Ասում է «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանը՝ հավելելով՝ «ցանկալի է, որ անցնեն խաղաղ ճանապարհով, առանց երկիրը կործանելու»:
2011-ի սկզբին իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ բավականին սառը, եթե չասենք՝ թշնամական, հարաբերություններ էին: Փետրվար-մարտ ամիսներին ներքաղաքական զարգացումներն իրենց կիզակետում էին, ինչին հետեւեց քաղաքական ակտիվության անկումը. սառույցը սկսեց հալվել, ու արդեն տարվա կեսերին մեկնարկեց երկխոսությունը ՀԱԿ-ի եւ կոալիցիոն քաղաքական ուժերի միջեւ, թեպետ երկխոսությունը տապալվեց այն նույն հաջողությամբ, ինչ հաջողությամբ որ սկսվել էր: Արդեն տարեվերջին ՀԱԿ առաջնորդի՝ ՀՀ առաջին նախագահի կողմից ռեւերանսներ եղան կոալիցիոն ԲՀԿ-ին եւ օլիգարխներին. «Առավոտի» այս դիտարկումների տեսանկյունից վերլուծելով 2011 թվականը եւ պատասխանելով հարցին՝ ի՞նչ է հուշում զարգացումների այս դինամիկան, մանավանդ, որ եկող տարին ընտրական է, «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ, քարվաճառաբնակ Ալեքսանդր Քանանյանն ասաց. «Ամեն ինչ միանգամայն ակնկալելի էր, որովհետեւ պետությանը եւ ժողովրդին վերաբերող բոլոր կարեւորագույն եւ առանցքային հարցերում Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ հաճախ քաղաքականամոլությամբ է զբաղվել: Այս պարագայում եւս նա պետք է ջղաձիգ շարժումներ կատարի, իրականում դրանք հենց ջղաձիգ են, որպեսզի կարողանա մի կերպ իր շուրջը պահպանել աջակիցների մի փոքր մնացած հատվածին, քանի որ, բարեբախտաբար, նրա ներքին աջակիցների հատվածի մեծ մասը վերջնականապես, թեպետեւ ուշացած, գիտակցել են Լեւոն Տեր-Պետրոսյան անձի հետ որեւէ լուրջ հույս կապելու անհնարինությունը: Դրա համար մենք ականատես եղանք ոչ միայն երկխոսության, այլեւ արտահերթ ընտրություններին անպայման հասնելու խոստումներին: Բնականաբար, այդ խոստումները չպետք է իրականանային, որովհետեւ այդ պահանջների հետեւում կանգնած չէ մի մարդ, որը պատրաստ է գաղափարապես, մարդկայնորեն, գիտակցաբար առաջնորդել հայ ժողովրդի մեծամասնությունը, որը կամենում է երկրում տեսնել համակարգային փոփոխություններ»: Այնուհանդերձ, ընթացիկ առումով, մեր զրուցակիցն ուշագրավ է համարում «ՀԱԿ-ի դրսեւորած երկխոսային, ապա նաեւ ԲՀԿ-ի հանդեպ տածած որոշակի հույսերը»՝ միաժամանակ արձանագրելով, որ, ըստ էության, դրանք որեւէ բան չեն փոխելու երկրի քաղաքական դաշտում, եւ մենք պետք է շարունակենք հուսալ, որ մի օր հայոց քաղաքական դաշտում կծնվի նոր հոսանք, կգան նոր մարդիկ, եւ մեր անկախ պատմության առաջին 20-ամյակի էջը կթերթվի, կմտնենք նոր փուլ ու ժամանակաշրջան:
«Առավոտի» հարցին՝ շատ դաժան չեղա՞ք Ձեր գնահատականներում, քանի որ ՀԱԿ-ի եւ առաջին նախագահի շուրջ հավաքված կուսակցություններն ու անձինք արդեն չորս տարի միահամուռ պայքար են մղում, եւ այդ պայքարի արդյունքում, այնուհանդերձ, Հայաստանում իրադրություն է փոխվել, մեր զրուցակիցն ասաց. «Հայաստանը եւ հայոց հանրությունը դեռեւս, բարեբախտաբար, բացարձակ ստրուկների, ճորտերի հասարակություն չէ: Ճիշտ է, իշխանությունները մեզ փորձում են ամեն գնով վերածել բացարձակ ճորտի, բայց, այնուամենայնիվ, գիտակից զանգվածը դեռ զգացվում է եւ կարողանում է եթե ոչ՝ եղանակ ստեղծել, ապա գոնե հավակնություն ներկայացնել՝ երկրում որոշ եղանակ փոխելու առումով: Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա, ես ընկալում եմ, երբեմն-երբեմն նաեւ գնահատում եմ ՀԱԿ-ում եղած որոշ անձանց թե անկեղծ հավատը, թե անկեղծ ձգտումը, թե նաեւ համարձակ պայքարը: Բայց մենք պետք է շարունակ գիտակցենք, որ եթե ճիշտ չեն ընտրվում նախապատվությունները, եթե առաջնորդը բոլորովին չի համապատասխանում այն նվազագույն չափանիշներին, որոնք պետք է ստանձնի շարժման ղեկավարը, որը պետք է ձգտի Հայաստանում արմատական, համակարգային, դրական, որակական փոփոխությունների հասնել, ապա իրենք անիմաստ վատնում են ուժերը եւ որեւէ նպատակի չեն հասնում: Իհարկե, որոշ առումով հասարակական մթնոլորտը փոխվել է, բայց այն փոխվել է ոչ միայն այն սակավ մարդկանց շնորհիվ, որոնք դեռեւս մնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, այլ նաեւ շատ այլ մարդկանց շնորհիվ, որոնք այսօր այլեւս առաջին նախագահի հետ որեւէ հույս չեն կապում»: Որպեսզի ընթերցողի մոտ թյուր կարծիք չստեղծվի, որ միտումնավոր շեղվում ենք դեպի առաջին նախագահի անձը, Ալեքսանդր Քանանյանը նաեւ հավելեց. «ՀՀ երրորդ նախագահը, ինչպես նաեւ երկրորդ նախագահը, ընդամենն առաջին նախագահի վարչազավակներն են, եւ նրանք առաջին նախագահին որեւէ այլընտրանք ներկայացնել չեն կարող: Երեք նախագահները պետք է անցնեն պատմության գիրկը: Ցանկալի է, որ անցնեն խաղաղ ճանապարհով, առանց երկիրը կործանելու: Բայց երկիրն այսօր այս երեք նախագահներից որեւէ մեկի հետ որեւէ հույս կապել չի կարող, դրա համար ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, որոնք հույս են դնում ԲՀԿ-ի վրա՝ դրա հետեւում երկրորդ նախագահի ստվերը տեսնելով եւ այլն: Հայաստանյան ողջ քաղաքական դաշտը՝ անվանական ընդդիմությամբ եւ կոալիցիոն տարբեր կուսակցություններին պատկանող տարբեր քաղաքական գործիչներով, ընդամենը միաբեւեռ, միագաղափար եւ միեւնույն որակի ուժեր են, որոնք պետք է անցնեն պատմության գիրկը»:
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ մեր զրուցակիցը հիշեցնում է, որ դեռեւս երկու տարի առաջ իրենք առաջարկել էին մի մոդել՝ ի դեմս «Հայկական ընտրության», որը լայն եւ ազատ մրցակցության հարթակ էր պետական, ազգային մտածողություն եւ գաղափարներ դավանող անձանց համար, այդ աշխատանքներին փորձ արվեց նաեւ ներգրավել լիբերալ դաշտի «որոշ գիտակից եւ պետության ապագայով մտահոգ անձանց», ու ցավով արձանագրում է, որ այս եւ այլոց կողմից եղած առաջարկները չեն կենսագործվել՝ ամենատարբեր պատճառներով. «Ինչքան էլ տհաճությամբ պետք է ասեմ, բայց եթե մոտակա ամիսների ընթացքում որեւէ բան չփոխվի, պարզապես անիմաստ կլինի անգամ գնալ քվեարկելը, որովհետեւ եղած դաշտում ինչ եւ ում էլ ընտրես՝ ընտրում ես միեւնույնը»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ