Սյունիքի մարզի 4 օբյեկտներում իրականացրած ստուգումների արդյունքում պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի կողմից արձանագրվել են խախտումներ: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ստուգումներ են իրականացվել Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում, Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում, Սիսիանում գործող քարամշակման ձեռնարկությունում` «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ում եւ Քաջարանի կոմունալ տնտեսությունում:
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանի տեղեկատվությամբ`ստուգված բոլոր կառույցներում էլ արձանագրվել են սանիտարական կանոնների եւ նորմերի խախտումներ` այդ թվում նաեւ վտանգ ներկայացնող խախտումներ, որոնց հիման վրա վարչական տույժեր են նշանակվել տնօրենների նկատմամբ: «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում 40 հազար դրամ տուգանք նշանակվեց, քանի որ այնտեղ սպորտդահլիճը վերանորոգված չէր եւ չէր համապատասխանում անհրաժեշտ նորմերին: Կապանի թիվ 5 դպրոցում արձանագրել ենք, որ դասացուցակները ճիշտ չեն կազմվել եւ 50 հազար դրամի վարչական տույժ է կիրառվել տնօրենի նկատմամբ: «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ–ում առողջապահական բնույթի խախտումներ են հայտնաբերվել՝ աշխատողները բժշկական քննության չէին ենթարկվել, 80 հազար դրամ տուգանք կիրառվեց պատասխանատուի հանդեպ: Նույնքան վարչական տույժ կազմվեց Քաջարանի կոմունալ տնտեսությունում, որտեղ ջրագրաֆիկը ճիշտ չէր կազմվել եւ ջրի նմուշներում նորմայից շեղումներ են հայտնաբերվել»,- «Առավոտին» փոխանցեց տիկին Մալինցյանը:
Ընթացիկ տարում ստուգումներ են իրականացվել նաեւ 70 միլիոն դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող 7-8 օբյեկտներում` գազալցակայաններում, բենզալցակայաններում եւ այլն: Մեծ մասամբ խախտումներ են հայտնաբերվել եւ վարչական տույժեր կիրառվել` ընդհանուր 550-600 հազար դրամի:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ