Բրիտանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Բեշիկթաշի» հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով երեկ Ստամբուլ մեկնած «Սթոք Սիթի» թիմի ինքնաթիռը Թուրքիայի տարածքում խնդիրներ է ունեցել: Մանչեսթերից` Ստամբուլ ուղեւորությունը պլանավորված չորսի փոխաթեն տեւել է յոթ ժամ, իսկ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի մեկ այլ օդանավակայանում: Ըստ ԶԼՄ-ների, պատճառը եղել է Թուրքիայի օդային տարածքի խիստ ծանրաբեռնվածությունը:
Ընդունող կողմը թիմին առաջարկել է հյուրանոց հասնել ավտոբուսով: Սակայն բրիտանական թիմի գլխավոր մարզիչը Թոնի Փյուլիսը հրաժարվել է` գերադասելով սպասել ինքնաթիռում եւ իրենց անհրաժեշտ օդանավակայան հասնել կրկին օդային տարածքով: «Ես չեմ ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը, – ավելի ուշ լրատվամիջոցներին ասել է գլխավոր մարզիչը: – Կարեւորն այն է, որ մենք ի վերջո բարեհաջող տեղ հասանք եւ բոլորն էլ ողջ ու առողջ են»:
Հիշեցնենք, որ «Բեշիկթաշ»-«Սթոք Սիթի» հանդիպումում դաշտի տերերը հաղթեցին 3:1 հաշվով եւ 12 միավորով գլխավորեցին «E»խմբի մրցաշարային աղյուսակը: «Սթոք Սիթին» 11 միավորով երկրորդ տեղում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև