Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին անպատժելիություն

Դեկտեմբեր 14,2011 12:44

«Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ ներողություն չի խնդրել Սիլվա Համբարձումյանից: Վստահ եմ, որ այս դեպքում նա չի ստում. ո՞վ է տեսել, որ իսկական տղեն ներողություն խնդրի կնոջն «ապտակելու» (այդպիսի մեղմ ձեւակերպում է կիրառում ՀՔԾ-ն) համար: Բա «ախպերությունը» նման տղուն կհարգի՞: Իսկական «լավ տղեն» կկատարի խուլիգանությունը, իսկ հետո վկայի (որը նույն «էլիտար դասի» ներկայացուցիչ է, պատգամավոր է եւ, հետեւաբար, նույնպես «ազիզ ախպեր» է) եւ իրավապահների հետ հարցերը կլուծի «գեղական կարգով» եւ կխուսափի պատասխանատվությունից: Այ, նման դեպքում այդ փայլուն տղուն «քուչում» կհարգեն: Այդպես են վարվել թե Լիսկան, թե նրա եղբայրները եւ թե եղբոր որդիները: Իրեն միանգամայն արդարացրած եւ շրջապատի կողմից ընդունված պրակտիկա է:

Երբ ես իմ վերաբերմունքն էի արտահայտում Սյունիքի մարզպետի արարքի կապակցությամբ, շատերն ինձ առարկում էին՝ «բա դու գիտե՞ս՝ այդ Սիլվան ով է»: Անշուշտ, Սիլվայի ով լինելը անչափ լուրջ մեղմացուցիչ եւ նույնիսկ արդարացնող հանգամանք է: Կային ավելի խորը վերլուծաբաններ, որոնք պնդում էին, որ այդ տիկինը նախագահի աշխատակազմից ուղարկված գործակալ է, որի նպատակն էր սադրել դյուրագրգիռ մարզպետին եւ դրանով լուծել ներիշխանական պայքարի որոշակի խնդիր: Թեեւ երեկ ապացուցվեց, որ այդ ամբողջ տեսությունը սխալ էր, միեւնույն է՝ «վերլուծաբաններին» հնարավորություն կա ասելու՝ ուրեմն Լիսկայի թեւն ավելի ուժեղ դուրս եկավ:

Այս ամենը հեքիաթներ են: Իրականությունը ավելի պարզունակ է: Իշխանության մեջ կան անպատժելիությունից հարբած կերպարներ, որոնք կարող են իրենց ցանկացած բան թույլ տալ՝ վստահ լինելով, որ իրենց «ծառայությունները» պետք են լինելու բոլոր իշխանություններին: Որպես փոխհատուցում՝ ամենաթողություն ամեն ինչում՝ սկսած բիզնեսում ապօրինի արտոնություններից, վերջացրած մանր կենցաղային դրսեւորումներով: Օրինակ՝ նրանք իրավունք ունեն իրենց թիկնազորի հետ այնպես երթեւեկել մայրուղով, որ ոչ ոք չկարողանա նրանց շրջանցել, իսկ եթե որեւէ մեկը համարձակվի դա անել, դաժանորեն կպատժվի՝ նույն թիկնազորի կողմից: Այդ «լավ տղաներին» վազանց կատարողը մի քանի, ՀՔԾ-ի ասած, «ապտակ» կստանա:

Ինձ համար ակնհայտ է, որ մարդիկ Հայաստանից գնում են ոչ միայն նյութական ծանր վիճակի, այլեւ հենց նման անհույս, անելանելի, ստորացուցիչ իրավիճակների պատճառով: Մարդիկ չեն ուզում ապրել լիսկաների երկրում՝ դա, ի վերջո, վիրավորական է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031