Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ու թուրք գործարարներն իշխանություններին հորդորում են մեղուներից օրինակ առնել

Դեկտեմբեր 14,2011 22:58

Այսօր Գյումրիում սկսվեց երկօրյա «Գյումրի-Կարս էկոնոմ» ֆորումը, որին մասնակցում էին 12 գործարարներ Թուրքիայի տարբեր շրջաններից, 20-նն էլ `Հայաստանից: Նշենք, որ այս անգամ մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում մեղվաբույծները, որոնց և ներկայացնելով` հանդիպման կազմակերպիչներից մեկը` թուրք Իհսան Քարայազը, կատակեց. «Մեղուների չափ էլ չկանք, երբ ուզեն սահմանն ազատ կանցնեն»:

Հայ մեղվաբույծ Գագիկ Վարադյանն էլ մեր  զրույցում շարունակելով նույն միտքը, նեղսրտեց. «Մեղուները սահման, կրոն ու ազգություն չեն ճանաչում: Եթե ես իմ մեղուներին տանում եմ սահմանի բերան, ասենք Շիրակավան գյուղ, իմ մեղուն ազատ հատում է Թուրքիայի սահմանը, գնում էնտեղից մեղրը բերում, լցնում է մեր ամանների մեջ, ես ինչո՞ւ չպիտի կարողանամ էդ սահմանն անցնել, ինչքա՞ն կարելի է էս գլոբալ աշխարհում խեղդված ապրել»:

Մենք զրուցեցինք նաև թուրք գործարարների հետ: Նրանցից մեկից`ղավուրմայի արտադրությամբ ու պանրագործությամբ զբաղվող Յակուբ Ալթուն Սաբայից հետաքրքրվեցինք, թե հե՞շտ է արդյոք Թուրքիայում բիզնես սկսել: Ի դեպ, նա Հայաստանում ապրող թուրքերից է եղել և պանրագործությունը սովորել է հայերից: Քանի որ մեր զրուցակիցը իդեալական գույներով ներկայացրեց թուրքական կառավարությանը, ասաց, որ հարկային վարչարարությունը Թուրքիայում շատ հեշտ է՝ կարևորը գումար ունենաս, որոշում կայացնես, ու ազնիվ մարդ լինես՝ այսպիսով խնդիրներ չես ունենա, մենք նրան նաև հարցրինք` իսկ եթե գործարարն ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի ու դա ի ցույց է դնում, այդ դեպքո՞ւմ էլ թուրքական իշխանություններն այդպես մեծահոգաբար են վարվում. «Այդ դեպքում էլ քեզ չեն հալածի, ընդհակառակն՝ այնքան կօգնեն ու լավ վերաբերմունք ցույց կտան, որ չես էլ զգա, թե ինչպես ես փոխում հայացքներդ ու մտնում իրենց շարքերը»:

Մանրամասները տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031