Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները Սմբատ Կարախանյանին հավաքագրեցի՞ն

Դեկտեմբեր 14,2011 22:21

Սմբատ Կարախանյան

«Առավոտի» քաջատեղյակ աղբյուրների մատուցմամբ, Մոսկվայում գործող «Միաբանություն»  հայկական ազգային  ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը, որը հայաստանյան հանրությանը, թերեւս, ծանոթ է  համացանցի իր բլոգում հրապարակած ու նաեւ ռուսական ու հայկական մի քանի ԶԼՄ-ներում տարածված՝  ՀՀ իշխանական վերնախավի ներկայացուցիչների ունեցվածքի մասին իր սկանդալային եւ նույնաբովանդակ բացահայտումներով, սկսել է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ:

Մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, Մոսկվայում նա հայտնվել  ու ակտիվորեն ներգրավվել է երկու հայտնի հայ գործարարների շրջապատում, որոնք համարվում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցները: Խոսքը Կամո Ավագումյանի եւ Գեննադի Ստեփանյանի մասին է՝ երկուսն էլ ծագումով Լեռնային Ղարաբաղից:

Հիշեցնենք, որ Կամո Ավագումյանը, որն այսօր էլ զբաղեցնում է ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնականի եւ ԱՊՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի պաշտոնը, Մոսկվայում բավականին հաջող բիզնես ունի: Նա ՌԴ-ում «Ավիլոն» ընկերության սեփականատերն է եւ «Մերսեդես-Բենս» ընկերության ներկայացուցիչը, որը զբաղվում է Արեւելյան Եվրոպայում «Մերսեդեսների» վաճառքով, այդ թվում եւ հիմնականում՝ ՌԴ պետական գերատեսչություններին՝ ՆԳՆ, ԱԴԾ եւ այլն: Ինչ վերաբերում է Գեննադի Ստեփանյանին, ապա նա Ռոբերտ Քոչարյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի, Մոսկվայում հայտնի «Երեւան-Պլազա» առեւտրա-ժամանցային համալիրի համասեփականատերն է եւ «Ստինկոմ գրուպի» տնօրենը:

Մեր աղբյուրները փաստում են, որ  ՀՀ գլխավոր դատախազությունում որոշ ժամանակ առաջ մտադիր են եղել Սմբատ Կարախանյանին ձերբակալել, թե իր հրապարակումների՞ կամ ա՞յլ առիթով, դժվար է ասել: Այս ծրագիրը, սակայն, կյանքի չի կոչվել, որովհետեւ, մեր տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազի օգնական «Մերսեդեսի Կամոն» հանձն է առել Կարախանյանին  զսպելու եւ հավաքագրելու այլընտրանքային տարբերակի իրականացումը եւ, թերեւս, հաջողացրել է դա անել:

«Առավոտը» դեռ երեքշաբթի օրվանից ի վեր փորձում է կապ հաստատել Սմբատ Կարախանյանի հետ՝ այս տեղեկությունների առնչությամբ մեկնաբանություն կամ պարզաբանում ստանալու ակնկալիքով, բայց ապարդյուն՝ թեեւ նա հաղորդագրությունների տեսքով տեղեկացված էր մեր զանգերի շարժառիթի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031