1996 թվականին, երբ ձեւավորվեցին ՀՀ մարզերը, այդ թվում եւ Լոռին, ոչ միայն անունները փոխվեցին, այլեւ մի շարք նոր համայնքներ ձեւավորվեցին: Վանաձորին միացան Ղշլաղ ու Վարդանլու գյուղերը, Շամլուղին` Բենդիկը, Ալավերդուց առանձնացավ Նեղոց թաղամասը, Դսեղից` Չկալովը: Արդյունքում Լոռիում 113 համայնք ձեւավորվեց, սակայն միայն 6 քաղաքները ունեն գլխավոր հատակագիծ:
Լոռու մարզպետարանը տարածքային կառավարման նախարարությունից հանձնարարական է ստացել` 2015 թվականին բոլոր համայնքները պետք է ունենան գլխավոր հատակագիծ: Ըստ մարզպետարանի, 500-1000 բնակիչ ունեցող համայնքի հատակագիծը մշակել-կազմելու համար 6 միլիոն դրամ է անհրաժեշտ: Մարզպետարանում հույս ունեն, որ համայնքները իրենց բյուջեներից որոշակի գումար կտան այս նպատակին, ծախսերի մի մասն էլ պետությունը կվերցնի իր վրա:
Համայնքապետերը մտահոգված են, քանի որ համայնքի բյուջեի հնարավորությունները սուղ են: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջարկում է հողերի կարգավիճակի փոփոխությունից շահույթ ստացող համայնքները այս տարվանից գումար հատկացնեն քարտեզագրման աշխատանքների համար: «Թեղուտ եւ Շնող համայնքները 300 միլիոն դրամից ավել շահույթներ են ստացել, 10-15 միլիոն դրամը դժվար չէր օգտագործել հատակագիծ ունենալու վրա»,- նկատում է մարզպետը:
Ըստ մարզպետի, գործընթացը երկկողմանի շահավետ է, քանի որ քարտեզագրումը հնարավորություն կտա հողային կատեգորիաների փոփոխություն ունենալ, հանքարդյունաբերական տարածքների համար նոր արտոնագրեր կտրվեն, հողային կատեգորիաների փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական հոսքեր կբերեն: Նաեւ սեփական եկամուտների հավաքագրման հարցն էլ կհեշտանա:
Կարդացեք նաև
Նելլի ԴԱՎԹՅԱՆ