Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ է պատասխանատու վթարային շենքերի նորոգման գումարները տեղ չհասցնելու համար (տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2011 12:31

Նոր Արեշի 35 փողոցի 4-րդ կարգի վթարային 127/1 շենքի բնակիչները պահանջում են նոր բնակարաններ

Այսօր կառավարության շենքի առջեւ հավաքված Նոր Արեշ 35 փողոցի 127/1 շենքի բնակիչները վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում էին անհապաղ վերանորոգել իրենց շենքը, որը , ըստ նրանց, դեռ 2010-ին է համարվել 4-րդ կարգի վթարարային:  Շենքի բնակիչ Սեդա Սաղաթելյանը aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ կառավարությունն իրենց շենքի վերանորոգման համար 1 միլիարդ 756 հազար դրամ է հատկացրել, բայց այդ գումարները ինչ-որ մեկը գրպանել է, որովհետեւ դրանք չեն ծառայում նպատակին: Տիկին Սաղաթելյանի խոսքերով, արդեն երեք տարի է այս խնդիրը բարձրաձայնում են  տարբեր գերատեսչություններում,  նախորդ հինգշաբթի էլ քաղաքապետարանում՝ փոխքաղաքապետ Վահագն Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրին.«Պարոն Առաքելյանը երեսներիս շպրտեց, թե՝ գնացեք մեռեք, ոչ մի բանով չեմ կարող օգնել: Իրանց գրպանից հո՞չեն տալիս, պետբյուջեն տրամադրել է»: Բնակիչների պատմելով, շենքում 500 բնակիչ կա, որից 200 երեխաներ են:

«Առավոտը» կապվեց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, որը կտրականապես ժխտեց բնակիչների ասածը.«Ես անձամբ ներկա եմ եղել այդ հանդիպմանը,որը տեւել է մոտ մեկուկես ժամ, փոխքաղաքապետը նման բան չի ասել: Այո, բնակիչները փորձում էին իրենց աղմուկով եւ, ներողություն արտահայտությանս՝ «զոռբայությամբ» ինչ-որ բանի հասնել, ասում էին՝ մեր երեխեքը կմեռնեն» եւ այլն, բայց փաստը մնում է փաստ, որ քաղաքապետարանը այս պահին ոչնչով չի կարող օգնել Նոր Արեշի 35 փողոցի 127/1 շենքի բնակիչներին, քանի որ, այո, կառավարության որոշումը կա, սակայն գումարը կառավարությունը դեռ չի փոխանցել: Բնակիչները տեղյակ էին, որ Երեւանը՝ որպես համայնք, իր միջոցներով մեկ շենք է կառուցել, եւ իրենք պահանջում էին, որպեսզի իրենց այդ շենքից բնակարաններ տանք: Սակայն դա ուղղակի հնարավոր չէ, քանի որ այդ Երեւան համայնքին պատկանող շենքում կա ընդամենը 80 բնակարան, իսկ Նոր Արեշի 35 փողոցի 127/1 շենքում կա 200 շահառու: Նաեւ քառակուսի մետրերով չի համապատասխանում, քանի որ մեր կառուցած շենքում հիմնականում 3-4 սենյականոց բնակարաններ են, շատ քիչ են 1-2 սենյականոցները, իսկ բողոքող բնակիչների բնակարանները 1-2 սենյականոցներ են: Եթե նույնիսկ համարենք, որ կարող ենք անիրականանալի մի բան անել եւ քառակուսի մետրերով այդ շենքի բնակիչներին բնակարան տանքի քաղաքապետարանի շենքում, ապա առավելագույնը 3-4 ընտանիք կստանա բնակարան: Սակայն, այսպես թե այնպես, այդ շենքից մենք իրենց չենք կարող բնակարան հատկացնել, քանի որ շենքը կառուցվել է այն 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար, որոնք կբախվեն ֆորսմաժորային իրավիճակի, ինչպես, օրինակ, անցյալ տարի փլուզում եղավ Մարգարյան փողոցի 37 շենքում, որի բնակիչները վերաբնակեցվեցին: Մեր համայնքի բյուջեն սահմանափակ է, եւ ուղղակի հնարավոր չէ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում այդ բյուջեով կառուցել բնակարաններ՝ բոլոր վթարային շենքերի բնակիչների համար: Կառավարության որոշումը, այո, կա, սակայն գումարները չկան: Նույն վիճակն է նաեւ Սարի թաղի մի հատվածում, որտեղ սողանքային երեւույթներ են նկատվում,  բնակվող բնակիչների համար. կրկին որոշումը կա, ընդ որում այդ որոշման մեջ նույնիսկ հստակ ժամկետ է նշված գումարը հատկացնելու համար՝ մինչեւ 2011 թ. վերջը, սակայն գումարը դեռեւս չի հատկացվել»:

Այս պահին մենք փորձում ենք ճշտել նաեւ ֆինանսների նախարարությունից, թե ինչո՞ւ չեն կատարվում կառավարության որոշումները, եւ ո՞ւր են կառավարության խոստացած գումարները: Լրացուցիչ տեղեկությունների մասին կհաղորդենք ավելի ուշ:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031