Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ ենք գտնել շահավետ լուծումներ՝ հօգուտ քաղաքացու

Դեկտեմբեր 14,2011 13:26

«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ԲԸ-ի պատասխանը՝ Բիզնեսի եւ մարդու իրավունքների ռեսուրսների կենտրոնին

Ինչպես գիտենք, 2012-ի բյուջեն լուրջ մարտահրավեր է՝ եկամուտների հավաքագրման առումով: Հայաստանը ներկրող երկիր է, եւ մեր տնտեսության իրական աճն ապահովելու համար առաջին հերթին պետք է զարկ տալ տեղական արտադրությանը: Հաշվի առնելով ներքին արտադրության զարգացման անհրաժեշտությունն ու կարեւորությունը, մեր կառավարությունն այս տարվա ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ Սյունիքի մարզի համապատասխան համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներ ճանաչել է բացառիկ գերակա հանրային շահ՝ փոխելով այդ հողերի նպատակային նշանակությունը եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին (ԶՊՄԿ): Այս որոշումը կայացնելիս կառավարությունը նաեւ հաշվի էր առել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը եւ բացահանքի ընդլայնման հեռանկարները: Այս դեպքում գերակա պետական շահը պայմանավորված է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի բացահանքի ընդլայնման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ: Ընդլայնման այս ծրագիրը ուղղակիորեն կնպաստի արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների աճին՝ դրանով իսկ խթանելով Հայաստանի տնտեսական կայունությունը եւ դիվերսիֆիկացիան, ամրապնդելով արտահանման ներուժը, ապահովելով աշխատատեղեր եւ եկամուտ քաղաքացիների համար, ինչպես նաեւ թույլ կտա շարունակաբար բարձրացնել երկրի համաշխարհային վարկանիշը:

Նշենք, որ ԶՊՄԿ-ն «ՔՐՈՆԻՄԵՏ»-ի հայաստանյան խոշորագույն դուստր ընկերությունն է: Արդեն ավելի քան 15 տարի է, ինչ «ՔՐՈՆԻՄԵՏ» ընկերությունների խումբը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում Հայաստանում: Այդ տարիների ընթացքում ընկերությունը մեծածավալ ներդրումներ է կատարել Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ոլորտում՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը՝ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ: Ստանձնած պարտավորությունների շրջանակում ԶՊՄԿ-ն եւ «ՔՐՈՆԻՄԵՏ»-ը իրականացրել են ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլարի հավակնոտ ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում ընդլայնվել են ձեռնարկության արտադրական ծավալներն ու հզորությունները, զգալիորեն աճել են պետական եւ համայնքային հարկային մուտքերը: Ավելին, ձեռնարկության զարգացումը ուղեկցվել է ուղղակի եւ հավելյալ աշխատատեղերի շարունակական ընդլայնմամբ: ԶՊՄԿ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, ապահովելով ավելի քան 3100 ուղղակի աշխատատեղ, իսկ ենթակապալառու կազմակերպությունների միջոցով ստեղծված աշխատատեղերի քանակն անցնում է 10,000-ը:

Արդեն քանի տարի է՝ ԶՊՄԿ-ը մեր երկրի խոշորագույն հարկատուն է: Միայն այս տարվա 9 ամսվա արդյունքներով ձեռնարկությունը պետական բյուջե է վճարել շուրջ 22.5 մլրդ դրամի հարկ: Ձեռնարկության արտադրանքի իրացման դիմաց ստացված եկամուտները կազմում են ՀՀ արտարժութային հոսքերի զգալի մասը:

Բացի մեր պետբյուջե կատարած մուտքերից, ԶՊՄԿ-ն, որպես խոշոր հարկատու, նաեւ հատուկ ուշադրություն է դարձնում երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը: Այսպիսով, ընկերությունը մշտապես մշակում եւ իրականացնում է բազմաբնույթ սոցիալական, կրթական եւ մշակույթային ծրագրեր հանրապետության ողջ տարածքում` տրամադրելով զգալի ֆինանսական միջոցներ:

Իսկ բոլորս էլ գիտենք, որ ներդրողի եւ ԶՊՄԿ-ի կողմից պետության եւ հասարակության առջեւ ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը ենթադրում է արտադրական հզորությունների հետագա ընդլայնում, ինչը պարզորոշ արտացոլված է պետության հետ ունեցած մի շարք պայմանագրերում:

Անդրադառնալով «ԷկոԼուր» տեղեկատվական հ/կ-ի ս.թ. դեկտեմբերի 1-ին հրապարակած հոդվածին, «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ իր հայաստանյան դուստր ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ- ի ղեկավարությունը ընդունում է ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշման իրականացման արդյունքում ծագած ցանկացած խնդիրների, քննարկումների, առաջարկությունների եւ դիտողությունների վերաբերյալ քաղաքացիների դիմումները՝ այդ քաղաքացիների համար հնարավորինս շահավետ եւ ընդունելի լուծումներ տրամադրելով: «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ԲԸ-ն երաշխավորում է, որ ԶՊՄԿ-ն գործում է բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակում, մտահոգաբար է վերաբերվում տեղական բնակչության պահանջներին՝ հաշվի առնելով նրանց շահերը:

ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ»

ԲԸ-ի ներկայացուցչություն

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031