Ամենաուրախ տոնը՝ Ամանորը, տարբեր երկրներում տարբեր կերպ է նշվում: Յուրաքանչյուրն ունենալով իրեն առանձնահատուկ սովորույթ, այդ օրը տարբերվում ու առանձնանում է մյուսներից: Ասել, թե որ երկրում է առավել հետաքրքիր նշվում Ամանորը, սխալ կլինի, որովհետեւ ամեն տեղ, անկախ նշելու ձեւից, Ամանորը տոնվում է, եւ բոլորի սպասելիքները գալիք տարվա հետ նույնն են:
Ամանորը Պանամայում. այստեղ բնակիչներն աշխատում են ինչքան հնարավոր է շատ աղմկել, միացնում են մեքենաների ազդանշանները, բարձր սուլում, բղավում: Ըստ նրանց սովորույթի՝ բարձր աղմուկ-աղաղակը խիստ կարեւոր ու անհրաժեշտ է եկող տարվան «սիրաշահելու» համար:
Ռոմանտիկ բուլղարացիները Ամանորի առաջին րոպեները դիմավորում են մթության մեջ. հանգցնում են լույսերը, քանի որ նոր տարվա առաջին րոպեները համբույրների ժամանակն է:
Վենեսուելայի բնակիչները հավաքում են իրենց ճամպրուկներն ու դրանք դնում դռան մոտ: Ըստ վենեսուելացիների՝ այդպես դուրս են անում անհաջողությունները:
Կարդացեք նաև
Շոտլանդիայում Ամանորի գիշերը վառում են ձյութով լի տակառ ու այն գլորում փողոցով մեկ, այդպիսով՝ վառելով հին տարին ու հրավիրելով նոր տարուն:
Կուբացիներն ուղիղ կեսգիշերին պատուհաններից ջուր են լցնում փողոց, որ եկող տարին լինի ջրի պես պարզ եւ մաքուր:
Էկվադորում մեծ նշանակություն են տալիս ներքնազգեստին, ինչը շատ փող ու սեր է բերում. ինչքան գեղեցիկ ու թանկարժեք է լինում կեսգիշերին կրած ներքնազգեստը, այնքան ավելի լավ տարի է ակնկալվում: Այստեղ շատ ընդունված է նաեւ ամանորյա նվերների շարքում ներքնաշոր ներառելը:
Անգլիացիներն Ամանորը դիմավորում են հնդկահավով, շագանակներով, տապակած կարտոֆիլով, խաշած կաղամբով եւ անպայման պուդինգով լի սեղանի շուրջ:
Դանիացիներն էլ կեսգիշերին սեղանին դնում են բրնձե շիլա, որի միջից չամուսնացածները գտնելով ընկույզի կամ նուշի հատիկ, ըստ ավանդույթի՝ անպայման ամուսնանում են:
Գերմանիայում՝ հավաքվելով տոնական սեղանի շուրջ, միմյանց նվերներ են անում եւ ճաշակում իրենց՝ «der Lebekuchen» կոչվող քաղցրաբլիթը:
Հնդկաստանի բնակիչները Ամանորին զարդարվում են վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով:
Հայաստանցիների սովորության համաձայն՝ Ամանորը նշվում է պարտադիր խոզի ազդրով, հնդկահավով, մսեղենով, քաղցրեղենով ու որքան հնարավոր է շատ ուտելիքով ու խմիչքներով գերբեռնված սեղանի շուրջ: