Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանից երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է՝ Կոնգրեսում կա՞ն մարդիկ, որ կարծում են, թե ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից։ «Անկեղծ ասած, նման լուրջ քննարկում մեզ մոտ՝ քաղխորհրդում տեղի չի ունեցել, կան առանձին կարծիքներ, որոնք ընդհանուր առմամբ մոտենում են մի կարծիքի, որ դա ԲՀԿ-ի խնդիրն է, նայած ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ինչ նոր պրոբլեմներ կստեղծի ԲՀԿ-ի համար, եւ որքանով ԲՀԿ-ն ճիշտ կհամարի մեկ ցուցակով գնալ խորհրդարանական ընտրությունների։ Դա ԲՀԿ-ի որոշելիքն է. եթե կհասկանա, որ այդ որոշմամբ ոչնչանում է, հավանաբար, հակամարտությունը երկու կուսակցությունների միջեւ ավելի կխորանա։ Եթե կգերադասի կորցնել կուսակցության դեմքը եւ պահպանել այն, ինչ ունի, այդ դեպքում, կարծում եմ, հաշտ ու խաղաղ միասին նույն ցուցակով կգնան ընտրությունների։ Մեր հաշվարկը չի կարող կառուցվել ԲՀԿ-ի որոշման վրա հենվելով։ Հետեւաբար, մենք երբեւէ դրա վրա «ստավկա» չենք անում, մենք ունենք մեր ծրագրերը, մեր ամուր շարքերը, մեր ժողովուրդը, որը հոգնած է այս իշխանություններից եւ փրկության եզրեր է փնտրում, իսկ այդ փրկությունը արտահերթ ընտրությունների միջոցով կարող է ստանալ։ Հետեւաբար, ԲՀԿ-ն ինքնուրույն որոշումներ թող կայացնի։ Կկայացնի իր որոշումը, դրա համապատասխան էլ ներքաղաքական դաշտում վերադասավորումներ կլինեն։ Իսկ մենք առանձնապես ակնկալիքներ չունենք այդ առումով եւ չենք էլ ուզում մտածել այդ մասին»: ՍԴՀԿ-ն, օրինակ, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, հակված չէ մտածել, որ Գագիկ Ծառուկյանը կունենա այդքան կամք եւ դուրս կգա կոալիցիայից։
«Հայկական ժամանակ»