Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան 1000 դրամը շա՞տ է, թե՞ քիչ

Դեկտեմբեր 15,2011 13:42

Վանաձորի Խնձորուտ թաղամասի բնակիչների կարծիքները հակասական են

Լոռու մարզի Վարդանլու գյուղը, որն այժմ Վանաձոր քաղաքի վարչական միավորն է եւ անվանափոխվել ու Խնձորուտ թաղամաս է դարձել, պահպանել է գյուղական առօրյան, ավանդույթները, կոլորիտն ու կենցաղը: Խնձորուտում գյուղն ու քաղաքն իրար են խառնված: Այստեղ, որ նաեւ բազմաբնակարան շենքեր կան, բնակչությունը անասնապահությամբ է զբաղվում: Պատահում է, որ ընտանի կենդանիները նույն փողոցով անցնում են արտասահմանյան մակնիշի մեքենաների կողքով կամ ազատ շրջում այգիներում: Եվ քանի որ անասնապահությամբ զբաղվող ընտանիքները շատ են, Վանաձորի ավագանին որոշում կայացրեց՝ 1 անասունի համար տեղական տուրք սահմանել տարեկան 1000 դրամ:

Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման, եկամուտների հավաքագրման, առեւտրի ու տրանսպորտի աշխատանքը համակարգող բաժինը հիմնավոր չի համարում ավագանու որոշումը, քանի որ 2012 թվականի բյուջեն արդեն ընդունվել է, հստակ առաջարկ եւ հիմնավորում չկա:

Վանաձորի քաղաքապետարանը մերժել է ավագանու առաջարկությունը, քանի որ քաղաքապետարանում համապատասխան հաստիք չկա, այնինչ՝ բաժնի պետ Վիկտոր Դարբինյանն ասում է, որ ճիշտ հակառակը պետք է լիներ. «Համապատասխան հաստիք, մասնագետ-աշխատակից պետք է լիներ, կատարվեր գույքագրում, համապատասխան հաշվարկ ու հիմնավորում՝ ըստ ընտանի կենդանիների թվի ու եկամտի չափի, նոր միայն առաջարկ հնչեր»: Այնինչ՝ ավագանու հապճեպ կայացրած որոշման դեպքում այս ամենը չի կատարվել:

Մինչ Վանաձորի քաղաքապետարանն ու ավագանին փորձում են հստակեցնել որոշումը, վանաձորցիները զարմանում ու զայրանում են: «Տարիներով ապրել եմ Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Այնտեղ բնակչությունից հարկ ու տուգանք են գանձում, երբ ընտանի կենդանին կեղտոտում է փողոցում կամ վնասում է շրջակա միջավայրը: Մեր քաղաքն այդքան անթերի չէ, որ դրա համար գումար գանձեն, բնակիչներն էլ մեծ եկամուտ չեն ստանում»,- ասում է Տավրոս թաղամասի 37-ամյա բնակիչ Լեւոնը:

Անասնատերերին այս որոշումը շատ է բարկացրել: «Ում է հաճելի անասուն պահել, ուղղակի սա մեր ապրուստի միակ միջոցն է: Օր է լինում՝ մեր տանը կաթ չենք խմում, վաճառում ենք, որ օրվա ուտելիք առնենք»,- ասում է Աջափնյակ թաղամասի բնակչուհի Հրանուշը: «Լրիվ կմորթեմ, բայց դրանց մի կոպեկ փող չեմ տա»,- ավելացնում է նրա ամուսինը:

Բնակիչների խոսքով, անասուն պահելը արդյունավետ էլ չէ, բայց պահում են, որպեսզի իրենց թոռները բնական սնունդ ունենան: «Խանութի կարագ պիտի առնեմ: Բայց դրա փոխարեն անասուն կպահեմ ու խոտ կառնեմ: Թոշակս հազիվ է բավարարում անասունների խոտ ու կերին, եթե մի անասունի համար էլ 1000 դրամ տամ, էլ ինձ ինչ ա մնում»,- ասում են նրանք ու տեղում հաշվում. մի կապ խոտը արժե 600 դրամ, մի կովի համար 100 տուկ է անհրաժեշտ, որ ձմռան 6 ամիսներին մի կերպ հերիքի:

Անասունների համար գումար՝ հարկ վճարելու որոշումը ավելի հեշտ են ընդունում, միայն մեկ կով կամ այլ անասուն ունեցողները: Նրանք կարծում են, որ տարեկան 1000 դրամը չի ազդի իրենց ընտանեկան բյուջեի վրա:

Վանաձորի քաղաքապետարանը խոստանում է, որ որոշումը փոփոխության կենթարկվի:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031