Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան մտնող կատալոգների համար այսուհետ պետք է մաքսատուրք վճարվի

Դեկտեմբեր 15,2011 15:30

Մաքսավորները, ըստ գործարարի, մոտ կես ժամ պետք է ծախսեն 4-5 դրամանոց կատալոգը մաքսազերծելու համար

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը», որով նախատեսվում է սահմանի վրա մաքսատուրքեր գանձել երկիր մտնող բոլոր գովազդային նյութերի, ապրանքային կատալոգների եւ համանաման արտադրանքի համար:

Նշված փոփոխությունը վերաբերում է «Մաքսային օրենսգրքի» 102-րդ հոդվածին՝ «Մաքսատուրքի դրույքաչափերը»: Այս հոդվածում այն ապրանքատեսակների ցանկն է, որոնց համար նախատեսված է մաքսատուրք գանձել անմիջապես սահմանին: Օրենքում նախատեսված փոփոխության սկզբնական տարբերակով գրքերի համար էլ պետք է մաքսատուրք գանձվեր, սակայն որոշակի լոբբինգի արդյունքում գրքերը հանվել են ցանկից: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց «Անտարես» մեդիա-հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ այս օրենքը ոչ մի լավ բան չի խոստանում ոչ գործարարներին, ոչ էլ առանձնապես մեծ օգուտ է տալու պետությանը: «Մեզ՝ որպես Հայաստանի հրատարակիչների, ձեռնատու էր, որ ներմուծվող գրքերի գները բարձրանան, բայց որպես ՀՀ քաղաքացիների՝ դա նոնսենս էր, որովհետեւ մենք առանց այդ էլ բլոկադայի մեջ ենք, մի հատ էլ ինֆորմացիո՞ն բլոկադայի ենթարկվենք…. Այդուհանդերձ հետեւողական աշխատանքի արդյունքում գրքերը հանվեցին, սակայն մնացին կատալոգները: Ի՞նչ է սա նշանակում: Ցանկացած հայաստանցի գործարար՝ անկախ նրանից, թե ինչ արտադրության ոլորտում է աշխատում, ստանում է դրսից կատալոգներ: Հայաստանում եղած ապրանքների բազմության ընդամենը մի շատ փոքրիկ մասն է մեր երկրում արտադրվում, իսկ հումքերի տեսակետից մենք առհասարակ շատ բոբիկ ենք, նշանակում է, որ պիտի օգտվենք արտասահմանյան հումքերից, սարքերից, սարքավորումներից եւ նման արտադրանքների մասին տեղեկանալը հնարավոր է միայն այդ ապրանքային կատալոգներից: Մեր ընկերությունը տարեկան ստանում է 500 չնախատեսված, չպատվիրված կատալոգներ: Օրինակ, մենք սպասում ենք գրիչների կատալոգներ, սպասում ենք մարկերների, օրագրերի կատալոգներ, բայց բացի դրանցից ստանում ենք նաեւ եւս 500 չսպասված կատալագոներ, որոնցով մեզ առաջարկում են, ասենք՝ նայեք մեր սարքավորումների կամ զգեստների մոդելները, կոշիկների, վերամբարձ կռունկների տեսականին եւ այլն: Տեղեկանալով այդ կատալոգներին, դու կազմակերպում ես քո բիզնեսը, որոշում ես ինչ-որ բան գնել կամ չգնել: Հիմա այդ ամբողջ նորությունները մենք հավանաբար չենք ստանալու, որովհետեւ մաքսատուրքը նախատեսում է վճարել 10 տոկոս մաքսատուրք եւ 20 տոկոս ԱԱՀ: Քանի որ կատալոգները գալիս են մոտավորապես 10 ցենտ գնով, դա նշանակում է, որ մեր պետությունը մի կատալոգից պետք է աշխատեր 32 տոկոս՝ մաքսատուրք+ԱԱՀ, որից քանի որ ԱԱՀ-ն կարող ես նորից օգտագործել, դա պետությանը չէ, դա նշանակում է, որ պետությանը մի կատալոգից վերջնական կմնա 1, 2 ցենտ, մոտավորապես՝ 4,5 դրամ: Յուրաքանչյուր կատալոգ մաքսազերծելու համար մաքսավորը պետք է ծախսի մոտավորապես 30 րոպե՝ յուրաքանչյուր ապրանքատեսակը մաքսազերծելու համար: Արժե՞ր արդյոք մեր բարձր աշխատավարձ ստացող, կարեւոր պաշտոն զբաղեցնող մաքսավորին, կամ ավելի ճիշտ մաքսավորներին, քանի որ դա անցնում է մի քանի փուլ՝ նախնական մաքսազերծում, վերջնական մաքսազերծում, պահեստներ եւ այլն, զբաղեցնել, անհանգստացնել՝ 4,5 դրամ ստանալու համար; Հիմա որպեսզի մենք դա մաքսազերծենք, պիտի վճարենք էդ 4,5 դրամը: Մենք խնդիր չունենք այդ գումարը վճարելու համար, բայց մեր պետությանը դա ձեռնտու չէ, քանի որ 4,5 դրամն աբսուրդ գումար է, որպեսզի մաքսավորն աշխատի, մաքսավորն այդ նույն ժամանակում կարող էր 14 մլն դոլարանոց սարքավորում կամ հումք մաքսազերծել՝ մեկ անուն եւ բյուջեն կստանար 2 մլն դոլար, այսինքն մեր պետությանն էլ ամենեւին ձեռնտու չի, որ մաքսատուրքը մտնի: Սա ձեռնտու է միայն մաքսային բրոքերներին, որոնք յուրաքանչյուր ապրանքատեսակ մաքսազերծելու համար ստանում են 24 հազարից 100 հազար դրամ: Մենք միջինը յուրաքանչյուր անուն ապրանքը մաքսազերծում ենք 60 հազար դրամով, տարեկան ստանում ենք 500 չսպասված կատալոգ, դա նշանակում է, որ մաքսային բրոքերին պիտի վճարեմ 30 մլն դրամ: Մենք հնարավորություն չունենք 30 մլն դրամ անվճար ստացած ինֆորմացիայի դիմաց վճարել մաքսային բորքերին»:

Այս հարցադրման կապակցությամբ դիմեցինք մաքսային բրոքերական ծառայություն իրականացնող «Արա Ամիրյան» ՍՊԸ, որտեղից մեզ պատասխանեցին, որ թեեւ իրենք էլ են համարում, որ կատալոգների եւ ընդհանրապես՝ գրենական ցանկացած պիտույքների եւ ապրանքների վրա մաքսատուրք սահմանելը ճիշտ լուծում չէ, սակայն նաեւ հավելեցին.«Մենք մեր ծառայությունների համար ունենք ստանդարտ, հաստատագրված գներ, եւ անկախ նրանից, թե դուք մի տոննա ոսկի, թե մի տոննա բամբակ եք ուզում մաքսազերծել, մենք նույն տարիֆով ենք աշխատում: Կարգն է այդպիսին: Ու նաեւ պետք է ասեմ, որ անկախ նրանից, թե տվյալ ապրանքատեսակի համար մաքսատուրք կգանձվի, թե չի գանձվի, ԱԱՀ կգանձվի, թե չի գանձվի, մենք անում ենք աշխատանք՝ մաքսային բրոքերի աշխատանքը, եւ այդ ծառայության համար մեզ վճարում են: Այսինքն՝ այդ նույն կատալոգների համար մաքսային բրոքերին վճարում էին նաեւ նախկինում, այնպես չէ, որ հենց այդ օրենքն ընդունվեց՝ նոր են սկսելու վճարել մեր ծառայության համար: Եվ այն, որ օրինակի մեջ բերված 500 կատալոգի համար հաշվում եք 500 անգամ 60 հազար՝ սխալ է, որովհետեւ, շատ դեպքերում մի փաթեթի մեջ կարող է միանգամից 10 կամ 20 հատ կատալոգ լինել, եւ դա կհաշվի մեկ անուն: Եթե այնպես լիներ, ինչպես ասում եք՝ ամեն կատալոգի համար 60 հազար դրամ, էդ դեպքում մենք օլիգարխ կդառնայինք: Համաձայն եմ, որ պետությունը այնքան էլ չի շահի օրենքի այդ փոփոխությունից, բայց մենք ոչնչով մեղավոր չենք, որ նման օրենք են ընդունել, եւ այդ օրենքի ընդունումը որեւէ ձեւով մեր աշխատանքին եւ մեր ծառայության համար տրվող վարձավճարին չի անդրադառնում »:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031