Ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը միմյանց խանդում
Վերջին շրջանում զարմանալի մի բան է նկատվում. ընդդիմադիր ուժերը կարծես միմյանց հանդեպ շատ ավելի խանդոտ են եւ շատ ավելի են իրար քարկոծում, քան իշխանականները, ինչու է այդպես՝ առայժմ պարզ չէ: Կարելի է, իհարկե, ենթադրություններ անել՝ մտածելով, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերը փորձում են առավել լավը երեւալ, քան իրենց ընդդիմադիր մյուս գործընկերները, եւ մրցակցությունը ծավալվում է նաեւ իրար հանդեպ վատ թաքնված թշնամանքով, մեկը մյուսի գործերը վատաբանելու, քննադատելու եւ քամահրանքով խոսելու դրսեւորումներով: Սրանից ոչ թե իշխանություններն են տուժում, այլ հենց իրենք՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը ձգտում են երկիրը փոխել, իշխանություններին փոխել եւ նոր իշխանություն մատուցել հասարակությանը, պետք է լինեն առավել համերաշխ, համախմբված եւ հանուն ընդհանուր նպատակի անգամ պետք է ձգտեն միասնական դառնալ: Ցավոք, այդ կարգի բաներ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համար դեռեւս մոտ ապագայում տեսանելի չեն: Ամենաթարմ օրինակը տեղի ունեցավ վերջերս, երբ խորհրդարանում ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրությունների ժամանակ «Ժառանգությունը», հավատարիմ իր գործելաոճին, այլընտրանքային թեկնածություն առաջադրեց:
Նորմալ, քաղաքակիրթ գործելաոճ է սա, որը այսօր դեռ քչերն են ընդունում: Եվ ի՞նչ հաջորդեց սրան՝ անմիջապես «Ժառանգության» հասցեին հնչեցին տարաբնույթ դատողություններ՝ իբր ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին, իբր իրենց այլընտրանքային առաջադրումով լեգիտիմացնում են իշխանության քայլերը, իբր նախապես պայմանավորված են այդպես գործում եւ այլն: Անգամ այնքան հեռուն գնացին, որ պնդեցին, թե «Ժառանգության» պատգամավորները իրենց թեկնածուներին ձայն չեն տվել, եւ որ «Ժառանգությանը» հետաքրքրում էր հատկապես շոուն եւ ոչ՝ արդյունքը:
Երեկ այս հարցերի շուրջ զրուցեցինք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ, որը մեր որոշ դիտարկումներին ի պատասխան՝ նկատեց. «Հայաստանում մի չափազանց վատ եւ անիմաստ քննարկում կա, որը արտահայտվում է այսպես՝ եթե կեղծել են ընտրությունները, պետք է բոյկոտել խորհրդարանը, եթե կեղծել են Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները, դու պիտի հրաժարվես մանդատներից, ինչպես որ դա արեց ՀԱԿ-ը: Երբ «Ժառանգությունը» 2007-ին իսկապես վրդովված էր իր ձայների կողոպուտի կապակցությամբ, բայց, այնուամենայնիվ, մուտք գործեց խորհրդարան, այնքան էին լեգիտիմացրել այս դիսկուրսը, որ ասում էին՝ ինչպես հասկանանք, որ մի կողմից՝ դատապարտում եք, մյուս կողմից՝ մասնակցում: Իսկ այստեղ ինչ կար չհասկանալու՝ այդ դիսկուրսը կեղծ էր, անիմաստ եւ չափազանց վտանգավոր՝ քաղաքական համակարգի համար: Որովհետեւ այդպես ուղղակի բոյկոտելը նշանակում է անընդհատ կանգնել նույն մեկնակետի առջեւ՝ անհավասար պայմաններում, եւ երբեք չունենալ հաղթելու հնարավորություն: Հետեւաբար, «Ժառանգությունը» ի սկզբանե է եղել մասնակցային քաղաքական ուժ, որովհետեւ, բացի այլ հանգամանքներից, բացի այս քննարկումների կեղծ լինելուց, նաեւ այլընտրանք չկա, մասնակցության այլընտրանքը հաստատ ավելի լավը չի, քան մասնակցելը: Հետեւաբար, վերադառնալով արդեն բուն թեկնածուների առաջադրմանը, պիտի ասեմ, որ մեր գործընկերները, գոնե «Ժառանգության» պարագայում, դրանից չպիտի զարմանային, որովհետեւ երբ ԱԺ նախագահ էր առաջադրում Հովիկ Աբրահամյանը, «Ժառանգությունը» կրկին ուներ եւ առաջադրեց իր թեկնածուին՝ Լարիսա Ալավերդյանին, երբ մարդու իրավունքների հանձնաժողով ստեղծվեց, մենք կրկին առաջադրեցինք Լարիսա Ալավերդյանին, փոխխոսնակի տեղում մեկ անգամ առաջադրել ենք Անահիտ Բախշյանի թեկնածությունը»:
Կարդացեք նաև
Ստիպված հարցրինք՝ գաղտնիք չէ, որ բոլոր ընտրությունների պատկերը նախապես հայտնի է, ուրեմն իզուր ինչո՞ւ են, ժողովրդի ասած՝ «ծանր տեղը թեթեւացնում» եւ նորից ու կրկին թեկնածու առաջադրում: Ի պատասխան՝ պարոն Սաֆարյանը նկատեց. «Կարող է այդ հարցն առաջանալ, բայց կան չափանիշներ, ուղենիշներ, որոնց դավաճանելու իրավունք «Ժառանգությունը» չունի: Իսկ դա այլընտրանք ներկայացնելն է»:
Երկու օր առաջ հեռուստաընկերություններից մեկի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, թե իր այլընտրանքային թեկնածուներին առաջադրելով՝ «Ժառանգությունը» իզուր քայլեր է անում՝ այդպիսով ընտրազանգված կորցնելով եւ ձայները փոշիացնելով, մյուս կողմից էլ՝ մեկ բոյկոտում է ԱԺ նիստերը եւ մեկ էլ նախագահի եւ փոխնախագահի թեկնածություններ է առաջադրում: Մեր զրուցակիցը երեկ չուզեց հակադարձել քաղաքագետին, բավարարվեց՝ ասելով միայն հետեւյալը. «Բոյկոտը անգամ հայաստանյան օրենսդրությամբ եւ անգամ ԱԺ Կանոնակարգ-օրենքով պայքարի մի ձեւ է եւ օրենսդրորեն լեգիտիմացված, եւ որպես զինանոցի հնարավոր քայլ՝ ցանկացած քաղաքական ուժ կարող է օգտվել այդ միջոցներից: Եվ եթե ոմանք փորձում են Րաֆֆի Հովհաննիսյանի կամ «Ժառանգության» այսպես ասեմ՝ բոյկոտային քայլերը մեկնաբանել որպես հրաժարում կամ հրաժարումից հրաժարում, ապա դա իրենց խղճի հարցն է»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ