Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեի գրպանը այդ հոդվածով երբեք չի բացվել

Դեկտեմբեր 15,2011 13:41

Եթե օրենքը կատարվեր, ապա վարույթն իրականացնող մարմինը կալանավորվածի տան շանն էլ կեր պիտի տար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140 հոդվածով սահմանված է «Գույքի խնամքի եւ հսկողության իրավունքը»:

Դա նշանակում է, որ, ըստ այդ օրենքի, անչափահասները, ինչպես նաեւ անաշխատունակ անձինք, որոնք ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու, ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետեւանքով մնացել են առանց հսկողության, խնամքի եւ գոյատեւման միջոցների, ունեն խնամքի իրավունք, որը նշված մարմինը պարտավոր է նրանց ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին: Քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունները՝ կազմակերպելու վերոհիշյալ անձանց հսկողությունը, խնամքը եւ սոցիալական օգնության պետական կազմակերպությունում կամ բժշկական հաստատությունում անաշխատունակ անձանց ժամանակավոր տեղավորումը, պարտադիր են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի, ինչպես նաեւ նշված կազմակերպությունների եւ հաստատությունների ղեկավարների համար: Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ուներ նաեւ անչափահաս եւ անաշխատունակ անձանց հանձնել նրանց ազգականների խնամակալությանը՝ վերջիններիս համաձայնությամբ:

Նույն հոդվածով սահմանված է, որ անձը, որի գույքն իրեն արգելանքի վերցնելու, ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետեւանքով մնացել է առանց հսկողության, իր գույքի հսկողության, այդ թվում՝ տնային կենդանիների կերակրման իրավունք ունի, որը նշված մարմինը պարտավոր է ապահովել նրա խնդրանքով եւ նրա հաշվին: Քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունները՝ կազմակերպելու անձի գույքի հսկողությունը եւ կերակրելու նրան պատկանող կենդանիներին, պարտադիր են համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, կազմակերպությունների եւ ձեռնարկությունների համար:

Նույն օրենքի 3-րդ կետի համաձայն էլ՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանքի տակ գտնվող անձին կամ այլ շահագրգիռ անձին անմիջապես հայտնում է սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված միջոցառումների մասին:

Հանրային պաշտպանի գրասենյակի, որը սպասարկում է սոցիալապես անվճարունակ կալանավորի ընտանիքին, ոչ մի փաստաբան չի հիշում, թե իր պաշտպանյալների նկատմամբ երբեւէ օրենքը կիրառված լինի: Երեկ մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը: Նա Քրեական դատավարության օրենսգրքի նշյալ հոդվածի կիրառման հետ կապված հայտնեց, որ վերոհիշյալ օրենքի նշյալ հոդվածը չի գործել ընդհանրապես: «Եթե պետությունը պարտավորություններ ունենա այս մարդկանց՝ խնամարկյալներին պահելու հարցում, կաշխատի աջուձախ չկիրառել այդ կալանքները, որպես խափանման միջոց»,- գտնում է Հայկ Ալումյանը:

Հայտնի է, որ կալանքը դատարանները կիրառում են «շառից, փորձանքից, հեռու» սկզբունքով:

Զրուցակիցներիցս շատերի կարծիքով, պետությունը, եթե անձի կալանավորման ընթացքում ֆինանսական պարտավորություններ կրի, հավանաբար, կվերանայի պատժատեսակ ընտրելու նպատակահարմարության հարցն էլ:

Փաստաբան Հայկ Ալումյանի դիտարկմամբ. «Մարդը, որը նախաքննության ընթացքում մեղադրվում է ինչ-որ հանցագործության կատարման մեջ, դեռ մեղավոր չի: Նա բոլորի համար անմեղ է: Պետությունը նրան համարում է անմեղ, հասարակությունը համարում է անմեղ, քանի դեռ դատավճիռը չի մտել օրինական ուժի մեջ: Այս մարդն ունի ազատության իրավունք: Ազատության իրավունքը նախաքննության ընթացքում, երբ դեռ նա մեղավոր չի, սահմանափակվում է, եթե հանրությունը, ի դեմս պետական իշխանության, համարում է, որ լավ կլիներ, որ անձը մնար անազատության մեջ, քանի որ մտավախություն կա, թե կարող է խոչընդոտել նախաքննությանը: Հանրությունն իրեն ապահովագրելու համար այս մարդուն պահում է կալանքի տակ: Գործ ունենք դասական երկու հակակշիռների հետ. մի կողմից՝ անմեղ մարդու ազատության իրավունքի եւ հանրային շահի: Դատարանը կալանավորում է, եթե հանրային շահը գերակայում է: Հանրությունն էլ պարտավոր է իր միջոցներով մեղմել այն հարվածը, որը ստանում են այս մարդը, նրա խնամքի տակ գտնվող անաշխատունակ ծնողները, անառողջ երեխաները»:

Քրեական դատավարության 140 հոդվածը նախատեսում է, որ պետության հաշվին այս մարդիկ պարտավոր են պաշտպանվել, նախատեսել է անգամ, թե կալանավորի ընտանի կենդանիների մասին էլ պիտի հոգա: Պետությունը չի բացառել, որ եթե նախաքննություն իրականացնող մարմնի մեղքով վանդակում գտնվող թռչունները կամ տունը հսկող շունն էլ մնացել են առանց կերի, պիտի տա այդ կերը (Պատկերացնո՞ւմ եք, չէ, որեւէ օլիգարխի բռնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը նրանց առյուծների կամ վիշապօձերի կերակրման հարցը պետք է լուծի, մանավանդ՝ հայտնի է, որ, որպես կանոն, բռնվելուց հետո նրանք ամենաաղքատն են լինում- Ռ. Մ.):

«Պետությունը այստեղ ձեռքերը լվացել է: Կալանավորելը՝ աջուձախ կալանավորում է: Իր իրավունքները գործադրելով՝ աշխատում է իր պարտականություններից զերծ մնալ»,- նկատում է Հ. Ալումյանը:

Նշենք, որ մինչ օրս այս խնդիրը քննարկման նյութ չի դարձել: Կալանավորվածներից շատերի ընտանիքներն իրենց այս իրավունքների մասին ընդհանրապես իրազեկված չեն:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031