Թեեւ ամանորյա տոների մեկնարկին 15 օր դեռ կա, սակայն Հայաստանի հանգստյան գոտիներում արդեն ազատ տեղեր գրեթե չկան։ Բնականաբար, հանգստյան տների տերերն էլ, օգտվելով առիթից, աբսուրդ գներ են սահմանել։
«Հայացք»-ի թղթակիցը երեկ Ծաղկաձորի եւ Աղվերանի հանգստյան տներ զանգահարելով՝ փորձեց ճշտել՝ ամանորյա փաթեթներ ունե՞ն, եւ որքա՞ն արժեն դրանք;
Ծաղկաձորի հյուրանոցների մեծ մասում ազատ տեղեր արդեն չկան։ «Ալիք» հանգստյան տանը մեզ առաջարկեցին սենյակներ 2 հոգու համար։ Այստեղ 4 օրվա (դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 4-ը) ամանորյա փաթեթի գինը երկու անձի համար, ներառյալ տոնական շոու ծրագիրն ու սնունդը, 350 հազար դրամ արժե։
«Կեչառիս» հյուրանոցային համալիրում մինչեւ հունվարի 4-ն ազատ տեղեր չկան։ Իսկ դրանից հետո մեկ անձի համար 55 հազար դրամ են պահանջելու (ներառյալ սնունդը): Իսկ եթե ցանկանում եք տոնական ծրագրին էլ ականատես լինել, ստիպված եք հավելյալ 30 հազար դրամ վճարել։
Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիրում 2 անձի համար ամանորյա հնգօրյա փաթեթի գինը 450 հազար դրամ է սահմանված՝ ներառյալ սնունդն ու տոնական ծրագիրը։
Նույն իրավիճակն է Աղվերանում: «Աղվերան հոթել» համալիրում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 5-ն ազատ տեղեր չկան։ Իսկ հունվարի 5-ից հետո դարձյալ գները չեն իջնելու, մեկ անձը 200-240 հազար դրամով կարող է հանգստանալ։
«Արթուրս» հանգստյան տանն ազատ տեղեր դեռ կան, սակայն ավելի թանկ են, քան Ծաղկաձորի հանգստյան տներում։ Այստեղ եռօրյա տոնական փաթեթի գինը 2 անձի համար 480 հազար դրամ է սահմանված։ «Արթուրսից» տեղեկացրին, որ գնի մեջ մտնում են բանկետը, նախաճաշը, խաշը, մեծահասակների եւ երեխաների համար շոու ծրագիրը, լողավազանից, թենիսից եւ այլ ծառայություններից օգտվելը։
«Հայացք»