Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է փոխել սանրվածքը, կարճ շրջազգեստ հագնել». Բարձակրունկների փոխարեն

Դեկտեմբեր 14,2011 14:44

«Մի քանի օր առաջ մտա տուն, բարձրակրունկ կոշիկներս հանեցի ու նկատեցի, որ ամբողջ մաշկս կարմրել էր, ոտքերս լվացի, մի քանի ժամ հետո սկսեց անտանելի քոր ու ցավ, ու այդպես էլ չկարողացա քնել»,- պատմում է 15-ամյա Աստղիկը: Կոշիկի պատճառով միշտ վիճում է մայրիկի հետ: Մայրը  դեմ է, որ դուստրն այդ տարիքում բարձրակրունկ կոշիկ կրի:

«Ամառ-ձմեռ ուզում է բարձրակրունկ հագնել, ինչ անում եմ, չեմ կարողանում պոկել էդ կոշիկներից: Ձմռանն էլ բարձրակրունկների պատճառով ոտքը վնասել էր ու մեկ ամիս դպրոց չգնաց»,- ասում  է Աստղիկի մայրը՝ տիկին Գայանեն:

Բարձրակրունկների սիրահար Աստղիկն էլ կարծում է՝ իզուր է մոր անհանգստությունը. միևնույն է` վաղ, թե ուշ հագնելու է: «Իմ բոլոր ընկերուհիներն էլ հագնում են, ես էլ շատ եմ սիրում բարձրակրունկ կոշիկներ ու հաճույքով հագնում եմ, իսկ մաման իզուր է բարկանում, մեկ է, որ ուսանող դառնամ` հագնելու եմ չէ՞, տարբերությունը, ո՞րն է. երկու տարի շուտ, թե՞՝ ուշ»,- ավելացնում է Աստղիկը: Հոգեբան Նարինե Մանուկյանի խոսքով, դպրոցական աղջիկների մոտ դա վարքի ընդունված դրսևորում է. «Այդպիսով աղջիկներն ուզում են ընդգծել իրենց կանացիությունը և կարծում են, որ դա ամենահաջող տարբերակն է տղաների աչքին գեղեցիկ օրիորդ երևալու համար»:

Ինչպես նշում է հոգեբանը, դեռահասության տարիքը (12-15տ.) համարվում է մարդու կյանքի և ընդհանուր զարգացման ամենագլխավոր շրջանը, որը նաև մասնագետներն անվանում են ճգնաժամային տարիք: Նրա խոսքով,  այս փուլում «ճգնաժամ» է ապրում երեխայի ողջ օրգանիզմը, վերափոխվում են մարմինը և արտաքինը, մեծ փոփոխություններ են սկսվում նաև հոգեկան աշխարհում, և այս ժամանակ է հատկապես կարեւոր ծնողների նրբանկատ ու համբերատար վերաբերմունքը: «Պետք է նուրբ բացատրել 15-ամյա աղջնակին, որ նա դրանով առաջին հերթին վնասում է իր առողջությունը, իսկ գեղեցիկ երեւալու շատ այլ միջոցներ կան»,- նշում է հոգեբանը` առանձնացնելով այդ ձևերից մի քանիսը. «Կարելի է փոխել սանրվածքը, կարճ շրջազգեստ հագնել, գունավոր հագուստ կրել, անգամ երեկոների հաճախելիս երբեմն թույլ տալ թեթևակի օգտագործել կոսմետիկ միջոցներ. պետք է նրա հետ խոսել ինչպես մեծի հետ, ցույց տալ, որ հարգում եք իր «ես»-ը»:

Բժիշկ Անահիտ Կարապետյանի խոսքով, դեռահասների ոսկրային համակարգը դեռևս ամբողջական ձևավորված չէ և, բարձրակրունկ կոշիկներ հագնելով՝ խանգարվում է կազմվածքի նորմալ ձևավորումը: Բժիշկը խորհուրդ է տալիս այդ տարիքում կրել ազատ, հարմարավետ կոշիկներ, երբեք տուրք չտալ գեղեցիկ երեւալուն: «Կարող են մեկ-երկու անգամ հագնել բարձրակրունկ կոշիկ, բայց, ընդհանուր առմամբ, նրանց տարիքի համար 8 սմ և ավելի բարձր կրունկները հակացուցված են, քանի որ կարող են առաջանալ ողնաշարի ֆիզիկական ծռումներ, ինչպես նաև ոտքերի գերհոգնածություն, մկանների լարվածություն, երակների լայնացում, ալերգիկ գրգռվածույթուն և շատ այլ խնդիրներ»,- ավելացնում է Ա. Կարապետյանը: Այն դեռահասներին, ովքեր անդավաճան են բարձրակրունկներին ու երբեք չեն հրաժարվում դրանցից, բժիշկը խորհուրդ է տալիս կրել գոնե կաշվե կոշիկներ և ճիշտ խնամել ոտքերը: «Ամեն անգամ կոշիկները հանելուց հետո պետք է լվանալ ոտքերը, հանգստացնող քսուքներ օգտագործել և ոտքերին տալ բարձր դիրք, որպեսզի լարվածությունն անցի»,- հավելում է Ա. Կարապետյանը:

Խոսելով առհասարակ բարձրակրունկ կոշիկների մասին` բժիշկը նշում է հիվանդության մի քանի տեսակներ, որոնք կարող են առաջանալ պարբերաբար բարձրակրունկներ կրելու հետևանքով. «Չափազանց բարձր կրունկով կոշիկները վատ են անդրադառնում նաև մեջքի վրա: Ազդում են բնական կեցվածքի վրա և ճնշում ողնաշարային բջիջները, ինչի հետևանքով կարող են առաջանալ նաև գլխացավեր: Բացի դրանից այս ամենը կարող է բացասական անդրադարձ ունենալ նաև գլխուղեղի աշխատանքի վրա»: Ա. Կարապետյանը խորհրդի կարգով հիշեցրեց, որ ոտքերը պետք է աստիճանաբար վարժեցնել բարձրակրունկներին և դրանք կրելուց առաջ յուրաքանչյուր կին և աղջիկ պետք է գիտակցի, որ չի կարելի առաջին իսկ օրվանից սկսել ամեն օր բարձրակրունկ հագնել: «Եթե կանայք աշխատանքի վայրում են, ապա կրունկների բարձրությունը, չպետք է գերազանցի 4 սմ-ը, իսկ եթե աշխատանքն այնպիսին է, որ պետք է ոտքի վրա մնան, ապա այդ դեպքում կանայք չպետք է գերազանցեն նույնիսկ 2 սմ-»,- ավելացնում է բժիշկը:

Ռուզան Ասատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031