Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը նորմալ է համարում

Դեկտեմբեր 15,2011 13:57

Երբ բուհերի խորհուրդների նախագահները առաջին դեմքեր են

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը որոշել էր իր աշխատանքային օրն անցկացնել Գյումրիում, շրջագայել բուհերը, անձամբ ծանոթանալ խնդիրներին, շփվել ուսանողների հետ եւ ինչպես ինքն էր ասում լսել քննադատություններ: Նախարարի հանդիպումներից թերեւս ամենահետաքրքիրը ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ կատարած այցն էր: Այստեղ ոչ միայն ուսանողները, այլեւ բուհի ռեկտոր Սամսոն Դավոյանը հարցեր ունեին՝ ուղղված նախարարին: Վերջինիս հետաքրքրում էր՝ ինչպե՞ս անել, որ հայկական բուհերը հրապուրեն օտարերկրացիներին: Լինելով տնտեսագետ՝ ռեկտորն իր հարցն այսպես ձեւակերպեց. «Այսօր համաշխարհային շուկայի պայմաններում նմանատիպ ապրանքատեսակների գները հավասարեցնում են, սակայն մեր կրթության գինը շատ ցածր է՝ համեմատած միջազգայինին, ինչպե՞ս անենք, որ Հայաստանը դառնա բուհական կենտրոն, ու դրսի ուսանողները, տեսնելով մեր ցածր գները, օգտվեն մեր բուհերից»: Ի պատասխան՝ բժիշկ-նախարարը սկսեց գովերգել բժշկական համալսարանը: Ուսանողների հետ զրույցում էլ նա հորդորեց պահանջատեր լինել, տեր կանգնել իրենց իրավունքներին, չթույլատրել կոռուպցիայի զարգացմանը: «Առավոտը» նախարարին հարցրեց, թե կոռուպցիայի դեմ ի՞նչ պայքարի մասին կարող է խոսք լինել, երբ կոնկրետ Գյումրու բուհերում ուսանողների պակասի պատճառով դասախոսներից շատերի ստացած աշխատավարձը Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր է: «Բուհերում որ ուսանողներ չկան, որեւէ մեկը մեղք չունի, ընդունելության քննությունները 2011թ.-ին առանց շրջանավարտների են տեղի ունեցել, եւ հիմա հանրակրթության ոլորտի բարեփոխումների բեռն է ուղղակի տեղափոխվել բուհական համակարգ: Պետք է ասեմ, որ մեր բուհերին զանգվածային կրճատումներից խուսափել ստացվեց, հիմնականում կրճատվեցին կենսաթոշակային տարիքի աշխատողներն ու պայմանագրային հիմունքով համատեղողները, բայց հիմնականում պրոֆեսորադասախոսական կորիզը պահպանվեց: Դասաժամեր կիսվեցին, այո, բայց պահպանվեց, չազատվեցին աշխատանքից: Մյուս տարի ակնկալում ենք մեծ ընդունելություն, եւ կվերականգնվի շատ բան: Կոռուպցիայի հետ կապված՝ ես իմ դժգոհությունները պարբերաբար հայտնում եմ, եւ մեր ծրագիրը շատ հետեւողականորեն իրականացվում է»,- ասաց նախարարը:

«Առավոտը» նաեւ հետաքրքրվեց, թե նախարարությունը բողոքներ ստանո՞ւմ է ուսանողներից դասախոսների կոռումպացված լինելու մասին: «Ցավոք սրտի, կոռուպցիոն բողոքները անվանական չեն լինում, խոսակցություններն ավելի շատ են, որովհետեւ անվանարկումները բերում են քրեական գործընթացի, ավելի շատ աժիոտաժ է, քան կոնկրետ ինֆորմացիա, բայց էն, որ կոնկրետ խնդիր կա, դրանից ոչ մեկը չի խուսափում, աշխատում ենք այդ խնդրի վերացման համար»,- ասաց կրթության նախարարը: Իսկ կոռուպցիան վերահսկելու համար նախարարության կողմից բուհերում գաղտնի այցեր կազմակերպվո՞ւմ են, օրինակ՝ առողջապահության նախարարը երբեմն այդպիսի այցեր է կատարում հիվանդանոցներ, այսպես ասած՝ դեսանտներ է ուղարկում՝ նույնիսկ գիշերով: «Յուրաքանչյուր ղեկավար իր գործելաոճն ունի»,- կարճ կապեց պարոն Աշոտյանը: Մեր հաջորդ հարցը բուհերի կառավարման խորհրդի ղեկավարներին էր վերաբերում. ինչպե՞ս է լինում, որ կառավարման խորհրդի նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն մարզպետ, վարչապետ կամ երկրի նախագահ լինել: «Շատ նորմալ է դա, եթե պետական այս կամ այն պաշտոնյան ժամանակ է գտնում եւ պատրաստ է օգնել բուհին կոնկրետ խնդիրների լուծման հարցում, միայն պետք է ողջունել: Պետության առաջին դեմքերը, տարածքային ղեկավարները իրենց ուժերի ներածին չափով կարող են օգտակար լինել բուհերին: Եթե դուք հարցնեք՝ ի՞նչ են արել այդ մարդիկ բուհերի համար, կասեմ՝ բազմաթիվ բաներ՝ երկրի նախագահից սկսած՝ պետական համալսարանով, վերջացրած ինձանով՝ բժշկական համալսարանով»,- ասում է նախարարը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031