Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոտարի 9 թեկնածուների համար բացատրության կարիք կա՞

Դեկտեմբեր 14,2011 18:20

Արդարադատության նախարարն ասում էր՝ պատրաստ է, եթե հարցեր ծագեն

Նոյեմբերի 13-ին ամփոփվել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննությունների գործնական խնդիրների լուծման փուլի արդյունքները: Համաձայն դեկտեմբերի 11-ին նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննությունների՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի գլխավորած հանձնաժողովի արձանագրության, գործնական խնդիրների լուծման փուլին մասնակցել են 20 դիմորդ, որի արդյունքում դիմորդները հավաքել են հետեւյալ միավորները. Վանինե Հովսեփյան՝ 87,55 միավոր, Վահագն Գրիգորյան՝ 87,25 միավոր, Մերի Ղազարյան՝ 87,2 միավոր, Ջեմմա Գաբրիելյան՝ 87 միավոր, Արմեն Գրիգորյան՝ 86,25 միավոր, Առնո Առաքելյան՝ 86 միավոր, Հայկուհի Հարությունյան՝ 86 միավոր, Քրիստինե Արսենյան՝ 86 միավոր, Իռեն Սարգսյան՝ 86 միավոր, Էմիլյա Նազարյան՝ 85,25 միավոր, Աննա Թովմասյան՝ 85,2 միավոր, Յուրա Եղիազարյան՝ 85 միավոր: Ահավասիկ այս մարդիկ են, ովքեր, հավաքելով ավելի քան 80 միավոր, ինչպես որակավորման կարգն է պահանջում, ըստ հանձնաժողովի, հաղթահարել են առաջադրված քննությունը: Նոտարի մյուս 8 թեկնածուները՝ Վահե Մովսիսյան, Լինա Հովսեփյան, Արգամ Խաչատրյան, Արփինե Եղիկյան, Վահագն Փիլիպոսյան, Արթուր Դավթյան, Զարուհի Հարությունյան եւ Մանուշ Կիրակոսյան, ստացել են 80-ից պակաս՝ 68-19,5 միավորներ: Արձանագրության մեջ շեշտված է, թե «գործնական խնդիրների լուծման փուլի արդյունքները հրապարակելուց եւ դիմորդների կողմից ստանալուց հետո դիմորդները իրավունք ունեն մեկօրյա ժամկետում բողոքարկել քննության արդյունքները»:

Հիմա անդրադառնանք նրանց, ովքեր հաղթահարել են քննությունները: Հիշեցնենք, որ ընդամենը նախօրեին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե՝ ինչպե՞ս է ստացվում, որ նոտարի որակավորման քննություններում, որպես կանոն, հաղթում են բացառապես պաշտոնյաների եւ կամ ազդեցիկ մարդկանց հարազատները, արդար լինելու համար խորհուրդ էր տվել վերցնել եւ հրապարակել նաեւ այն մարդկանց անունները, որոնք այդ քննությունները չեն անցել, եւ համադրել «անցածների» ու «չանցածների» ցանկը: «Խոստանում եմ՝ եթե չանցածների ցուցակում դուք ավելի բարձր պաշտոնատար անձանց հարս, կին, աղջիկ հանկարծ չգտնեք՝ ես պատրաստ եմ պատասխան տալ»:

Օգտվելով նախարարի խորհրդից՝ հրապարակում ենք որակավորման քննությունը հաղթահարած 12-ից 9-ի վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունները: Դրանցից միայն 3-ի վերաբերյալ էր, որ նոտարների համքարությունը տեղյակ չէր: Այսպես, քննությունները բարեհաջող անցածներից ամենաբարձր միավոր ստացածը Վանինե Հովսեփյանն է: Նա Կոտայքի նոտար Ռիմա Մխիթարյանի դուստրն է: Մերի Ղազարյանը Արաբկիրի դատարանի աշխատակազմի ղեկավարի աղջիկն է: Նա նախկինում, ըստ մեր աղբյուրների, երեք անգամ մասնակցել ու որակավորման քննությունը չէր հաղթահարել: Ջեմմա Գաբրիելյանը ՀՀ նախկին ոստիկանապետ, իսկ այսօր ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի: Նա նաեւ Արարատի անձնագրային բաժնի պետի կինն է: Նա էլ էր նախկինում իր ուժերը փորձել, բայց որակավորման փուլն այդպես էլ չէր անցել: Քննությունն անցածների թվում է նաեւ Արմեն Գրիգորյանը՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նոտար Սուրիկ Գրիգորյանի տղան: «Անցածների» թվում է նաեւ ԱԱԾ պետի տեղակալ Գրիգոր Հարությունյանի աղջիկը՝ Հայկուհի Հարությունյանը, նաեւ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի դուստրը՝ Քրիստինե Արսենյանը: ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, իսկ այսօր նախարարի խորհրդական Կոլյա Առուստամյանի կինը՝ Էմիլյա Նազարյանը, եւս քննությունն անցածների թվում է: Աննա Թովմասյանը ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախկին դատավոր, իսկ այսօր փաստաբանական գործունեությամբ զբաղվող Ռազմիկ Թովմասյանի դուստրն է:

Ինչ վերաբերում է «չանցածներին», ապա նրանց թվում մեկը հիշյալ հանձնաժողովի նախկին անդամ Փիլիպոսյանի ազգականն է, մյուսը վանաձորցի գործարարի աղջիկ է, երրորդը՝ Չարենցի դպրոցի տնօրենի, չորրորդը՝ հանձնաժողովի անդամ նոտարներից մեկի եղբոր աղջիկը, ու հինգերորդը Սեւանի ԶԱԳՍԻ-ի վարիչն է: «Անցածների» թվում նախարարության աշխատակիցները չէին մտաբերում միայն Վահագն Գրիգորյանի, Առնո Առաքելյանի ու Իռեն Սարգսյանի անունները, իսկ «չանցածներից» մնացած չորսինը:

Հիմա՝ արդյոք արդարադատության նախարարը բացատրություն պիտի՞ տա նոտարների որակավորման քննությունը հաղթահարածների համար, թե՞ ոչ՝ մնում է հասարակության դատին:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031