Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյանը չցանկացավ քննարկել իր ընկերների քայլերը

Դեկտեմբեր 15,2011 13:04

«Ժողովրդավարական հայրենիքը» չի լքի ՀԱԿ-ը

Այն բանից հետո, երբ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության վերաբերյալ արած քաղաքագիտական վերլուծությանը, տարբեր մեկնաբանություններ եղան, ասեկոսեներ պտտվեցին: Նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը եւ նրա նախագահը ՀԱԿ-ում մշտապես ընդդիմադիր կեցվածք են ունեցել, առավել արմատական դիրքերից են հանդես եկել եւ չեն խուսափել սեփական տեսակետները, անհամաձայնությունները հրապարակայնորեն արտահայտելուց, պարոն Մակեյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ նախընտրական շրջանում, այնուհանդերձ, ՀԱԿ-ի եւ «Ժողովրդավարական հայրենիքի» ճանապարհները բաժանվեն: «Այո, մեր կուսակցությունն իր ձեւավորման ժամանակից չի խուսափել իր տեսակետները բարձրաձայնել՝ ցանկացած հարցի հետ կապված, առանց հաշվի առնելու թե դա ում դուր կգա, ում դուր չի գա: Եվ մենք շարունակում ենք նույն ոճով»,- ասաց պարոն Մակեյանը՝ հիշեցնելով, որ իրենք ժամանակին՝ 1997-ին, եղել են ընդդիմադիր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ Ազգային ժողովում ձեւավորվեց «Հայրենիք» պատգամավորական խումբը: Ապա հավելեց, որ իրենց ընդդիմադիր լինելն ինքնանպատակ չէր. «Մենք ուզում ենք, որ մեր երկրում վերականգնվի սահմանադրական կարգը, մարդու իրավունքները հարգվեն, եւ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին արժանապատիվ ապրի՝ առանց սափրագլուխների, օլիգարխների եւ կրիմինալ իշխանավորների: Այս փուլում, 2008 թվականից սկսած, այդ այլընտրանքը մեր կուսակցությունը տեսնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, սկզբում՝ Համաժողովրդական շարժման, հիմա էլ ՀԱԿ-ի միջոցով: Ես կարծում եմ, որ այսօր այլընտրանք չկա, եւ մեր կուսակցությունը պարտավոր է չխոչընդոտել գործընթացին, որն իրականացվում է իշխանափոխության համար: Բայց կուսակցությունը որեւէ ձեւով կաշկանդված չէ իր տեսակետները բարձրաձայնելու»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք դա հակասություններ չի՞ առաջացնում «Ժողովրդավարական հայրենիքի» եւ ՀԱԿ-ի մյուս գործընկերների միջեւ, պարսավանքի չե՞ն ենթարկվում: Պարոն Մակեյանը «խիստ» համարեց «պարսավանքի ենթարկվել» արտահայտությունը եւ հավելեց. «Մեր կուսակցությունն այնպիսի կենսագրություն ունի, որ Հայաստանի Հանրապետությունում առայժմ գոյություն չունի այն քաղաքական միավորը, որը կարող է «Ժողովրդավարական հայրենիքին» եւ Պետրոս Մակեյանին պարսավանքի ենթարկել՝ կարծիք արտահայտելու համար»: Ապա նկատեց, որ «ՀԱԿ-ում տարակարծության, բազմակարծության նորմալ մթնոլորտ է ձեւավորվել», ինչից կշահի եւ ՀԱԿ-ը, եւ մեր պետականությունը, որովհետեւ «հրապարակային քննարկման, հանրության համար ընկալելի դաշտ է ձեւավորվում»: «Առավոտի» հիշեցմանը, որ ՀԱԿ-ից հենց ներքին ժողովրդավարության պակասի պատճառաբանություններով հեռացան ոչ պակաս հայտնի, առանցքային գործիչներ Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը եւ այլոք, պարոն Մակեյանը հակադարձեց. «Գիտեք, ես իմ ընկերների քայլերը չեմ ուզում քննարկել, Ալիկ Արզումանյանինը՝ հատկապես, որովհետեւ մենք քաղբանտարկյալ ընկերներ ենք եւ ծանր ճանապարհ ենք անցել, նույն Ռուբինյան Կարոն, որը ավելի քիչ նստեց, բարեբախտաբար: Ես չեմ ուզում իրենց քայլերը քննարկել, բայց ինչպես տեսնում եք՝ մեր կուսակցության պարագայում որեւէ կաշկանդում չկա ներքին ժողովրդավարության առումով: Հնարավոր է, որ որոշակի անձինք կամ ուժեր այդքան էլ ոգեւորված չեն «Ժողովրդավարական հայրենիքի», կոպիտ ասած, կարծիք արտահայտելու մասով, բայց դա, կներեք, իրենց գործն է, եւ մեզ այդքան էլ չի հետաքրքրում»:

Ամփոփելով անցնող տարին՝ 2011 թվականը, մեր զրուցակիցն ասաց, որ ՀԱԿ-ը մի քանի ձեռքբերումներ ունեցավ: Մասնավորաբար, քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, Ազատության հրապարակը վերաազատագրվեց, ՀԱԿ-ը դարձավ համակարգային քաղաքական միավոր, ինչը չունեն «կոալիցիա ձեւավորած կրիմինալ, նոմենկլատուրային քաղաքական ուժերը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031