Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջարկը լավն է, բայց…

Դեկտեմբեր 15,2011 12:38

«Փաստաթղթում շոշափվում է ԶԼՄ-ներում առկա իրավիճակը, եւ ես կցանկանայի ուշադրությունս սեւեռել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման եղանակին: Ինչպես հայտնի է, հանձնաժողովի անդամության թեկնածուներին առաջարկում են խորհրդարանն ու նախագահը: Մենք կարծում ենք, այդ մասին բազմիցս խոսել են նաեւ եվրոպական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, որ հարկավոր է մշակել ՀՌԱՀ ձեւավորման այնպիսի մեխանիզմ, որպեսզի դրա կազմում ներառվեն բոլոր հոսանքների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչի վերջնական նպատակը լայն հասարակական շերտերի մասնակցությունն է հանձնաժողովին»,-  ըստ «Արմինֆո»-ի՝ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը՝ ավելացնելով, որ, դժբախտաբար, այդ հարցում կան որոշակի տարաձայնություններ: Այդպես էր  դեսպանն արձագանքել «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նախագծին, որի շուրջ օրերս խորհրդարանական լսումներ են անցկացվել:

Առաջին անգամը չէ, որ Գերմանիայի դեսպանը հանդես է գալիս շատ սկզբունքային եւ միանգամայն սթափ գնահատականով: Հիշեցնեմ, որ մի անգամ, խոսելով 96 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին, նա առաջացրեց ներկայիս ընդդիմության դժգոհությունը:  Տվյալ դեպքում նույնպես խնդիրն ակնհայտորեն գոյություն ունի եւ կառուցողական տարր է ավելացրել բավականին վերացական եւ լղոզված «ազգային զեկույցի» քննարկման մեջ: Ակնհայտ է, որ ՀՌԱՀ-ը հեռուստաեթերի նկատմամբ քաղաքական գրաքննություն իրականացնելու գործիք է. եթեր չթողնելով անցանկալի հեռուստաընկերություններին՝ իշխանությունն այդ հանձնաժողովի միջոցով ահուսարսափի մեջ է պահում հեռուստաընկերություններին, որպեսզի վերջիններս չհամարձակվեն դրսեւորել քաղաքական ինքնուրույնության որեւէ նշույլ: Հակառակ դեպքում նրանց սպառնում է «Ա1+»-ի ճակատագիրը: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ ՀՌԱՀ-ն այդ առումով միակ գործիքը չէ. ցանկության դեպքում իշխանությունը կարող է կիրառել նաեւ, օրինակ, հարկայինի «ռեպրեսիվ լծակները»:

Որպեսզի ՀՌԱՀ-ը չլինի իշխանության կամակատարը, այն չպիտի նշանակվի բացառապես նախագահի եւ նրա գրպանում գտնվող խորհրդարանի կողմից: Դեսպանը նշում է, որ պետք է լինեն «բոլոր հոսանքների ԶԼՄ-ների ներկայացուցիչները»: Թեեւ ձեւակերպումը բավականին մշուշոտ է՝ Աստված գիտի, թե քանիսն են իրականում այդ «հոսանքները», գաղափարն ընդհանուր առմամբ պարզ է: Կարծում եմ՝ հանձնաժողովի կեսը պետք է նշանակի նախագահը կամ խորհրդարանը (որն, ըստ էության, նույնն է), իսկ մյուս կեսը՝ որեւէ հեղինակավոր լրագրողական կազմակերպություն: Այդպիսի կառույց, որը կվայելի հասարակության եւ լրատվամիջոցների մեծամասնության վստահությունը, Հայաստանում այս պահին, կարծես թե, չկա: Եվ դա ոչ միայն իշխանության, այլեւ մեր՝ լրագրողներիս մեղքն է: Բայց եթե նույնիսկ այդպիսին գոյություն ունենար, միեւնույն է՝ ՀՌԱՀ-ի կազմավորման մասին օրենքը պիտի ընդունի խորհրդարանը, իսկ Ազգային ժողովի ոչ այս կազմը, ոչ էլ, վստահ եմ, հաջորդը դա չի անի:

Ահա թե ինչու դեսպան Շմիդտը նրբորեն խոսում է «որոշակի տարաձայնությունների» մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031