Անցյալ տարեվերջին ԿԳ նախարարությունը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ) առաջարկել էր մշակել «Աշակերտների հաշվառման տեղեկատվական համակարգ»: Վերջինս արդեն պատրաստ է եւ շնորհանդեսը կայացավ երեկ: Համակարգի լիարժեք ներդրումից հետո թղթային աժիոտաժը դպրոցներում կվերանա, աշակերտների դպրոցից տեղափոխումը կամ ընդունումը թափանցիկ կդառնա ու կպակասեն կոռուպցիոն ռիսկերը:
Ըստ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի, համակարգը կբացառի աշակերտների թվով ֆինանսավորող դպրոցների տնօրեններին ինչ-ինչ քայլերի դիմելը կամ նույն աշակերտին միաժամանակ գրանցելը երկու կրթօջախներում: Շնորհանդեսին ներկա տնօրեններին հետաքրքրվում էին, թե ինչ սողանցքներ կան էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում, օրինակ հնարավո՞ր է՝ նույն անուն-ազգանունով եւ ծննդյան վկայականով երեխային միաժամանակ գրանցել ՀՀ երկու դպրոցներում: Համակարգի պատասխանատուներից Գագիկ Բադունցը շեշտեց, որ նման բան համակարգը թույլ չի տա՝ երեխայի տվյալները պահպանվում են համապատասխան բազայում եւ երկրորդ անգամ նույնը հնարավոր չէ ներդնել:
Մեկ ուրիշ դպրոցի տնօրենի հետաքրքրում էր՝ կարո՞ղ է տնօրենը միտումնավոր երեխայի ծննդյան վկայականի համարի մեջ մեկ թիվ փոխել ու նույն երեխային երկու անգամ գրանցել: ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը այս «մասով» aravot.am-ին պարզաբանեց, որ ադմինիստրատորը անմիջապես կտեսնի նման ռիսկային գոտում գտնող երեխաներին. «Եթե հետագայում պարզվի, որ ամեն ինչ նույնն է եւ ընդամենը մեկ թվի տարբերություն կա նույն անուն-ազգանուն-հայրանունով աշակերտի ծննդյան վկայականում, ապա բնականաբար ԿԳ նախարարությունը կսկսի իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ: Ի դեպ, միտումնավոր արված նման քայլը՝ պետությունից հավելյալ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, քրեական պատասխանատվություն է ենթադրում, որովհետեւ դա նշանակում է կեղծել տվյալ աշակերտի տվյալները եւ պետությանը վնաս հասցնել»:
Ա. Պողոսյանի ասելով, եթե համակարգն ավելի շուտ լիներ՝ կբացառվեր էքստեռնիկների հայտնի պատմությունը:
Կարդացեք նաև
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ