Հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Թեյլորի թանկարժեք զարդերի հավաքածուն այսօր վաճառվեց Քրիսթիի աճուրդում՝ 116 մլն դոլարով: Ենթադրվում էր, որ 80 թանկարժեք իրերը կվաճառվեն 20 մլն դոլարով, սակայն արդյունքը գերազանցեց բոլոր սպասումները: Այս մասին տեղեկանում ենք BBC.Russian-ից:
Բոլորի ուշադրության կենտրոնում էր La Peregrina (իսպ.ուխտագնաց կամ թափառող) անունով հանրահայտ մարգարիտը, որը հայտնաբերվել է դեռ 16-րդ դարում եւ դարեր շարունակ պատկանել եվրոպական թագավորական ընտանիքներին: Մարգարիտը, որը հանդիսանում էր Cartier ֆիրմայի ադամանդե վզնոցի «մեխը», գնահատվում էր 3 մլն դոլար, սակայն վաճառվեց 11 մլն դոլարով: Նկատենք, որ այդ մարգարիտը պատկերվել է արվեստի տարբեր գործերում, այդ թվում՝ Վելասկեսի նկարներից մեկում: Տարբեր ժամանակներում La Peregrina-ն պատկանել է Հենրիխ 8-րդ թագավորի դստերը՝ Անգլիայի թագուհի եւ Իսպանիայի Ֆիլիպ թագավորի կին Մարիա Թյուդորին, իսկ նրանից հետո՝ իսպանական թագուհիներ Մարգարիտային եւ Իզաբելային:
Էլիզաբեթ Թեյլորի ամուսինը՝ հայտնի դերասան Ռիչարդ Բարթոնը այդ մարգարիտը գնեց 1969 թվականին՝ ընդամենը 37 հազար դոլարով:
Բարթոնը շատ շռայլ էր իր կնոջ հանդեպ, որի հետ ամուսնացել է երկու անգամ: Նրա մեկ այլ նվերը՝ Էլիզաբեթ Թեյլորին՝ 40-ամյակի կապակցությամբ ընծայված Թաջ-Մահալ անունով ալմաստը, Քրիստիի աճուրդում վաճառվեց 8,8 մլն դոլարով:
Կարդացեք նաև
Թեյլորի գանձերից մեկ այլ նմուշ՝ ադամանդներով եւ սապֆիրով մատանին, որը նրան էր նվիրել Մայքլ Ջեքսոնը, այսօրվա աճուրդում վաճառվեց 600 հազար դոլարով:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ աճուրդից գոյացած գումարի մի մասը տրամադրվելու է Էլիզաբեթ Թեյլորի հիմնած Elizabeth Taylor Aids բարեգործական հիմնադրամին, իսկ թե ինչ կլինի մնացած` հիմնական մասը, այս մասին պատմությունը լռում է: