Այսօր ՄԱԱ-ում ԱԺ խմբակցությունների եւ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ամփոփեցին քաղաքական տարին:
ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի կարծիքով, ընդդիմություն-իշխանություն երկխոսության իրական քաղաքական նպատակը հասարակության համար այդպես էլ անորոշ մնաց եւ, ըստ նրա, այդ երկխոսությունը հավանաբար կողմերից յուրաքանչյուրի համար նախընտրական իմիջի բարձրացում էր հետապնդում:
Քաղաքագետի խոսքով, արտաքին քաղաքական դաշտում ձեռքբերումներն ավելի հաստատուն էին, Հայաստանն ամուր հիմքեր ունի եւ Ադրբեջանի քարոզչության՝ Հայաստանին որպես ագրեսոր պետություն ներկայացնելը փոշիանում է հայկական կողմի այցելությունների, հանդիպումների, բանակցությունների հետեւանքով :
Կարդացեք նաև
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը քաղաքական առումով ներքին կյանքը բնութագրեց ակտիվ եւ կայուն. «Այս տարին քաղաքական ուժերի համար իրենց ուժերը չափելու ժամանակաշրջան էր: Մեր քաղաքական մշակույթի մեջ նոր ոճ էր, երբ որ հակառակ տեսակետներ ունեցող քաղաքական ուժերը փորձեցին իրենց տեսակետները մոտեցնել, համաձայնեցնել կլոր սեղանի շուրջ: Սա, իհարկե, ողջունելի է, բայց մեզ համար անհասկանալի էր երկխոսությունը ավարտին չհասցնելու պատճառները»:
Նոր Ընտրական օրենսգիրքը, ըստ Հանրապետական պատգամավորի, իրավական հիմքը տալիս է, որ բոլոր քաղաքական ուժերը, մասնակցելով ընտրական գործընթացին՝ կարողանան կազմակերպել այն:
Արտաքին քաղաքական ոլորտում Հ. Սահակյանը կարծում է, որ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների մասով տարված քաղաքականությունը ճիշտ էր եւ արդարացի:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ