«Էսպանիոլ» ֆուտբոլային ակումբի խաղացող Սերխիո Գարսիան 300 եվրո է տուգանվել Իսպանիայի առաջնության «Ատլետիկոյի» հետ խաղում խփած գոլն անսովոր ձեւով նշելու համար: Նա մրցակցի դարպասը գրավելուց հետո գլխավերեւում փոքրիկ մարզաշապիկ է ծածանել, որի վրա զոքանչի հասցեին ուղղված աջակցող ինչ-որ բաներ են գրված եղել: Իսկ թե ինչ, ոչինչ չի ասվում:
Տուգանքը սահմանել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը, իսկ ֆուտբոլիստի այդ պահի նկարը տեղադրվել է «Marca»-ի կայքում: Ճիշտ է, ֆուտբոլիստի փոխարեն տուգանքը վճարել է «Էսպանիոլը»:
Ի դեպ, սա նման դեպքերում առաջին պատիժը չէ, որ սահմանում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան հանձնաժողովը: Այս տարվա հունվարին նմանատիպ արարքի համար տուգանվել էր նաեւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, որը խփած գոլից հետո բարձրացրել էր ակումբի մարզաշապիկը, որի տակ մոր ծնունդը շնորհավորող բարեմաղթանքներով մեկ այլ շապիկ էր եղել: Այն ժամանակ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ստիպված եղավ վճարել երկու հազար եվրո տուգանք: