Այսօր ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում (Տավարացյան, Միքայելյան, Խաչատրյան կազմով) նշանակվել էր Սերգեյ Օկոեւի բողոքի քննությունը: Սակայն ինչպես բողոքաբերը, այնպես էլ հակառակ կողմը՝ Ֆրանսիայի քաղաքացի Անդրե Լը Կամյուն պատշաճ ծանուցված լինելով դատարան չէին ներկայացել: Նախագահող Նախշուն Տավարացյանն անհրաժեշտ համարեց կողմերի բացատրությունները լսելը եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ գալիք տարվա հունվարի 18-ը:
Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Անի Մխիթարյան) ավարտվել էր Օկեւ-Լը Կամյուի գործով դատաքննությունը: Լը Կամյուն գալով Հայաստան, պատվիրել էր Օկոեւին ոսկե դեկորատիվ ձու: Դրա դիմաց նրան վճարել էր 66 500 եվրո գումար: Սակայն ադամանդակուռ, ոսկե ձուն չի պատրաստվել եւ Լը Կամյուն դատի է տվել վարպետին:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով գումարը պետք է Օկոեւը վերադարձնի Լը Կամյուին:
Այսօր վերաքննիչ դատարանի շենքի ներսում տոնածառն էր շողշողում, իսկ Լը Կամյուի անհավանական արկածները Հայաստանում դեռ չեն ավարտվել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ