Այսօր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ն հրապարակեց իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիայի 2011-ի տարեկան զեկույցը: Հաշվի առնելով, որ այդ զեկույցում որեւէ տող չկար Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի «քաջագործություններից», Aravot.am-ը հ/կ-ի նախագահ Արման Դանիելյանից հետաքրքրվեց` հույս կա՞, որ գոնե առաջիկա զեկույցներում նաեւ նրա միջադեպերի մասին անդրադարձ կլինի, ինչին նա պատասխանեց. «Այս զեկույցը իրավապաշտպանների մասին էր, իսկ Լիսկայի դեպքում գործարար կնոջ իրավունքների խնդիր էր: Ուշագրավ է, որ երբ Հրանտ Խաչատրյանն էր նույն բանն արել Հայկ Բաբուխանյանի հետ, նրան կարծեմ մի քանի հարյուր հազարով տուգանեցին, իսկ երբ Սյունիքի մարզպետն է դա անում` համարում են, որ դա հայրական ապտակ է»:
Հ/կ-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանում, Վրաստանում հիմնականում պատժի կիրառելիության անհավասարության խնդիր կա. «Վերջերս մեզ հետաքրքրող գործերից, երբ վիճել էր քահանան ու Եհովայի վկան, համարյա նույն պատկերն է, վկային 6 ամսով նստեցնելու վճիռ կայացրեցին, երբ չէր էլ ծեծել նույնիսկ: Դատարանի վճռի ու վերաբերմունքի մեջ է սխալը: Խնդիրն այն է, որ տեր Եսային կարող է համարել, որ Եհովայի վկաները մեր երկրի չարիքն են եւ նրանց պետք է վտարել ոչ միայն եկեղեցու բակից, այլ ամբողջ երկրից, բայց միեւնույն ժամանակ ըստ էության 2 տեսակի խախտում կա, որ նա գուցե Եհովայի վկա է` դրա համար է նրան ավելի խիստ վերաբերվում դատարանը եւ երկրորդ խախտումը` որ պատիժը հավասար չէ, երբ համեմատում ես մյուս դեպքերի հետ: Մի դեպքում դատում են, մյուս դեպքում` քրեական գործ էլ չհարուցե՞ն, երբ պետք է ճիշտ հակառակը լիներ` պետական պաշտոնյայի նկատմամբ պետք է ավելի խիստ պատժամիջոց կիրառվեր»:
Արման Դանիելյանը տեղեկացրեց, որ Եհովայի վկայի նկատմամբ կիրառած հոդվածը լրիվ «աբսուրդ» է եւ կիրառման ոչ ենթակա, ուստի իրենք պատրաստվում են այդ առնչությամբ նյութ պատրաստել դատարանի համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև