Երկար մտմտալուց հետո այնուամենայնիվ որոշեցի անդրադառնալ իմ բարեկամ Մարգարիտա Եսայանի բլոգում հրապարակված «Ինչպես տեսա Լեւոն Տեր-Պետրոսյանին» նյութին:
Ես էլ, Մարգարիտայի պես, առաջին նախագահի մտերիմների շարքերում չեմ եղել: Ճիշտ Մարգարիտայի պես, այն տարիներին, երբ իշխանության էին առաջինները, ես մեր ցուրտ ու մութ տանը փայտի վառարանի մոտ երեխայիս էի մեծացնում: Փայտ չկար, որովհետեւ գնելու համար բավականաչափ գումար չունեի: Փոխարենը երկու մեծ պարկ ունեի: Ամեն օր, երեկոյան կողմ, տուն գալիս, վերցնում էի այդ պարկերը եւ իջնում դեպի 3-րդ գյուղ տանող ճանապարհի տակ ընկած, 17 թաղամասին հարակից տարածքը, ուր տարիներ շարունակ երեւանցիները շինարարական աղբն են թափել ու այնտեղից փայտի կտորներ էի հավաքում: Քանի որ որդիս ծնվել էր ոչ Հայաստանում, ինչպես նաեւ կինս հայաստանցի չէր ու որեւէ պոլիկլինիկայում, սոցիալական տարաբնույթ բաժիններում ու գործկոմներում հաշվառված չէինք, բոլորին տրվող նավթը եւ սեւ ու սպիտակ կովիկի նկարով կաթի փոշի պարունակող տուփը, որ ստանում էր Մարգարիտան, մեզ չէր հասնում: Միայն հացի կտրոն էինք ստանում: Փայտ հայթայթելուն զուգահեռ՝ շարունակում էի ակտիվորեն զբաղվել հասարակական գործունեությամբ: Պատերազմ էր, շրջափակում էր, զոհեր, գերիներ, գազատարի պայթյուններ, մի խոսքով, խառն ու ծանր վիճակ: Պատերազմում ու եռում էր ողջ Կովկասը եւ այդ եռման պրոցեսին ես ամենաանմիջական մասնակցությունն էի ունենում:
ՀՀՇ-ն ինձ հենց սկզբից չսիրեց: Այպես էլ չիմացա, թե ինչու: 1988-90թթ. շատ ակտիվ էի, շփվում էի Ղարաբաղ կոմիտեի անդամների, իսկ հետո` ՀՀՇ լիդերների հետ: Թվում էր խնդիրներ պետք է չլինեն: Պարզվեց` կան: Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ ես պատգամավորության թեկնածու էի: Ընդ որում՝ ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալներից վեց մարդու թեկնածություն, այդ թվում եւ իմ, հենց ՀՀՇ-ն էր առաջադրել: Ինձ առաջադրել էին Երեւանի Շահումյանի շրջանում, իսկ իմ հակառակորդը նույն շրջանի գործադիր կոմիտեի նախագահն էր: Ես հաղթեցի, բայց քվորումի բացակայության պատճառով երկրորդ փուլ հայտարարվեց: Հենց նոր էր, որ հաղթել էի կոմունիստներին ու ինձ անպարտելի էի զգում, երբ երկրորդ փուլում անսպասելի իմ դեմ սկսեց պայքարել ՀՀՇ-ն, որպես մրցակից առաջադրելով իր վարչության հայտնի անդամներից մեկին: Վճռել էին ինձ ԳԽ չթողնել: Զարմացած էի: ՀՀՇ ներկայացուցիչը հաղթել չկարողացավ, փոխարենը բոլորովին այլ մարդ դարձավ պատգամավոր: Հետագայում նրանց այդ «չսերը» իմ գործունեության ողջ ընթացքում ինձ անընդհատ օգնում էր: Ոչնչով կաշկանդված չէի, ազատ էի եւ իմ գործողություններում, եւ իմ հրապարակային հայտարարություններում: Այդ հիմա է, որ թերթերից մեկն իր հայհոյախառն հոդվածներում ինձ ՀՀՇ սեփական իրավապաշտպան է անվանում: Այդ հոդվածների գոյության մասին, եթե իմ բարեկամ Աննա Իսրայելյանը չցանկանար, ես չէի էլ իմանա: Բայց Աննան նախանձելի ջանասիրությամբ դրանք պեղում ու ուղարկում է ինձ:
Ահա այդ ծանր օրերին էլ ինձ առաջարկվեց աշխատել այն ժամանակ հրատարակվող թերթերից մեկում: Որպես իրավապաշտպան ձրի վազվզում էի, որպես լրագրող` վճարվում: Հաջողությամբ համադրելով այս երկու գործերն ՝արդեն կարողանում էի ցախ գնել ու փայտի կտորներ հավաքելու համար նախատեսված երկու մեծ պարկերս նետեցի առնետներով լեցուն մեր աղբատարը: 95-ին Վանո Սիրադեղյանն ինձ հրավիրեց պետական աշխատանքի /չգիտեմ ինչու, գուցե ի հեճուկս ՀՀՇ-ի՞/ : Ուղիղ մեկ տարի ու ութ ամիս եղա պետական պաշտոնյա ու հասցրեցի հասկանալ, որ այն ինձ հակացուցված է:
Կարդացեք նաև
Այդ ողջ ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանին ոչ մի անգամ չհանդիպեցի: Բայց մշտապես հետեւելով նրա գործունեությանը, ինչ մեղքս թաքցնեմ, զգում էի, Մարգարիտայի տերմինով ասած, որ «մաստը չի բռնում»: Հեռվից-հեռու ճչացող մեծամտություն էի տեսնում, ինչը վանում էր: Այնքան, որ նույնիսկ լավ գործերն աչքիս չէին երեւում: Գումարած` ՀՀՇ վերաբերմունքն առ ինձ, ինչին առաջին անգամ եմ անդրադառնում: Այնքան էր վանող, որ անգամ 98-ի հրաժարականի մեջ մեծամտություն տեսա: Բայց «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածը չափազանց հավանել էի եւ, հիշում եմ, ափսոսում էի, որ այն Տեր-Պետրոսյանն է գրել:
Ամեն ինչ փոխվեց տարիներ անց, Մարգարիտայի նշած 2000-ին: Նույն Խանջյան 27-ում, ուր Մարգոն եկել էր ՀՀՇ կազմակերպած Անկախությանը նվիրված միջոցառումը լուսաբանելու, ես հրավիրված էի որպես հյուր: Առաջին անգամ էինք ես ու Տեր-Պետրոսյանը նույն դահլիճում գտնվում /88-90թթ. չհաշված/: «Շեֆը» շրջապատված էր յուրայինների հզոր պարիսպով, ինչը ճեղքելու ոչ մի ցանկություն ես չունեի: Պարիսպից այս կողմ կանգնած ձանձրանում էի, երբ ինձ նկատեց ինքը` Տեր-Պետրոսյանն ու քայլ արեց: Պարիսպը ճեղքվեց, քայլը նկատելով` արագ մոտեցա, խփեց բաժակիս, հարցրեց որպիսությունս եւ, որ ինձ հատկապես զարմացրեց ու ուրախացրեց` սկսեց հետաքրքրվել այդ շրջանում կալանավորված մարդկանցով, ում պաշտպանությամբ ես զբաղվում էի: Այս դեպքից հետո տարբեր առիթներով հանդիպել եմ նրան: Հանդիպումից հանդիպում ինձ համար պարզ էր դառնում, որ հեռվից երեւացող մեծամտությունը խաբուսիկ է, որ նա կարողանում է հարգել դիմացինին, որ նա մտավորական է բառիս ամենաիսկական իմաստով, որ պատասխանատու մարդ է, լավ զրուցակից է, ով սիրում է կարդալ եւ կարդացածի շուրջ զրուցել: Այդ հանդիպումների արդյունքում ես, իհարկե, «լեւոնական» չդարձա, բայց ճանաչեցի նրան ու հարգեցի: 2007թ. աշունն էլ ավելի խորացրեց հարգանքս: Նրա այդ շրջանի տարողունակ ելույթները առանձին խոսակցության նյութ են: Ես դրանց մեջ միայն քաղաքականություն ու նախընտրական պայքար չէ, որ տեսնում եմ: Իսկ 2008-ի փետրվարն ու հետոն ցույց տվեցին, որ նա մարդ է, ով ոչ միայն հայտարարում, այլ ցանկացած դեպքում հավատարիմ է մնում իր հայտարարած սկզբունքներին: Այդպես էլ նա հանուն իշխանության չգնաց բռնության հանգեցնող քայլերի: Կարծում եմ, քաղաքական գործիչներից Հայաստանում նա միակն է, ով 1996 թվից դասեր է քաղել: Նա իր թիկունքում ունենալով ժողովրդի հսկայական աջակցությունը, անգամ 2008-ի փետրվարի 26-ին երերացող իշխանությունը բռնությամբ վերցնելու կոչ չարեց: Միշտ էլ շեշտը դրեց ու դնում է խաղաղությամբ իշխանությունը փոխելու վրա: Չասաց` գնում եմ` կգաք իմ հետեւից: Ընդհակառակն` ասաց վերջինն եմ լքելու այս հրապարակը եւ վերջինն էլ լքեց:
Այսօր արդեն, ի տարբերություն Մարգարիտայի, Ազատության հրապարակում թեւերը աջ ու ձախ թափահարող առաջին նախագահին տեսնելիս ես ուրախանում եմ, որովհետեւ տեսնում եմ մարդու, ով մարդկանց մեջ երեք տարի անընդմեջ կարողացել է վառ պահել հաջողության նկատմամբ հավատր, որովհետեւ տեսնում եմ մարդու, ում հետ մարդիկ հույսեր են կապում եւ, որ շատ ավելի կարեւոր է, տեսնում եմ մարդու, ով ՉԻ ՎՀԱՏՎՈՒՄ:
Վարդան Հարությունյան