Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքի տեղավորման բարձր գործակից եւ խստապահանջություն

Դեկտեմբեր 14,2011 13:48

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ղեկավարները ամփոփում են տարին

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ղեկավարները կարեւորում են թիմային աշխատանքը:

Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով Հայաստանում գործող բուհերի մասին, փաստեց, որ դրանցից երկուսն են համապատասխանում միջազգային չափանիշներին՝ Հայաստանի ամերիկյան եւ Ֆրանսիական համալսարանները: «Առավոտի» հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկն ասաց, որ ոչ միայն այդ հայտարարությունն է պարտավորեցնում, այլեւ այն, որ պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին էլ թե՛ պաշտոնական ընթրիքի, թե՛ Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ կարեւորել է Ֆրանսիական համալսարանը զարգացնելը:

Տիկին լը Մորզելեկը, շեշտելով, որ իրենց բուհի հաջողության գաղտնիքը հայերի եւ ֆրանսիացիների թիմային աշխատանքն է, նշեց նաեւ ուսուցման գործընթացում ֆրանսիական մեթոդի խստապահանջության մասին, ինչն էլ, նրա խոսքով, իրենց կադրերի աշխատանքի տեղավորման 80% գործակից է ապահովում: Նա հավելում է, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կիրառում են Լիոն-3-ի եւ այլ համագործակից համալսարանների ծրագրերը մագիստրատուրայում եւ բակալավրիատում, ֆրանսիական ծրագրերին ավելացնելով հայաստանյան բաղադրիչ՝ տեղայնացնում են ՀՀ կարիքներին համապատասխան: «Մենք պետք է հարմարվենք երկրի առաջնահերթություններին եւ կադրեր պատրաստենք այդ ուղղությամբ, օրինակ եվրոպական ինտեգրացիայի՝ Հայաստանի ցանկության համատեքստում ուժեղացվել է եվրոպական իրավունքի դասավանդման բաղադրիչը, ինչպես նաեւ կա մեծ ցանկություն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիարժեք անդամ դառնալու առումով, դրա համար ներմուծել ենք նաեւ այդ ուղությամբ դասավանդում»: Ռեկտորը հավելում է, որ որակի բարձրացման եւ թափանցիկության նկատառումներով, բոլոր քննությունները գրավոր են եւ վիճակահանության սկզբունքով են իրականացվում՝ նախապես ուսանողներին տրամադրված հարցաշարերից, հենց քննության սկզբին:

Վերապատրաստում են նաեւ հայ դասախոսներին, ովքեր հետագայում կփոխարինեն Ֆրանսիայից ժամանող մասնագետներին: ՀՀ-ում ԵՄ գրասենյակի հետ համատեղ իրականացվում է սեմինարների շարք, յուրաքանչյուր ամիս՝ 2 սեմինար, որը տիկին լը Մորզելեկի հավաստմամբ, հետաքրքրություն է առաջացնում ուսանողների ու մասնագետների շրջանում: Նա նշում է, որ ամրապնդում են ոչ միայն միջբուհական, այլեւ բուհ-գործատու կապերը, իրենց ուսանողները պրակտիկա են անցնում զանազան ձեռնարկություններում, ինչը հաճախ ավարտվում է ուսանողի՝ աշխատանքի տեղավորմամբ: Ռեկտորը, ամփոփելով 2011 թվականի իրենց ձեռքբերումները, ուրախությամբ նշեց. «Նախապատրաստական դասընթացներում հայ ընտանիքները մեզ այս տարի 2 անգամ ավելի շատ երեխաներ են վստահել՝ շուրջ 200 ուսանող: Ի դեպ, մեր նախապատրաստական դասընթացը առավելություն չի տալիս ընդունելության ժամանակ, երեխաները հավասար պայմաններում են մասնակցում, առավելությունն էլ տրվում է ստացած գիտելիքին»:

Ֆրանսիական համալսարանի վարչա-ֆինանսատնտեսական գծով տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը փաստեց, որ իրենց բուհը տեխնիկապես հագեցած հաստատություն է, բարելավվել են անձնակազմի աշխատանքային պայմանները: Պարոն Մեյրոյանը շեշտեց, որ Ֆրանսիական համալսարանում ակտիվացել է ուսանողական կյանքը, ունեն «Ալպիական մանուշակ» անունով ռոք խումբ, որը շուտով նոր սկավառակ կթողարկի, Համազգային թատրոնի հետ համագործակցող թատերախումբ, սպորտային առաջնություններում հաջողություններ գրանցած թիմեր եւ այլն:

Բուհի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը «Առավոտին» հայտնեց, որ որպես որակի ապահովման եւ բարելավման կարեւոր չափանիշ, պարբերաբար հարցումներ են իրականացնում իրենց շրջանավարտների շրջանում, վերջինը կայացել է հոկտեմբերին, մասնակցել է շուրջ 900 շրջանավարտ: Պրոռեկտորի խոսքով, հարցումների արդյունքները ոգեւորիչ են՝ շրջանավարտների 58%-ը, ունենալով միջազգային նմուշի դիպլոմ եւ օտար լեզուների իմացություն, աշխատում է Հայաստանում, միայն 6%-ն է սովորում կամ աշխատում արտերկրում, 12%-ը շարունակում է կրթությունը եւ 13%-ն է, որ աշխատանք է փնտրում: Պարոն Նավոյանը տեղեկացրեց, որ ներկայումս ընթացքի մեջ են Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտի տեղեկատուի ստեղծման աշխատանքները. «Շուտով հանրությանը կտեղեկացնենք մեր կադրերի 80%-ի հասնող աշխատանքի տեղավորման գործակցի մասին՝ ըստ շրջանավարտների ներկայացնելով նրանց աշխատանքի վայրը եւ զբաղեցրած պաշտոնը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031