Ըստ նրանց՝ եթե մեղուները չունեն սահման, ապա մեղվաբույծներն էլ չպիտի ունենան
Երեկ Գյումրիում «մի սեղանի» շուրջ էին համախմբվել հայ եւ թուրք գործարարները: Արդեն 2-րդ անգամ կազմակերպվում է Գյումրի-Կարս էկոնոմ- ֆորումը, որին մասնակցում էին մեղվապահներ, գինեգործներ, պանրագործներ: Կովկասյան կենտրոնի տնօրեն Արտուշ Մկրտչյանի խոսքերով, Հայաստան են հրավիրել ոչ միայն Թուրքիայի կենտրոնական, այլեւ գավառական շրջանների բիզնեսմեններին: Թվով 12 գործարար էին մասնակցում Թուրքիայից, 20 հոգի էլ՝ Հայաստանից: «Երբ 2 երկրները չունեն դիվանագիտական ու միջպետական հարաբերություններ, այսպիսի հանդիպումները դառնում են դատարկ տարածքը լցնելու միջոց: Սա 100%-ով արդյունավետ ու արդարացված է, որովհետեւ Դավռւթօղլուն էսօր մի բան է ասում, մյուս օրը՝ մի ուրիշ, բայց Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը 300-400 մլն է. սա ի՞նչ է նշանակում, պետությունը չի վերահսկում բիզնեսը, բիզնես-համագործակցությունը, իսկ բիզնեսը ինքն իր համար ճանապարհ է հարթում»,- ասաց Կովկասյան կենտրոնի ղեկավարը: Թուրքիայի կազմակերպիչն էլ՝ Իհսան Քարայազը, որը «Բիզնես եւ զարգացում Կովկասյան ցանց»-ի Կարսի գրասենյակի նախագահն է, ֆորումը սկսվելուն ու մեղվապահներին ներկայացնելուն պես՝ նկատեց. «Մեղուների չափ էլ չկանք, երբ ուզեն՝ սահմանն ազատ կանցնեն»: Կարմրաքար գյուղի գյուղապետ Գագիկ Վարադյանը, որին հայ կազմակերպիչները ներկայացրին որպես ուղնուծուծով մեղվապահ, մեզ հետ զրույցում ասաց. «Գիտեք, մեղուները սահման, կրոն ու ազգություն չեն ճանաչում, մենք փորձում ենք, որ մեղվաբույծներն էլ նման ձեւով վարվեն: Գլոբալիզացիան մեղվաբույծներին էլ է կպչում: Փորձում ենք Կովկասի մեղվաբույծներով համագործակցել ու միասին պայքարել Արեւմուտքից կամ Արեւելքից եկող տարբեր հիվանդությունների դեմ, մեղուն իրենով դեղ է: Ուզում ենք նաեւ շուկա միասին դուրս գալ, մի բրենդ՝ կովկասյան բրենդ ստեղծել, որպեսզի աշխարհը մեզ ճանաչի: Եթե նկատեցիք, մեր հետաքրքրություններն այնքան մեծ են, որ թուրք կոլեգաներին հասկանում էինք նույնիսկ առանց թարգմանչի»: Իսկ մեր այն հարցին, թե ո՞ր երկրի մեղրն է ավելի համեղ՝ Հայաստանի՞նը, թե՞ Թուրքիայինը, մեղվաբույծն ասաց. «Համեղ մեղր չկա, մենք՝ հայերս, մեղրի օգտագործման կուլտուրա չունենք, այն ուտում ենք կարագով, հացի հետ, այսինքն՝ օգտագործում ենք որպես սնունդ, բայց մեղրը դեղ է, իսկ այդ կուլտուրան շատ բարձր մակարդակի վրա է թուրքերի մոտ»: Ըստ գործարարի, թուրքական կառավարությունը իր՝ տարբեր տեսակի ներդրումներով կանգնած է իր մեղվաբույծների թիկունքին, մի բան, որը չի նկատվում հայերիս մոտ: «Թուրքիայում մեղվաբույծները լիցենզավորվում են, այսինքն՝ ոչ բոլորն իրավունք ունեն մեղվաբուծությամբ զբաղվելու, եթե որեւէ մեկը ուզում է մեղվաբուծությամբ զբաղվել, ապա 6 ամիս դպրոց պիտի անցնի: Իսկ եթե մարդն ուզում է հարյուր մեղու պահել, 50 հատի գումարը պետությունն է տալիս, իսկ եթե համոզվեն, որ մի 50 էլ դու կավելացնես, դոտացիա կտան, չեմ խոսում այն մասին, որ մեղուների տեղափոխման պրոցեսը պետությունն է իր վրա վերցնում. դե, գիտեք, մեղուներին տեղից տեղ պետք է տանել: Թուրքիայում նույնիսկ տարածքներ կան, որ իրենք են խնդրում մեղվաբույծներին մեղուներին բերել այնտեղ, ասենք՝ ծիրանի այգիների մոտ: Այստեղից էլ պայման է առաջանում՝ եթե ես իմ մեղուներին բերում են ծիրանի այգիներ, ուրեմն դուք պետք է բարի լինեք թունաքիմիկատներ չօգտագործել, որ իմ մեղուները չհիվանդանան»,- նախանձով պատմում էր հայ մեղվաբույծը: Ըստ նրա՝ նախանձելի են նաեւ թուրք մեղվապահների տեխնիկական պայմանները: «Եթե ես իմ մեղուներին տանում եմ սահմանի բերան, ասենք՝ Շիրակավան գյուղ, նրանք անցնում են Թուրքիա, մեղրը բերում, լցնում են մեր ամանների մեջ, նույնը՝ թուրքերի մեղուները, ես ինչո՞ւ չպիտի կարողանամ անցնել սահմանը, գոնե մեղվաբույծների առումով սահմանները փակ չպիտի լինեն, չի կարելի էս գլոբալ աշխարհում խեղդված ապրել»,- ասում է հայ մեղվաբույծը:
Վանիկ Ղազարյանն էլ, որը ստեղծել է «Կովկասյան պանիր» բրենդը, հույս հայտնեց, որ թուրքերի հետ համատեղ ժամանակակից պանրի գործարան կհիմնեն: Նա նաեւ ակնարկեց, որ Վրաստանում հազար անգամ հեշտ է բիզնես դնել, քան Հայաստանում, համենայնդեպս Սահակաշվիլին իր հարկային վարչարարությամբ բիզնեսմենի քթից չի բերում, մանր ու միջին բիզնեսի զարգացման համար արտոնություններ է տալիս: Եվ եթե գործարարի եկամուտը չի գերազանցում 100 հազար լարին կամ, որ նույնն է, 20 միլիոն դրամը, նա 20% եկամտահարկ վճարելով՝ ազատվում է:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ