Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Խաչատրյանը դժգոհ է ծանրորդների այս տարվա աշխարհի առաջնության արդյունքներից

Դեկտեմբեր 15,2011 15:13

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր հրավիրած մամուլի ասուլիսում լրատվամիջոցների ասաց, որ դժգոհ է հայաստանցի ծանրորդների` մրցաշրջան 2011-ում ունեցած մրցելույթների ընդհանուր արդյունքից, չնայած անցնող տարում, նրա խոսքերով, պատմական ձեռքբերումներ էլ են եղել: Խոսքը աշխարհի պատանեկան առաջնությունում Գոռ Մինասյանի ոսկին է, մինչեւ 20-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նրա սահմանած աշխարհի ռեկորդը ու Եվրոպայի պատանեկան առաջնությունում նրա չեմպիոնությունը, ինչպես նաեւ ուսանողական համաշխարհային խաղերում Աղասի Աղասյանի հաղթանակը: Այս տարի չեմպիոններ ու մեդալակիրներ տվել ենք հիմնականում պատանեկան ու երիտասարդական պաշտոնական մրցումներում:

Ֆեդերացիայի նախագահը հատուկ նշեց, որ տարվա բոլոր կարեւորագույն մրցումների նախապատրաստության ամբողջ ընթացքում ծանրորդները ոչ մի հարցում խնդիր չեն ունեցել ու դրա համար հատուկ շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Խոսելով Փարիզում կայացած աշխարհի առաջնության մասին` Սամվել Խաչատրյանն ասաց. «Ֆեդերացիան ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ ամեն բան արել էր լավ հանդես գալու համար: Սակայն ծանրորդները վատ մասնակցեցին»: Հարցին, թե նման դեպքերում մեղավորությունը մարզիչների՞նն է, թե՞ մարզիկինը, ֆեդերացիայի նախագահը պարզաբանեց. «Մարզիչն իր սանին խորհուրդ է տալիս, թե նա ի՞նչ քաշից սկսի մրցելույթը: Սակայն կիլոգրամների վերջնական պատվերը տալիս է ինքը` ծանրորդը: Մասնավորապես, Փարիզում Մելինե Դալուզյանը մրցահարթակի ետեւի մարզումային դահլիճում պոկում վարժության 113 կգ-ն շատ թեթեւ էր բարձրացնում: Բայց երբ նա առաջին մոտեցման համար պահանջեց 116 կգ, ոչ ես, ոչ էլ հավաքականի մարզիչը նրան չկարողացանք համոզել` ապահովագրվելու համար սկսել գոնե 114 կգ-ից: Արդյունքը ինքներդ տեսաք: Չնայած աշխարհի առաջնության անհաջողություններին, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Լոնդոնի օլիմպիական խաղերի վեց ուղեգիր նվաճեց (4-ը` տղամարդկանց, 2-ը` կանանց), ինչը, կարծում եմ, այնքան էլ վատ չէ»:

Սամվել Խաչատրյանը, սակայն, լավատեսորեն է նայում Օլիմպիական խաղերին: Նա հավատացած է, որ հայ ծանրորդները Լոնդոնում գերազանց են հանդես գալու եւ այս օլիմպիադան ավելի հաջողված է լինելու, քան Պեկինինը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031