Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության վարչությունը պե՛տք է արձագանքի

Դեկտեմբեր 15,2011 13:45

Քաղաքապետարանի շենքի կողմից տնօրենն արժանացել է դիտողության

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթությունը կազմակերպող անձինք՝ տնօրենները, մանկավարժները պարտավոր են իրականացնել երեխաների կրթության իրավունքը՝ ՀՀ-ում ընդունված օրենքներին համապատասխան, որն ասում է. «Հանրակրթությունը նպատակաուղղված է սովորողի մտավոր, հոգեւոր եւ սոցիալական զարգացմանը, նրա անձի՝ որպես ապագա քաղաքացու ձեւավորմանը եւ այլն»: Այս նպատակին կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ դպրոցում տիրում է բարոյահոգեբանական մի մթնոլորտ, երբ տնօրեն ու ուսուցիչ, լրացնելով միմյանց ստեղծագործ նախաձեռնությունները, նախ՝ լինելով Քաղաքացի, նաեւ իրենց օրինակով նպաստում են յուրաքանչյուր երեխայի կրթական կարողություններին համապատասխան կրթությունը կազմակերպելուն: Ցավոք, հասարակության մեջ հաճախ է խոսվում դպրոցներում առկա անառողջ երեւույթների մասին, որոնց պատճառները տարբեր են՝ կառավարման հմտություններ, քաղաքացիական համոզմունքներ ու սկզբունքներ չունեցող տնօրեններ ու կրթության կազմակերպման պատասխանատուներ, որոնց գործունեությունը երբեմն ոչ թե նպաստում, այլ խոչընդոտում է հասարակության կողմից պահանջված դպրոցի կայացմանը: Հասարակությունը շատ լավ հիշում է անցյալ տարվա փետրվարին նորընտիր քաղաքապետի 01.02.2011թ. NԿ-48 հրամանով աշխատանքից ազատված չորս ու նկատողություն ստացած երեք տնօրենների մասին: Փորձել եմ պարզել այն հիմքերը, որով ազատվեցին կամ նկատողություն ստացան այդ տնօրենները: Քաղաքապետի վերոնշյալ հրամանում «նկատողություն» կարգապահական տույժը կիրառվել է. «Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար եւ հիմք ընդունելով աշխատակազմի կրթության վարչության պետի զեկուցագիրը»: Սույն թվականի նոյեմբերի 28-ին քաղաքապետից խնդրել եմ տրամադրել պետի զեկուցագիրը, որում թիվ 27 դպրոցի տնօրենին վերաբերվող մասը այսքանն է. «Աշխատակազմի կրթության վարչությունը 2009-2010 եւ 2010-2011 ուստարիների աշխատանքային ծրագրով կատարված ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ է հայտնաբերել թիվ 27 դպրոցում: Արձանագրված խախտումների արդյունքում առաջարկում եմ կարգապահական տույժի ենթարկել դպրոցի տնօրենին»:

Քանի որ զեկուցագրում չի երեւում, թե կոնկրետ ինչ խախտումներ են եղել, ապա կարող եմ ենթադրել, որ եղել են շատ լուրջ խախտումներ, որոնց դեպքում մեկ ուրիշի կազատեին աշխատանքից: Իսկ խախտումների մասին, իմ կարծիքով, չեն բարձրաձայնել, որպեսզի խուսափեն ազատված տնօրենների աղմուկից, ովքեր ազատվել են սեփական դիմումի համաձայն: Այսինքն, ենթադրում եմ, որ այս տնօրենի նկատմամբ եղել է հովանավորչություն, որը շարունակվում է, հակառակ դեպքում՝ ինքն անպայման կբողոքեր:

Եվ ի՞նչ է եղել, երբ վերոնշյալ դպրոցի տնօրենն ըստ արժանվույն չի պատժվել: Ամռանը քաղաքապետարանի կրթության վարչությունն այդ դպրոցի մի ուսուցչուհուց ստացել է նամակ-ահազանգ՝ դպրոցում տիրող անառողջ մթնոլորտի ու իր նկատմամբ զրպարտանքների մասին: Հակառակ «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, որն ասում է. «Արգելվում է քաղաքացիների բողոքները լուծման ուղարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործողությունները բողոքարկվում են», կրթության վարչությունը բողոքը քննարկել էր միայն տնօրենի հետ, որից հետո ուսուցչուհու նկատմամբ եղած հալածանքն ավելի է խորացել: Այն արտահայտվել է թե ոչ այնքան հիմնավորված երկու նկատողություններով, թե անհարգալից խոսքերով, որի նպատակն էր ուսուցչուհուց ազատվելը: Ի դեպ, ձեռքիս տակ են բոլոր այդ փաստաթղթերը:

Ի վերջո, վարչության պետի հանձնարարությամբ մի մեծ խումբ գնում է դասալսման այդ ուսուցչուհու մոտ, ու գրում են այն արձանագրությունը, որից մեջբերում եմ. «Գործիմաց եւ փորձառու մանկավարժ է, նա ճիշտ է ընտրել իր մասնագիտությունը»: Հիմա հարց եմ տալիս քաղաքապետին, ով օրենքով պատասխանատու է իր ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններում տեղի ունեցող ամեն ինչի համար՝ մի՞թե այն տնօրենին, ով անհիմն երկու նկատողությամբ ուզում էր ազատվել բանիմաց ուսուցչուհուց, ով ոչ միայն նրան, այլեւ մանկավարժական ողջ կոլեկտիվին կարող է ասել «գլուխդ պատին ես տալիս», ով ներառական կրթության համար տրված գումարներով որպես հատուկ մանկավարժ կվերցնի իր իրավագետ, դատական փորձագետ աղջկան, կամ որպես սոցիալական աշխատող՝ ռուսաց լեզվի ուսուցիչ ամուսնուն, որպես գրադարանավար իր մայրիկին, առաջին նկատողությունից հետո կարելի է բավարարվել «քաղաքապետարանից ստանում է բանավոր դիտողություն» ոչինչ չասող բառերով: Ի պատասխան այս հարցի, Երեւանի նորանշանակ քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ, իրավաբանական վարչության պետն ինձ համոզում էր, որ քաղաքապետարանը (շե՞նքը) կարող է հայտարարել բանավոր դիտողություն, այնինչ՝ Աշխատանքային օրենսգրքում նկատողության նման ձեւ չկա:

Կարծում եմ, որ վարչությունը ժամանակին ու ՀՀ օրենքների տառին համապատասխան պետք է արձագանքի ու արձանագրի դպրոցներում կատարված դեպքերը, ինչպիսին որ վերոնշյալ դպրոցի դեպքն է, եւ այս անգամ պետք է օրենքով հիմնավորված լինի տնօրենին կարգի հրավիրող հրամանը՝ ի տարբերություն նախորդ հրամանի:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

ԱԺ պատգամավոր

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031