Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գյուղ կամ ավան` Ախալքալաքի տարածքում

Դեկտեմբեր 15,2011 14:20

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի մեկնաբանմամբ, Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանում եւ հատկապես այդ երկրի հարավում այնպիսի քայլեր են իրականացնում, որոնց հետեւանքով այդ տարածաշրջանը կարճ ժամանակում` միայն ժողովրդագրական ոլորտում, կարող է արժանանալ Կոսովոյի, Հս. Կիպրոսի, Արեւմտահայաստանի եւ մի շարք այլ տարածաշրջանների ճակատագրին: Այսօր նման տեսակետ հայտնեց փորձագետը «Արմատ» ակումբում` խոսելով Թուրքիայի կողմից Վրաստանին անվճար 1.7 մլն դոլար արժողությամբ ռազմամթերք տրամադրելու հետեւանքների մասին:

«Եթե վրացիները լավ ծանոթ չեն Թուրքիայի եւ Ադրբեջանի պատմությանը, ապա մենք շատ լավ ծանոթ ենք: Որտեղ կա թուրք, այնտեղ կա մշակութային ոչնչացում, ավեր եւ թալան»,- ասաց Վ. Սարգսյանը:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի դիտարկմամբ, Թուրքիան Վրաստանի հետ համագործակցությունը նոր չի սկսել: Ըստ նրա, չնայած Թուրքիայի տրամադրած 1.7 մլն դոլարի ռազմամթերքը Վրաստանի ընդհանուր սպառազինման մեջ չնչին մասնաբաժին է կազմում, բայց ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը վերաճում է թուրքական էքսպանսիայի եւ, հետեւելով ՆԱՏՕ-ի հիմնական գործելաոճին, Վրաստանը հայտնվում է թուրքական ազդեցության ներքո. «Թուրք զինվորականներն այսօր վրացական բանակի համար լուրջ ուսուցիչներ, ուսումնական պրոցեսներ են ղեկավարում, մատակարարումներ են իրականացնում, օդանավակայաններ վերազինում եւ այլն»:

Վ. Սարգսյանի խոսքով, Վրաստանի այս քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Վրաստանը որպես պետություն, քարտեզի վրա դադարի գոյատեւել ներկա պատկերով: Թուրք-ադրբեջանական ժողովրդագրական, ռազմական եւ տնտեսական էքսպանսիան նա որակեց որպես` «Տրոյական ձի` Վրաստանի տարածքում»:

«Թուրքիան եւ Ադրբեջանն այսօր փակվում են Ջավախքում: Ախալքալաքը շուտով վերածվելու է մեծ բիզնես կենտրոնի, առեւտրային այնպիսի գոտու, որպիսին չկա ողջ Կովկասում, եւ այստեղ առեւտուր են անելու Ադրբեջանը եւ Թուրքիան»,- ասաց Վ. Սարգսյանը եւ հավատացրեց, որ մի քանի տարի անց իր նշած տարածքում տեսնելու են մեծ ադրբեջանական գյուղ կամ ավան:

Հարցին, թե Վրաստանը չի՞ գիտակցում այդ վտանգները, փորձագետ Վ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Կա’մ Վրաստանը ի զորու չէ թուրքական եւ ադրբեջանական ճնշումներին դիմակայելու կա’մ կաշառված է կամ էլ, ինչպես ինքն է բացատրում, դեպի արեւմուտք, ՆԱՏՕ է ձգտում»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031