Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտամետը» կստանա՞ «երկրորդ շնչառություն»

Դեկտեմբեր 14,2011 13:31

Ընկերությունը պարտքեր ունի, մասնավորը վարկ չի տալիս, պետությունը՝ լավ չի աջակցում

Այս տարեսկզբից Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարեւանությամբ, Երեւանյան փողոցի 6-րդ շենքում սկսեց գործել դրոսելների արտադրություն: Այդ շենքում խորհրդային տարիներին եղել է դրոսելների գործարան: 90-ական թվականների սկզբին, համանման այլ գործարանների պես, այն լուծարվեց: Շենքն անցավ մասնավոր անձանց, որոնք այն վերափոխեցին բազմաբնակարան տարածքի ու բնակարանները վաճառեցին անտուն նոյեմբերյանցիներին:

Այս տարի «Արտամետ» ՍՊԸ-ն այստեղ բացեց դրոսելների արտադրամաս, հարեւանությամբ ապրող բնակիչները բողոքեցին, որ բնակարանների կողքին արտադրության մեջ թունավոր նյութեր օգտագործող ձեռնարկություն չպետք է աշխատի, որ արտադրամասի աղմուկն իրենց խանգարում է: Դրոսելները փոքրիկ ձողիկներ են՝ պատված ֆերիտով: Դրանք էլեկտրական սարքավորումներ մտնող հոսանքի չափանիշների բարելավման գործառույթ են կատարում: Չնայած բնակիչների դժգոհությանը, արտադրամասն սկսեց աշխատել՝ գործով ապահովելով Նոյեմբերյանի տարածաշրջանի ավելի քան երեք տասնյակ բնակիչների: Երեք ամիս է, ինչ ձեռնարկությունը աշխատում է խիստ թերբեռնված: «Արտամետ» ընկերության տնօրեն Գագիկ Աբովյանը խորհրդային տարիներին Կողբ գյուղում գործող դրոսելների արտադրամասի սեփականատերն էր: Հիմա նաեւ Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ «Արտամետը» ավելի քան երկու տասնյակ աշխատողներին աշխատավարձի երկու ամսվա պարտք ունի՝ մոտ յոթ հազար դոլարին համարժեք գումար: Չնայած առկա ֆինանսական դժվարություններին, «Արտամետը» հարկային պարտքեր չունի: Գագիկ Աբովյանն ասաց, որ երբ փոքր խմբաքանակների պատվերներ են լինում, իրենց ձեռնարկության աշխատակիցների մի մասը ժամանակավորապես աշխատում է: Ամիսներ առաջ «Արտամետը» Ռուսաստանի Դաշնությունում դրոսելներ է իրացրել մասնավոր անձի միջոցով, սակայն ծագել են վաճառքի դժվարություններ: Տնօրենի խոսքով, այժմ իրենք մատակարարման պայմանագրեր են կնքել ռազմական եւ բժշկական սարքավորումներ արտադրող ռուսական ընկերությունների հետ, որոնց դրոսելները պետք է մատակարարվեն 2012 թվականի սկզբից: Այդ ժամանակ «Արտամետի» աշխատակիցների թիվը առնվազն կկրկնապատկվի: Սակայն խնդիրն այն է, որ ներկայիս՝ հին հաստոցներով ընկերությունը միայն սահմանափակ նմուշի դրոսելներ է արտադրում, իսկ ռազմական եւ բժշկական սարքավորումներ թողարկող ռուսական ընկերություններին անհրաժեշտ են նաեւ այլ տեսակի դրոսելներ: Տնօրենը վստահեցնում է, որ նոր հաստոցներ գնելու դեպքում իրենց արտադրանքի տեսականին կբազմապատկվի, Ռուսաստանից նոր պատվերներ կստանան: Բայց նոր հաստոցներ գնելու համար «Արտամետին» հարկավոր է 10 միլիոն դրամ: Ընկերությունը դիմել է վարկատու տարբեր կազմակերպությունների, սակայն՝ անարդյունք. պարզվել է, որ «Արտամետի» բաժնետերերից մեկը նախկինում բանկերից մեկում ժամկետանց վարկային պարտավորություն է ունեցել: Այս բաժնետերը դուրս է եկել ընկերության բաժնետերերի ցանկից, բայց դրանից հետո պոտենցիալ վարկատու կազմակերպությունը վարկի դիմաց «Արտամետի» ունեցած գրավը վարկին համարժեք չի համարել: Գագիկ Աբովյանը վարկ ստանալուն աջակցելու համար բազմիցս հանդիպել է տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ, սակայն գործն առաջ չի շարժվել: Տնօրենը տեղեկացնում է, որ իրենք Տավուշի մարզի ամենահեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղում 10 աշխատատեղ են ստեղծել, բարեկամավանցիները թողարկված դրոսելները սոսնձում են: ՀՀ կառավարիչները 2010 թվականը հայտարարել էին Բարեկամավանի տարի: Սակայն անցյալ տարվա ընթացքում հեռավոր, ռազմավարական դիրք ունեցող այս գյուղում կառավարության միակ աջակցությունը եղավ այն, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 30 հեկտար աշնանացան կատարվեց, որի բերքն այս տարի բաժանվեց բարեկամավանցիներին: Գագիկ Աբովյանը ծագած հարկային որոշ խնդիրներ լուծելու համար շնորհակալ է վարչապետ Տիգրան Սարգսյանին: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մովսիսյանն էլ աջակցել է ընկերության արտադրանքի սերտիֆիկացման գործում: Սակայն եթե առաջիկայում չլուծվի «Արտամետի» վարկավորման, դրա շնորհիվ նոր հաստոցների գնման հարցը՝ «Արտամետը» չի կարողանալու կատարել Ռուսաստան ապրանքի մատակարարման իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները: Ցավալի կլինի, եթե սահմանագոտում արտադրություն վերականգնելու այս փորձը տապալվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031