Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏԱԿ-ի ստեղծած նոր համակարգով ծնողները կազատվեն թղթային աժիոտաժից (տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2011 16:07

Անցյալ տարեվերջին ԿԳ նախարարությունը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ) առաջարկել էր մշակել «Աշակերտների հաշվառման տեղեկատվական համակարգ»: Վերջինս արդեն պատրաստ է եւ շնորհանդեսը կայացավ այսօր: Համակարգի լիարժեք ներդրումից հետո թղթային աժիոտաժը դպրոցներում կվերանա, աշակերտների դպրոցից տեղափոխումը կամ ընդունումը թափանցիկ կդառնա ու կպակասեն կոռուպցիոն ռիսկերը:

Ըստ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի, համակարգը կբացառի աշակերտների թվով ֆինանսավորող դպրոցների տնօրեններին ինչ-ինչ քայլերի դիմելը կամ նույն աշակերտին միաժամանակ գրանցելը երկու կրթօջախներում: Շնորհանդեսին ներկա տնօրենները  հետաքրքրվում էին, թե ինչ սողանցքներ կան էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում, օրինակ հնարավո՞ր է՝ նույն անուն-ազգանունով եւ ծննդյան վկայականով երեխային միաժամանակ գրանցել ՀՀ երկու դպրոցներում: Համակարգի պատասխանատուներից Գագիկ Բադունցը շեշտեց, որ նման բան համակարգը թույլ չի տա՝ երեխայի տվյալները պահպանվում են համապատասխան բազայում եւ երկրորդ անգամ նույնը հնարավոր չէ ներդնել:

Մեկ ուրիշ դպրոցի տնօրենի հետաքրքրում էր՝ կարո՞ղ է տնօրենը միտումնավոր երեխայի ծննդյան վկայականի համարի մեջ մեկ թիվ փոխել ու նույն երեխային երկու անգամ գրանցել: ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը այս «մասով» Aravot.am-ին պարզաբանեց, որ ադմինիստրատորը անմիջապես կտեսնի նման ռիսկային գոտում գտնող երեխաներին. «Եթե հետագայում պարզվի, որ ամեն ինչ նույնն է եւ ընդամենը մեկ թվի տարբերություն կա նույն անուն-ազգանուն-հայրանունով աշակերտի ծննդյան վկայականում, ապա բնականաբար ԿԳ նախարարությունը կսկսի իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ : Ի դեպ, միտումնավոր արված նման քայլը՝ պետությունից հավելյալ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, քրեական պատասխանատվություն է ենթադրում, որովհետեւ դա նշանակում է կեղծել տվյալ աշակերտի տվյալները եւ պետությանը վնաս հասցնել»:

 Համակարգի ներդրմամբ, երեխայի տեղափոխումը դառնում է վերահսկելի, ու ԿԳ նախարարությունը ցանկացած պահի կարող է իմանալ, թե հանրապետությունում դպրոցից դպրոց տեղափոխված երեխաների թիվը որքան է: Պողոսյանի ասելով, եթե համակարգն ավելի շուտ լիներ՝ կբացառվեր էքստեռնիկների հայտնի պատմությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031