«Ո՞ւմ է պետք սերը, եթե սիրում ես սեփական ինքնասիրությանդ հաշվին»,- վերջապես հասկացել է մեր պատմության հերոսուհին` Մարին (Մարիին մեր ընթերցողը գիտի «Աղի բլիթ ուտելն էլ մի բան չի» նյութից):
«Առավոտ երիտասարդական»-ի «Աղի բլիթ ուտելն էլ մի բան չի» նյութի հերոսների պատմության ոդիսականը դեռ շարունակվում էր, Մարին հույսեր էր փայփայում, որ ամեն բան լավ է լինելու, չէ՞ որ Տիգրանն իր երազն էր: Ամենաչնչին ուշադրությունն իսկ նրա սրտում նոր հույսեր էր արթնացնում, կարծում էր, թե ամեն բան դեռ կարող է կարգավորվել:
«Ընդամենը մի երկու շաբաթ առաջ կարծում էի, թե ընկերուհի ունի, բայց հետո իմացա, որ նման բան չկա: Գուցե և վատ է, բայց ես դրանից չափազանց ուրախացա: Մի տեսակ նախանձ էի նկատում մեջս. բոլոր նրանց, ովքեր մտերիմ էին Տիգրանի հետ, նախանձում էի, խանդում: Հիմա մի տեսակ դատարկություն կա մեջս, վիրավորանքից խեղդվում եմ»,- ասում է Մարին:
Նա ամեն ինչի պատրաստ էր հանուն Տիգրանի: Ամեն րոպե միայն նրա մասին էր մտածում, ցանկացած զորամասի կողքով անցնելիս լարում էր տեսողոթույունը. Մի գուցե հենց այդտեղ էր Տիգրանը: «Հիմա չգիտեմ՝ ինչպե՞ս է լինելու, ինչպիսի՞ն կլինի իմ վերաբերմունքը, երբ տեսնեմ երբեմնի ընկերոջս: Ես այլևս չեմ կարող սիրել` ոտնահարելով իմ ինքնասիրությունը»:
Մարին վերջերս սոցցանցերից մեկով ընկերանալու առաջարկ էր ուղարկել Տիգրանին, վերջինս ընդունել էր առաջարկը: Հաղորդակցվել էին որոշ ժամանակ: Շուրջ երկու շաբաթ էր, ինչ Տիգրանին չէր տեսնում ցանցում: Մտածել էր, թե տարբեր ժամերի են առցանց լինում: Բայց վերջերս նկատել էր, որ Տիգրանն այլևս չկա իր ընկերների ցանկում: «Կարծեցի, թե ես ուշադիր չեմ նայել, չեմ նկատել: Եվս մեկ անգամ ուշադիր փնտրեցի: Հետո որոշեցի «խորամանկել». փնտրեցի նրա անունը: Անվան կողքին կար «ընկերանալու հայտ ուղարկել» տողը. նա ինձ ջնջել էր… Այդ պահին «անջատվել» էի: Հիմա ավելի սթափ եմ նայում այդ ամենին, այսպես, թերևս, ճիշտ է»,- ժպտում է Մարին:
Հայտնի ասացվածք է` «Սերը կույր է», երբեք չես կարող իմանալ, թե ում կսիրի սիրտդ, ինչ կթելադրի բանականությունդ: Մարին հիմա և´ հիասթափված է, և´ վիրավորված: Թվում է, թե այլևս ոչ մեկի չի սիրի, ոչ մեկին չի հաջողվի իրեն «ստիպել» սիրել: Չարություն ու ցավ է զգում, և խիստ բացասական է արտահայտվում սիրո մասին. «Սերը կույր չի, սերը անուղեղ ա… Միշտ վրդովվել եմ, երբ ասել են, թե սեր չկա, թե կարևոր չէ սիրելը, բայց հիմա ինձ բացարձակ մեկ է, սեր կա, թե` ոչ, կսիրեմ, թե` ոչ…Կարևորը, որ ինձ սիրեն…»
Հ.Գ. Հիշեցնենք, որ ինչպես նախորդած նյութում, այնպես էլ այս նյությում մեր հերոսուհին հանդես է եկել այլ անվամբ:
Սիրո գոյությանը հավատացող և դրան սպասող՝ Հռիփսիմե Գալստյան