ աշխատել է ոստիկանության ԿՀԴՊ (6-րդ) գլխավոր վարչությունում: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Կարեն Ստեփանյանը, որը մինչ այդ աշխատում էր նույն բաժնում՝ որպես ՀԿԳ ավագ քննիչ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սամվել Տոնոյանը, նրա փոխարեն Չարենցավանի բաժնի պետի օպեր գծով տեղակալ է նշանակվել Սարիկ Դավթյանը՝ ազատվելով ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
Չարենցավանում բնակիչները ֆոտոլրագրողին պատմել են, որ գոհ են ՀՀ ոստիկանապետի որոշումից, որ Սամվել Տոնոյանը պաշտոնանկ է արվել: Հիշեցնենք, որ ժամանակին Սամվել Տոնոյանի անունը Չարենցավանի բնակիչները կապում էին Խալաֆյանի հայտնի գործի հետ:
Կարդացեք նաև