Երեւանյան հասարակական տրանսպորտով երթեւեկելու առիթով մեջս կուտակված տարիների վիրավորանքը վերակենդանացավ երեկ, երբ հեռուստաբարիլույսներից մեկով Երեւանի քաղաքապետարանի ինչ-որ բաժնի կոստյումավոր տղաները պատմում էին, թե ի՜նչ բացառիկ ամանորյա տոնակատարություններ են իրենք այս տարի կազմակերպել, ի՜նչ գերնորագույն տեխնոլոգիաներ են օգտագործել, չգիտեմ որտեղերից ինչե՜ր ու ումեր են բերել… Ու այդ ամբողջ զոհողություններին նրանք գնացել են հանուն նրա, որ ազգը իրեն լավ զգա: Այդ տղաների ներկայացրած «ամենա-ամենաները», բնականաբար, ինձ չոգեւորեցին: Նրանցից առաջ ուրիշ տղաներ էլ են նույն երգը երգել՝ մի քիչ այլ տոնայնությամբ, մի քիչ ավել կամ պակաս «պրոֆեսիոնալիզմով»: Միայն հերթական անգամ հասկացա, թե հանուն ազգի իրենց կոտորելու այս պատրաստակամությունն ինչքան ուղիղ համեմատական է ազգի հաշվին մի բան թռցնելու նկրտումներին: Այդ մտորումներով նստեցի հերթական հասարակական տրանսպորտը ու հերթական անգամ հասկացա թե ազգս իրեն ի՜նչ լավ է զգում: Ուրեմն, ազգի համար իրենց կոտորելու պատրաստակամ Երեւանի քաղաքապետարանի հերթական աշխատակիցներին ասեմ, որ եթե մեր Ամանորյա տոնակատարությունները քիչ պակաս զարդարված լինեն գերնորագույն տեխնոլոգիաներով, որոնք վստահ եմ, որ բավականին թանկ հաճույք են, աշխարհը դրանից հաստատ փուլ չի գա ու ազգի տրամադրությունն էլ չի ընկնի: Դրա փոխարեն, քսանամյա անկախ Հայաստանում հնարավորություն ստեղծեք, որ մարդիկ մարդավարի երթեւեկեն հասարակական տրանսպորտով: Հավատացեք, ազգի համար դա ավելի արդիական է:
Երեւանի նախկի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ կապված մի դեպք մտաբերեցի: Երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք միաժամանակ քարուքանդ էին արվել Երեւանի հիմնական փողոցները՝ շինելու նպատակով, ինչը, երկար ձգվեց ու լավագաույնս քայքայեց երեւանցիների նյարդերը, քանի որ հասարակական տրանսպորտով քաղաքում մեկ-երկու կանգառ անցնելու համար ամենաքիչը 30-40 րոպե էր պահանջվում, խցանումներ էին, մամուլը ողողված էր այդ առիթով առաջացած դժգոհություններով: Այդ դժգոհությունները որեւէ կերպ չէին անհանգստացնում քաղաքապետին կամ ազգի համար մշտապես անձնազոհության պատրաստ քաղաքապետարանի որեւէ պաշտոնյայի: Բավական էր, որ մի օր քաղաքապետ Զախարյանի ծառայողական ավտոմեքոնան 40 րոպե «վայելեր» խցանման ողջ պերճանքն ու թշվառությունը, որ նույն օրը երեկոյան անմիջապես խորհրդակցություն հրավիրվեր, քաղաքապետը մատ թափ տար պատասխանատու անձանց վրա ու հանձնարարեր՝ անցնել 24-ժամյա աշխատանքային ռեժիմի, որպեսզի քաղաքը լիցքաթափվի:
Հիմա, մտածում եմ, ո՞ր եկեղեցում գնանք մոմ վառենք, որ Երեւանի հերթական քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի օր երթեւեկի երեւանյան տրանսպորտով, ճիշտ այնպես, ինչպես հասարակ երեւանցիներն են երթեւեկում արդեն 20 տարի: Մեկ էլ տեսար մի բան փոխվեց: Տա Աստված:
Նելլի Գրիգորյան