Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը գյումրեցի ուսանողներին. «Դժգոհ եք իշխանությունների՞ց, պայքարեք իշխանության դեմ, բայց սպառողի դերում հանդես մի եկեք»

Դեկտեմբեր 14,2011 16:54

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջեց Գյումրիի բոլոր պետական բուհերով ու հետաքրքիր երկխոսության մեջ մտավ ուսանողների հետ: Մտնելով ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ ու տեսնելով բուհի բարելավված պայմանները` Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց. «Տեսնում եմ, որ ամեն ինչ լավ է , ուսանողների պակաս չունեք, բայց չասենք ամեն ինչ լավ է, ըմբոշխնենք ու տեղում ննջենք»: Չննջելու խորհուրդ տվեց նաեւ ուսանողներին:

Ըստ նախարարի, իր գերատեսչությունն ամեն ինչ անում է ուսանողների իրավունքները պաշտպանելու համար, մասնավորապես հնարավորություն է տալիս բողոքարկել ավարտական կարգը, 4-րդ կուրսում հանձնել 2-րդ կուրսում կուտակված պարտքը, որն, ըստ նախարարի, սթրեսի մեջ չի պահի ուսանողին ու կբացառի ծանոթ-բարեկամ մեջ գցելու սովորույթը:Սակայն, պարոն Աշոտյանի ձեւակերպմամբ, եթե ուսանողը պահանջատեր չէ, «անպարտաճանաչ է ու թեթեւսոլիկ», ապա նախարարությունը նրան երբեք նեցուկ ու հենարան չի լինի:

Նախարարը նաեւ իր պարտքը համարեց նախազգուշացնել. «Եթե գործատուն ձեր նկատմամբ պահանջատեր չէ, ուրեմն ձեր ստացածը դառնում է թուղթ»:

Այնուհետեւ ինքնատիպ մի զրույց տեղի ունեցավ ուսանողներից մեկի ու նախարարի միջեւ: Ուսանողը պարոն Աշոտյանին խնդրում էր աշխատանքային շուկա մտնելու մի ելք փնտրել, այլապես երկրից մտավորականների, այդ թվում նաեւ լավ ուսանողների արտահոսք է կատարվում: «Արտահոսք եղել է եւ միջնադարում, եւ հին ժամանակներում: Այսօր գլոբալիզացման դարաշրջանում ուսանողը պիտի հատի ցանկացած սահման: Եթե այդքան մտածում եք երկրի մասին, մի գնացեք: Դժգոհ եք իշխանությունների՞ց, պայքարեք իշխանության դեմ, դժգոհ եք տնտեսությունի՞ց, պայքարեք տնտեսության դեմ, բայց սպառողի դերում հանդես մի եկեք, մի քիչ էլ դուք ստեղծող դարձեք, ո՞վ պիտի պայքարի ձեր փոխարեն: Ես էլ ուսանողական աթոռից նախարարական պորտֆելի հասել եմ ոչ վաղ ժամանակում, եւ հիշում եմ, երբ առաջարկ կար 3 տարով Ֆրանսիա գնալու, բժշկական ինստիտուտի ռեկտորատն ինձ թույլ չտվեց արտահանվել, դուք էլ մի արտահանվեք»:

Մեր հարցազրույցը նախարարի հետ ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031