Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողմնակից եմ այն թատրոնին, որը ոչինչ չի պարտադրում»

Դեկտեմբեր 15,2011 13:59

Բեմադրիչը համոզված է, որ տաշած քարը գետնին չի մնա

«Երիտասարդ բեմադրիչներն այսօր խնդիրներ ունեն, բայց ինչպես ասում են՝ տաշած քարը երբեք գետնին չի մնում: Այսօր գրեթե բոլոր գործող թատրոններում բեմադրություններ են անում երիտասարդ բեմադրիչները: Ինստիտուտը նոր ավարտած ռեժիսորներին թատրոնների ղեկավարները հնարավորություն են տալիս ուժերը փորձել թատրոնում, թատրոնի դերասանների, ոչ թե ինստիտուտի ուսանողների հետ: Այդ բեմադրիչներից եմ նաեւ ես»,- մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ բեմադրիչ Գոհար Փոքրիկյանը, ով վերջերս բեմադրություն ներկայացրեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Գ. Փոքրիկյանը սովորում է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Աշխատում է պրոֆեսիոնալ բեմում, շփվում փորձառու բեմադրիչների, թատերագետների հետ:

Մեզ հետ զրույցում Գոհարը նշեց, որ իր բեմադրած «ԺՐցչՏռ փպսՏՉպՍ» ներկայացման համար նախ շնորհակալ է թատրոնի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին. «Նա ինձ բացարձակ չի ճանաչել, պարզապես համաձայնել է, որ ես աշխատեմ այնտեղ, ու հետո պարզվեց, որ չի սխալվել (ժպտում է): Իհարկե, չեմ բացառում նաեւ այն, որ հաճախ երիտասարդ բեմադրիչի առջեւ դռներ են փակվում: Միեւնույն ժամանակ՝ կարող եմ հակառակ օրինակներ էլ հիշել: Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Տիկնիկային թատրոններում երիտասարդներին գրկաբաց են ընդունում: Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը շատ է օգնում եւ մեծ տեղ է տալիս երիտասարդներին»:

Խոսելով խնդիրների մասին, Գոհարն ընդգծեց, որ այսօր ամեն գործ չէ, որ երիտասարդ ռեժիսորն ի զորու է բեմադրել: Ըստ նրա. «Եթե, օրինակ, ես ընտրեմ «Ռիչարդ Երրորդ» ողբերգությունը, բնական է, որ չեմ կարող այն բեմադրել: Կարծում եմ, որ պետք չէ ընտրել այնպիսի գործ, որը չես կարողանալու պատվով կատարել: Բեմադրիչի աշխատանքում մի կարեւոր բան էլ կա. նա պետք է միշտ մի փոքր կասկածի, արդյո՞ք ինքը կկարողանա: Երբ մի փոքր կասկածում ես, դա ստիպում է քեզ անհանգստանալ ու ավելի լավ աշխատել ամբողջ ընթացքում: Արդյունքն էլ առավել հաջող է լինում»:

Գ. Փոքրիկյանի ձեւակերպմամբ՝ բեմադրիչի համար ասելիքը գալիս է այն ժամանակ, երբ ընտրվում է գործը. «Չնայած քիչ ժամանակ է, ինչ պրոֆեսիոնալ առումով այս ոլորտում եմ, ասածս ու արածս էլ դեռ շատ քիչ է, բայց կողմնակից եմ այն թատրոնին, որը ոչինչ չի պարտադրում: Եթե անգամ շատ մեծ ու հզոր ասելիք կա, պետք չի դա հայտարարության նման հնչեցնել. ուղղակի պետք է բեմադրել, թող դերասանը խաղա եւ ասելիքը դուրս կգա»:

Գ. Փոքրիկյանի բեմադրած «ԺՐցչՏռ փպսՏՉպՍ» պիեսը իսկապես հասուն ու մշակված աշխատանք էր. դա փաստել են նաեւ թատերագետները: Երիտասարդ ռեժիսորի համար իր աշխատանքում շատ կարեւոր է ուսուցչի դերը. «Ես իմ ամենամեծ ուսուցիչն եմ համարում իմ վարպետին՝ Գրիգոր Մկրտչյանին: Նա արդեն տարիքն առած է, հիմա բեմադրություններ չի անում, բայց նրա բեմադրած գործերը հիշվում են ու քննարկվում են նաեւ այսօր: Նրա ազդեցությունն ինձ վրա, որպես երիտասարդ ռեժիսորի, շատ մեծ է: Ինձ համար մեծագույն փորձառություն եմ համարում նաեւ Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությունների փորձերը, որոնք ես տեսնելու հնարավորություն եմ ունեցել: Իսկ կոնկրետ «ԺՐցչՏռ փպսՏՉպՍ» գործը երիտասարդ թատերախմբի համատեղ աշխատանքն է: Սա նաեւ մտածելու աշխատանքն էր, որին հավասարապես մասնակցում էին բեմադրիչը, բեմանկարիչը եւ դերասանները»:

Բեմադրիչի կարծիքով, երբ դերասանը բեմ է բարձրանում, հանդիսատեսը հասկանում է՝ որքան է նա կրթված: «Հավատացած եղեք, հանդիսատեսին հնարավոր չէ խաբել: Նա կարող է չհասկանալ ներկայացման ձախողման պատճառները, բայց հաստատ կհասկանա, որ մի բան այն չէ»,- համոզված է մեր զրուցակիցը:

Վերջերս Գոհարի «ԺՐցչՏռ փպսՏՉպՍ» բեմադրությունը ներկայացվեց «Երիտասարդ բեմադրիչների 6-րդ փառատոնին»: Այս փառատոնը երիտասարդ արվեստագետը յուրօրինակ ու շատ կարեւոր դպրոց է համարում:

Նրա ձեւակերպմամբ՝ փառատոնն իրեն շատ բան տվեց: Ըստ նրա, ներկայացումների վերջում տեղի ունեցող քննարկումները յուրահատուկ դպրոց է, որով պետք է յուրաքանչյուր սկսնակ բեմադրիչ անցնի:

Ինչ վերաբերում է ապագայի հետ կապված ծրագրերին, լավատեսորեն տրամադրված Գ. Փոքրիկյանն ասաց. «Երբեք պլաններ չեմ կազմում: Թողնում եմ, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես կլինի: Ու չեմ կարծում, թե այդպես սխալ է: Ես միշտ հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ու հենց այդպես էլ լինում է»:

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031