Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման թիրախային ոլորտները ժամանակավրեպ են

Դեկտեմբեր 15,2011 13:29

Ամանորին ընդառաջ տեղին կլիներ ամփոփել տնտեսական տարվա արդյունքները եւ այն էլ ոչ թե մակրոտնտեսական զանազան բարդ ցուցանիշներով կամ արտասահմանյան վարկանիշային կազմակերպությունների վիճահարույց գնահատականներով, այլ այն փաստացի իրավիճակով, որ ձեւավորվել է այսօր մեր տնտեսությունում: Իսկ իրավիճակն, անկեղծ ասած, հեռանկարային զարգացման առումով մտահոգիչ է: Կառավարությանը դեռեւս հաջողվում է իրականացնել տնտեսության զարգացման նվազագույն եւ բավարար պայմանը, այսինքն՝ անցնցում եւ կայուն մակրոտնտեսական իրավիճակի ապահովումը, որը հեռանկարային հիմքեր չունի:

Այս տարի մենք ունեցանք արտարժույթի կայուն փոխարժեք, հուսալի  դրամավարկային համակարգ, գնաճի ոչ թռիչքաձեւ զարգացումներ, նախատեսվածից ավելի հարկային մուտքեր եւ սոցիալական ծրագրերի անխափան կատարումներ: Բայց ձեւավորված կայուն մակրոտնտեսական իրավիճակը կարծես նման է փոթորկից առաջ խաբուսիկ հանդարտության: Իսկ տնտեսական ցնցումների փոթորկալից ժամանակաշրջանի վտանգը մահակի պես կախված է մեր գլխին: Տարեցտարի ավելանում է մեր արտաքին պարտքը, ներմուծում-արտահանում անջրպետը, խորանում է գործազրկությունն ու արտագաղթը, սեղմվում է փոքր եւ միջին ձեռներեցության շրջանակը, պարապուրդի են մատնվում գյուղատնտեսական հողերը, որոնք տնտեսության պատկերը բնութագրող այլընտրանքային, բայց իրատեսական ցուցանիշներն են:

Իհարկե, կարող ենք մեզ շնորհավորել, որ 2011թ.-ին արձանագրեցինք տնտեսական աճ, հատկապես արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում, բայց դրանց պատճառները ոչ թե մեր տնտեսական արդյունավետ քաղաքականության ընթացքն էր, այլ «նորին գերազանցության պատեհությունը», քանի որ մի դեպքում եղանակային բարենպաստ տարի էր գյուղատնտեսության համար, մյուս դեպքում՝ արտահանվող պղնձի հանքաքարի բարձր գներ  էին գործում միջազգային շուկայում: Ուստի, այլեւս անթույլատրելի է հարմարվել տնտեսական զարգացման ընթացքին եւ գնալ իրադարձությունների հետեւից, այլ ժամանակն է վարել իրատեսական զարգացման քաղաքականություն:

Վերջերս կառավարությունը հանրության դատին ներկայացրեց արտահանման խրախուսման ծրագիր, որը բավականին ընդգրկուն եւ հիմնավորված լինելով իր թիրախային ուղղություններով, դեռեւս, մեր կարծիքով՝ ժամանակավրեպ փաստաթուղթ է: Այսօր մենք պետք է «հրապուրվենք» ոչ թե տեսանելի ապագայի տնտեսական զարգացումներով, այլ մտահոգվենք հենց վաղը սպասվող տնտեսական ցնցումների կանխարգելմամբ, այլապես՝ հետո ուշ կլինի:

Այս առումով, տնտեսության  զարգացման ոլորտում առաջնայնություն ենք համարում ոչ թե արտահանման թիրախային ոլորտների ընտրությունը, այլ ներտնտեսական կոոպերացիոն շղթայի ձեւավորմամբ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը: Ի դեպ, արտահանման ծրագրերը կարող են հեշտությամբ խափանվել հիմնականում քաղաքական գործոններով, այլ ոչ տնտեսական, քանի որ միջազգային շուկայում, ցավոք, չի գերիշխում առողջ մրցակցություն, այլ գործում է «ուժեղների տնտեսական շահը», որին դժվար թե մեր հանրապետությունը դիմակայի տեսանելի ապագայում: Ուստի, առավել իրատեսական է հրատապ զարգացման վեկտորի ուղղումը առավելապես դեպի ներքին շուկա, հնարավորինս ինքնաբավ տնտեսության ձեւավորման ակնկալիքներով, որի պոտենցիալը մենք ունենք եւ զարմանալիորեն չենք օգտագործում:

Եթե վերլուծենք հանրապետություն ներկրվող ապրանքների կազմը, ապա կհամոզվենք, որ ինքներս էլ կարող ենք արտադրել նմանատիպ ապրանքատեսակներ եւ սպառել ներքին շուկայում: Բայց սրան ընդդիմանում է հայ գործարարին հատուկ ոչ ազգանվեր վարքագիծը եւ ներկրման ճանապարհով րոպեահաճո գերշահույթների ստացման մոլուցքը: Գաղտնիք չէ, որ միջազգային շուկաներից ապրանքատեսակների ներկրումը ապահովում է բազմապատիկ եկամուտներ, քան երկրի ներսում դրանց արտադրության կազմակերպումը: Այդ նպատակով առաջնահերթ է համարվում պետության կողմից տեղական հումքով արտադրատեսակների թողարկման խթանումը, միաժամանակ նվազեցնելով նույն ապրանքատեսակների ներկրումը: Գյուղատնտեսության զարթոնքը պետք է իրականացվի ոչ թե սոսկ դեկլարատիվ միջոցառումներով, այլ գյուղմթերքների վերամշակման արդյունաբերության վերականգնումով, որն իր հետեւից կբերի բազում աշխատատեղեր: Ժամանակն է ձեւավորելու այնպիսի տնտեսական համակարգ, որը ինքնաբավ լինի եւ սպառման շուկան ողողի միգուցե միջազգային շուկայում ոչ մրցունակ, բայց ավանդական  տեղական ապրանքատեսակներով (տեքստիլ, սարքաշինական, մեքենաշինական եւ այլն):

Տնտեսական շուտափույթ զարթոնքի խթանման առումով չափազանց կարեւորում ենք նաեւ պետության մասնակցությամբ խոշորամասշտաբ կառույցների իրականացումը, ինչպես, օրինակ, Իրանական երկաթուղին է, որը լրացուցիչ աշխատատեղերի ապահովումից բացի, կամրապնդի նաեւ հանրապետության «տնտեսական ողնաշարը»: Պետական պարտատոմսերի թողարկումը նման հսկայածավալ կառույցներ ֆինանսավորելիս կարդարացնի իրեն: Անկախության տարիները ցույց տվեցին, որ սխալ էր պետության հեռացումը գործարարության ոլորտից եւ շուկայական ազատ տնտեսավարման պատրվագով մասնավոր սեկտորի կողմից անհեռանկարային տնտեսավարման կազմակերպումը:

Եվ, ի վերջո, անարդյունավետ է օգտագործվում նաեւ սփյուռքի տնտեսական ներուժը: Դեռեւս մի քանի տարի առաջ սփյուռքի տնտեսական խանդավառությունը հայրենիքի տնտեսական զարգացման առումով մեծ էր, եւ դա էական ազդեցություն գործեց տնտեսական երկնիշ աճի շարունակական ձեւավորման վրա: Հարկ ենք համարում հրատապ միջոցներ ձեռնարկել մայր հայրենիքի տնտեսական մթնոլորտը գրավիչ դարձնելու սփյուռքահայության համար:

Կարծում ենք, տնտեսության զարգացման թիրախային մոտեցումները պետք է փոխարինել համապարփակ զարգացման ծրագրերով, գալիք տարում առավելագույնս ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր, խթանելով հայրենական արտադրությունը, մոտենալով պարենային անվտանգության ապահովման շեմին, հրաժարվելով պարտքով ապրելու սովորույթից, որը հարիր չէ հայ ժողովրդին:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր,

պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031