Դրանք նպաստում են ընթերցանությանը՝ թույլ տալով մտածել, նույնանալ հերոսի հետ
Մարդիկ մինչեւ գրելը նախ լսել ու խոսել են սովորում: Ապացուցված է՝ աչքով ընկալած ինֆորմացիան առաջնային է եւ մյուս զգայարանների նկատմամբ գերիշխող դիրք է գրավում: Այս առումով աուդիոգրքերը նպաստում են պատկերային համակարգի, ստեղծագործական մտածողության ձեւավորմանը, նաեւ ուղեղի կիսագնդերի կապի զարգացմանը: «Չպետք է մոռանալ, որ դրանք գրեթե անհրաժեշտություն են երեխաների, տեսողության խնդիրներ ունեցող, արագ տեմպով ապրող մարդկանց համար, ովքեր կարող են դրանք ունկնդրել համակարգչով աշխատելիս, ինքնաթիռում կամ ավտոմեքենա վարելիս»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց «Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը: Նա համոզված է՝ մանկուց «աուդիոգրքեր» լսում ենք մեր ծնողների կամ տատիկ-պապիկների կատարմամբ, իսկ «պրոֆեսիոնալ» աուդիոգրքերը փոխարինում են այն ժամանակ, երբ նրանք զբաղված են: Փարիզում ու Մոսկվայում իր ընկերների մեքենաների մեջ է լսել Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանն» ու մտածել՝ իսկ ինչո՞ւ մենք չունենք ժամանակակից աուդիոգրքեր: «Ավելի երիտասարդ էի ու գուցե ավելի ռոմանտիկ: Ինձ թվում էր՝ եթե Թումանյանի հեքիաթները կարողանամ ստեղծել աուդիոտարբերակով, ապա ինչ-որ բան կփոխվի դեպի լավը»,- ավելացնում է իմ զրուցակիցը: Նշանակետը երեխաներն են, արտերկրում բնակվող մեր հայրենակիցները, նրանց երեխաները: Թեեւ մեծերը նույնպես ունկնդրում են հեքիաթներ, իսկ դպրոցականները սիրում են պոեզիա: Արդեն իսկ պարզ է, որ այս գրքերը եւս նպաստում են ընթերցանությանը՝ թույլ տալով մտածել, նույնանալ հերոսի հետ, հոգեկան ապրում ունենալ: Միանշանակ փաստում է, որ աուդիոգրքերը չպիտի մրցակցեն թղթային գրքերի հետ: Դրանք կոչված են լրացնելու այն բացը, որ ունեն թղթայինները: Թեեւ կան դեպքեր, երբ գրեթե փոխարինում են վերջիններիս. «Կան, այսպես կոչված, աուդիոլիստներ, ովքեր աչքերով կարդալիս ավելի վատ են ընկալում, քան լսելիս, ուստի ինֆորմացիան լավագույն ձեւով ստանում են միայն աուդիոտարբերակով»: Չի բացառում՝ աուդիոգրքերը կարող են ուսումնական պրոցեսի մաս կազմել. «Եթե կրթության նախարարությունը մեզ նման պատվեր տար, մենք մեծագույն հաճույքով եւ պրոֆեսիոնալ մակարդակով կարող էինք այդ գործն իրականացնել: Բայց պիտի խոստովանենք, որ ունենք աղքատ տնտեսություն եւ մշակութային ճոխություն չենք կարող մեզ թույլ տալ»:
Զբաղված հասարակության մեջ գիրք լսելը դառնում է ավելի ձեռնտու, քան կարդալը: Այս առումով աուդիոգրքերը որոշակիորեն գերազանցում են էլեկտրոնային գրքերին: Դրանք պահպանում են կարդալու պրոցեսը, ինչը նշանակում է՝ ժամանակ ծախսել, ուշադրություն կենտրոնացնել: Նաեւ թույլ են տալիս տեքստում նշումներ, փոփոխություններ կատարել՝ չմտածելով դրա վնասման մասին: Անգամ որոշ գրքերի սյուժեներ պատկերներով են ուղեկցվում: Էջերը թերթելու եւ շոշափելու զգացողությունները չկան էլեկտրոնային տարբերակում, սակայն վերջիններս էլ թուղթ-գրքի նկատմամբ առավելություն ունեն՝ իրենց էժան ու մատչելի լինելու հաշվին: «Դրանք թուղթ-գրքին հաղթում են հասանելիության, այլ ոչ թե գիրք լինելու առումով»,- նկատում է Համահայկական էլեկտրոնային գրադարանի (www.freebooks.do.am) հիմնադիր Գեւորգ Ղազարյանը: Մեր IT սֆերան այնպիսի հեղինակների պահանջ ունի, ովքեր կտան իրենց գրքերի թվայնացված տարբերակները: «Սակայն հենց հեղինակները չեն ընկալում դրանց առավելությունները: Նրանց պատկերացմամբ՝ էլեկտրոնային գիրքը հեղինակային իրավունքները խաթարող, վնաս պատճառող ժամանակակից ձեւ է: Այն կարելի է պատճենահանել, անվճար է, դրանից իրենք օգուտ չունեն: Այն չի գիտակցվում որպես գիրք»,- փաստում է Գեւորգը: Հայաստանում անգամ տարօրինակ է ընթերցողների շրջանակը՝ մեկ ընդհանրապես չեն հետաքրքրվում, մեկ էլ այնպիսի մասնավոր գրքեր են փնտրում, որոնք նոր են թարգմանվել՝ դեռ վաճառքում չկան, եւ որոնց թվայնացումը թարգմանչի համար կոմերցիոն վնաս է: Տեղեկացնում է, որ մասնագիտական գրականության նկատմամբ հետաքրքրված են հազար այցելուից ութ հարյուրը: Մյուսները փնտրում են հայ ժամանակակից գրողների ու արտասահմանյան գրականություն՝ տարբեր ժամանակների, բայց հայերեն թարգմանությամբ: Նկատում է, որ ընթերցողների մոտ 70 տոկոսը 16-ից 25 տարեկան երիտասարդներն են եւ 40-ն անց մարդիկ: Կրճատվում է հսկայական տարիք՝ 25-ից 40: «Երեւի նրանք ավելի զբաղված են, աշխատում են եւ կարդալու ժամանակ չունեն»,- բացատրում է Գեւորգը: Նրա խոսքով, էլեկտրոնային գրքով հետաքրքրված երիտասարդների ու ուսանողների միակ խնդիրը հավաքված տեքստով գիրք գտնելն է՝ այն փոփոխելու եւ դիպլոմայինի մեջ ներմուծելու համար:
ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ