Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նույնիսկ իշխանությունն ինքն իրեն չի հավատում

Դեկտեմբեր 14,2011 13:06

Ասում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը

– Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում կուսակցությունների պակաս չկա, հակառակը՝ կարծում եմ, ավելորդներն են շատ, ուրեմն ինչո՞վ էր պայմանավորված եւս մեկ կուսակցության ստեղծումը, ի՞նչ է անելու «Ազատ դեմոկրատները», որ ուրիշները չէին կարող անել:

– Իրականում կուսակցությունների քանակը հակադարձ համեմատական է քաղաքական դաշտի գաղափարական դատարկությանն ու լղոզվածությանը: Կոնկրետ ազատական դաշտը, ըստ էության, վակուումային վիճակում է, քանի որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը գաղափարապես հեռու են ազատականությունից: Խոսքը ոչ թե կարգախոսներով, այլ պրակտիվ գործունեությամբ դրսեւորվող ազատականության մասին է: «Ազատ դեմոկրատները» ինքնադրսեւորման ազատ տարածություն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն քաղաքացիական դիրքորոշում, որոշումների կայացման պատասխանատվություն, ովքեր մինչեւ վերջ պատրաստ են տեր կանգնել իրենց համոզմունքներին: Կան շատ կուսակցություններ, սակայն քաղաքականությամբ զբաղվել ցանկացող մարդիկ մեծ ընտրություն չունեն, քանի որ մի կողմում իշխանական նոմենկլատուրան է՝ ի դեմս ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, մյուս կողմում՝ ընդդիմադիր նոմենկլատուրան, որը ներկայացնող ուժերի մի մասը եւս ժամանակին իշխանություն է եղել: Մինչդեռ Հայաստանում այսօր կան հազարավոր ունակ մարդիկ, որոնք կարող են իրենց լուման ունենալ քաղաքական գործընթացներում, սակայն վերը նշված պատճառներով ինքնամեկուսանում են: Այդ առումով «Ազատ դեմոկրատները» նման անհատների համար այլընտրանք է՝ իրենց մասնագիտական եւ մարդկային կարողություններն իրացնելու առումով: Այսօր քաղաքական ուժերից գրեթե ոչ մեկը հստակ չի ուրվագծում, թե ինչ պետություն է ուզում ունենալ, ասենք, 10 կամ 15 տարի հետո, արժեքային եւ քաղաքական ո՞ր համակարգերում է տեսնում Հայաստանը, օրինակ՝ 2030 թվականին: Նաեւ այդ տեսանկյունից «Ազատ դեմոկրատները» շահեկանորեն տարբերվում է մյուսներից, քանի որ մենք հստակ պատկերացնում ենք ՀՀ-ի ապագան ոչ միայն առաջիկա տարիների, այլ նաեւ ավելի երկար ժամանակահատվածի համար: Գիտենք դրան հասնելու քայլերը եւ ունենք դրանք իրականացնելու համար անհրաժեշտ մարդկային ռեսուրս, որը համարում եմ մեր կուսակցության ամենամեծ արժեքը: «Ազատ դեմոկրատներ»-ում բազմաթիվ փորձառու գործիչների կողքին միավորված են նաեւ շատ երիտասարդներ, որոնք ունեն նոր մտածողություն, նոր երազանքներ, եւ նրանք, վստահ եմ, մեծ դերակատարում են ունենալու մեր քաղաքական համակարգի սերնդափոխության, որակյալ սերնդափոխության գործում:

– Մասնակցելո՞ւ եք խորհրդարանական ընտրություններին եւ ի՞նչ ֆորմատով, օրինակ՝ տեղեկություններ կան, որ չի բացառվում «Ժառանգության» հետ «Ազատ դեմոկրատների» դաշինքը:

– Բնականաբար, մասնակցելու ենք, որքան էլ դա ոմանց համար անցանկալի լինի: ԱԺ-ն մեզ համար դառնալու է այն հարթակը, որում քաղաքացու, քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնվող խնդիրները քաղաքական ձեւակերպում են ստանալու: Իսկ որեւէ ուժի հետ հատկապես դաշինքային ձեւաչափով համագործակցության դեպքում մեզ համար սկզբունքային է գաղափարական ընդհանրությունը: Իրավիճակային, կոնյունկտուրային դաշինքներ մենք ի սկզբանե բացառում ենք: «Ժառանգության» հետ այդ հարցի շուրջ բանակցություններ չեն եղել, սակայն ամենատարբեր ձեւաչափերով համագործակցությունը, այդ թվում՝ դաշինքային, բացառված չէ:

– «Ազատ դեմոկրատներ»-ին անդամակցեցին մինչեւ վերջերս ՀՀՇ-ի կորիզ հանդիսացող գործիչներ. դա գաղափարակա՞ն, թե՞ այլ հողի վրա եղավ:

– ՀՀՇ-ում տեղի ունեցած հայտնի իրադարձություններին հաջորդած ժամանակահատվածը լավագույնս վկայեց, որ ձեր նշած գործիչների հակասությունները իսկապես գաղափարական էին: Եթե ժամանակագրական առումով դիտարկենք հետագա գործընթացները, պարզ կլինի, որ հենց այդ խմորումներից հետո ՀԱԿ-ը հայտնվեց այսօրվա վիճակում. հանուն «կայունության» գարնանային ընդվզման ալիքի տապալումը, տխրահռչակ երկխոսությունը, հիմա էլ՝ համագործակցության փնտրտուքը ԲՀԿ-ի հետ ցույց տվեցին, որ ՀԱԿ-ը զբաղվում է ինքնավնասակարարությամբ:

– Հավատո՞ւմ եք իշխանությունների այն պնդումներին, թե ձգտելու են ամեն ինչ անել ժողովրդավարական եւ արդար ընտրություններ անցկացնելու համար;

– Իհարկե, չենք հավատում: Նույնիսկ իշխանություններն իրենք իրենց չեն հավատում: Դրա ամենաթարմ ապացույցը 2012թ. պետբյուջեի քվեարկությունն էր՝ նվազագույն 66 կողմ ձայներով: Նախ՝ արդար ընտրությունների անցկացումը Սահմանադրության եւ օրենքի պահանջ է: Նման հայտարարություններով իշխանությունը նախ՝ խոստովանում է, որ մինչ այդ ընտրություններն ազատ եւ արդար չեն եղել, հետեւաբար՝ իրենք ապօրինի իշխանություն են: Իսկ երբ ոչ լեգիտիմ իշխանությունը խոսում է հաջորդ ընտրություններն ազատ անցկացնելու մասին, առնվազն ծիծաղելի է: Բացի այդ, ակնհայտ է, որ արդար ընտրությունների դեպքում իշխանական ուժերը ԱԺ-ում կարող են հավակնել լավագույն դեպքում ծանրակշիռ փոքրամասնության, իսկ իշխանությունը չեմ կարծում, թե պատրաստ է ինքնաոչնչացման: Իրականում ընտրությունների կեղծման գործընթացն արդեն իսկ սկսվել է. ՀՀԿ-ի «բարձր հովանու ներքո» ամենատարբեր միջոցառումներ են անցկացվում, վերջին օրինակն էլ ՀՀԿ տնտեսական համաժողովն էր, որը կառավարության ռեսուրսներով իրականացվող կուսակցական միջոցառում էր: ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն եւս հետ չի մնում իր զանազան բարեգործական եւ առողջապահական ծրագրերով: Վերջին կադրային վերադասավորումներն էլ ընդամենն այդ կեղծարարությունն ավելի համակարգված եւ անաղմուկ դարձնելու նպատակ էին հետապնդում:

– Ընդունեք, որ ցանկացած իշխող քաղաքական ուժի համար դա բնական է, եւ որեւէ այլ իշխանություն եւս այդպես կվարվեր:

– Բնական կլիներ, եթե անցած 4 տարիներին այս իշխանությունը լեգիտիմություն ձեռք բերեր գոնե արդյունավետ գործունեությամբ եւ հերթական ընտրություններից առաջ հասարակությանը ներկայանար ոչ թե դատարկ խոստումներով, այլ կոնկրետ արդյունքներով: Եթե անցած տարիներին իշխանությունը ձերբազատվեր ընտրություններ կեղծող քրեական տարրերից, ֆորմալ եւ ոչ ֆորմալ համակարգերից, որոնք ծառայեցվում են ընտրակեղծիքների համար, կարելի էր մտածել այդ մասին: Մինչդեռ այսօր ունենք հակառակ պատկերը՝ փաթեթավորված «ամենաարդար» ընտրություններ անցկացնելու մասին խոստումներով:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031