Մեկ ժամ առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին ոստիկանությունից բաց են թողել: Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 14-ին, «ԷկոԼուր»-ն ահազանգ էր ստացել, որ ժամը 14:30-15:00-ի սահմաններում երկու ոստիկաններ մտել են Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն եւ նրան հրավիրել Քաջարանի միլպետի մոտ: Գյուղապետի մի քանի ժամ բացակայությունից հետո գյուղացիները պարզել են, որ Աթայանին տարել են Կապանի ոստիկանություն: 17:30-ի դրությամբ Քաջարան գյուղի բնակիչներ գտնվում էին Կապանի ոստիկանության շենքի մոտ: Նրանք մտավախություն ունեն, որ սա ճնշման մի ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայնագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը եւ հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ