Լրահոս
Օրվա լրահոսը

Թոփչյանը շարունակում է օպերային «ֆանատիզմը»

Դեկտեմբեր 15,2011 13:54

Ֆիլհարմոնիկ նվագախումբը «տարածվում» է

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի օպերային արվեստի ֆանատ լինելը հայտնի ճշմարտություն է: Ամենուրբաթյա համերգներին եւ հյուրախաղերին զուգահեռ՝ դիրիժորը  2000 թվականից հրավիրյալ երգիչների, այդ թվում՝ նաեւ արտերկրից, եւ իր «սեփական» նվագախմբի հետ իրականացրել է  համաշխարհային օպերային գրականության 9 գլուխգործոցների, այդ թվում՝ Վերդիի «Աիդա», «Ռիգոլետտո», «Օթելլո», Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» ներկայացումների համերգային կատարումներ, բեմականացումներ եւ բեմադրություններ:  Անցյալ տարեվերջին էլ դիրիժորն անդրադարձավ բալետային գրականությանը. ՀՊՖՆ-ի մեկնաբանմամբ Ամանորի նախօրեին հնչեցնելով Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի երաժշտությունը, որն ուղեկցվեց ասմունքող Աննա Միքայելյանի կողմից Հոֆմանի հանրահայտ հեքիաթի ընթերցմամբ, նկարիչ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի՝ հեքիաթը պատկերող նկարների էկրանավորմամբ եւ Մարինե Ավթանդիլյանի ղեկավարած «Սպեղանի» մանկական երգչախմբի մասնակցությամբ: Դեկտեմբերի 21-ին եւ 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՊՖՆ-ն դարձյալ կհնչեցնի «Շչելկունչիկը»: Մինչ այդ, դեկտեմբերի 16-ին էլ Ֆիլհարմոնիկը կներկայացնի բրիտանացի անվանի կոմպոզիտոր Գ. Հոլոթի «Մոլորակներ» սյուիտը: Այս առիթով «Առավոտին» Էդ. Թոփչյանը փոխանցեց հետեւյալը. «Համոզված եմ, որ երաժշտական կատարմանը առանձնահատուկ շուք կփոխանցի Անդրանիկ Սուքիասյանի համակարգչային գրաֆիկան՝ ունկնդրին տեղափոխելով սյուիտում ներկայացվող 7 մոլորակները: Անկասկած, «տիեզերական» այս երաժշտության մեջ իր տեղն ու դերն ունի Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախումբը»: Այս համերգի ռեժիսուրան դարձյալ Սուքիաս Թորոսյանինն է: Ֆիլհարմոնիկի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ նախկինում բեմադրված 9 օպերաներից 8-ի ռեժիսորը Ս. Թորոսյանն է:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչու անցնող տարում Ֆիլհարմոնիկը չանդրադարձավ որեւէ օպերայի: Էդ. Թոփչյանը նախ նշեց, որ արեւմուտքի նշանավոր նվագախմբերի եւ թատրոնների օրինակով իրենք այսուհետեւ, իբրեւ ամանորյա նվեր, կհնչեցնեն «Շչելկունչիկը», հավելելով, որ հաջորդ տարի մտադիր է բեմադրել այս գործը: Իսկ իր կողմից այս տարի օպերային գրականությանը չանդրադառնալու առիթով էլ Էդ. Թոփչյանն ասաց. «Չկարողացանք լուծել պահանջվող նվազագույն գումարը հայթայթելու հարցը, մինչդեռ ի՜նչ գաղափարներ ուներ ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը…  2012-ին կիրագործենք Պուչինիի «Տուրանդոտ» օպերային ներկայացման բեմադրությունը»:

Սուքիաս Թորոսյանին  ասացինք, որ երբեք չի խոսվել իր արտերկրյա գործունեության մասին: «Ֆիլհարմոնիկի հետ համագործակցության արդյունքում հանդիսատեսին հրամցրել ենք  «էկոլոգիապես մաքուր սնունդ»: Իհարկե, ունեցել եմ հրավերներ (չմանրամասնեց-Ս. Դ): Վերջինը  2010-ին էր. Բուլղարիայի ազգությամբ թուրք մշակույթի նախարարը առաջարկեց բեմադրել Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը», ինչից, հասկանալի պատճառով, հրաժարվեցի…»,- պատասխանեց պարոն Թորոսյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031