Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ Սուրեն Խաչատրյանը թեկնածությունը դնի, այնտեղ կդնի նաեւ Սիլվա Համբարձումյանը

Դեկտեմբեր 15,2011 13:28

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում գործարար Սիլվա Համբարձումյանը վերջապես հստակեցրեց, թե ինչպես է իրեն հարվածել Սյունիքի մարզպետը` աքացի՞ է եղել, հայրական ապտա՞կ, թե՞ հրմշտոց: Տիկնոջ պատմելով` Սուրեն Խաչատրյանն ուզեցել է ոտքով հարվածել, բայց վերարկուն թույլ չի տվել, իսկ երբ ուզեցել է հարձակվել` միջամտել է ընկերուհին` Լիլիթը, արդյունքում` նա միայն 1 անգամ ապտակել է իրեն ու հրել գլուխը. «Ես կարող էի գնալ դատաբժշկական փորձաքննության, որովհետեւ գլխի հարվածը կարող էր առաջացնել շատ հիվանդություններ, բայց ես ժամանակ չունեմ քաշքշուկների: Դրսում իմ գործարանի բացումը պետք է լինի` առանց այդ էլ չեմ կարողանում գնալ»:

Սիլվա Համբարձումյանը վստահեցրեց, թե այնպես չէ, որ ինքը լրիվ ներել է նրան: Նա մարզպետի գլխավոր թշնամին ու մրցակիցն է. «Որտեղ նա թեկնածությունը դրեց` այնտեղ ես դնելու եմ իմը»:

Հարցին ի պատասխան` հնարավո՞ր է այս ամբողջ պատմությունը PR էր` քաղաքական դաշտ մտնելու համար` գործարարը քմծիծաղ տվեց` հավաստիացնելով, որ եթե ուզենար` վաղուց կմտներ. «Չգիտե՞ք էսօր ոնց են մտնում` փողը կտայի` կմտնեի, ինձ առաջարկել են եւ պատգամավոր դառնալ, եւնախարարի պորտֆելներ: Ես չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել, սկզբունքի հարց է թեկնածություն դնելը: Ուզում եմ ապացուցել, որ նա ոչ անցյալ ունի, ոչ էլ ապագա»:

Սիլվա Համբարձումյանի համար էլ է տարօրինակ, որ Գագիկ Բեգլարյանի դեպքում նրան խայտառակ արեցին ու ազատեցին պաշտոնից, իսկ Լիսկայի դեպքում հավանաբար ընտրությունների համար խնայում են. «Երեւի էս երկրում միայն նախագահականում պետք է աշխատել, որ հարգեն»:

Քանի որ Սիլվա Համբարձումյան գործարարի մասին ԶԼՄ-ները մինչ այս միջադեպը չէին լսել, նա մի փոքր պատմեց իր անցյալի մասին: Պարզվում է` նա Հայաստանի համար Սամվել Ալեքսանյանի դերն է կատարել` շաքարավազի միակ եւ առաջին ներմուծողն է եղել, հետո դաշտից հանել են: Հետո ներկրել է նաեւ ձու, աշխատել է բնակարանային կոմունալ նախարարությունում, իսկ այսօր հանքարդյունաբերությամբ է զբաղվում եւ գնել է Երիցյանի հացի գործարանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031