Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակում այսօր Հայաստանում առաջին անգամ նշվեց «Արաբերենի օրը»: Տոնը ՄԱԿ-ի տոնացույցում է 1973 թվականի դեկտեմբերի 18-ից, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան արաբերենը հռչակեց ՄԱԿ-ի վեցերորդ պաշտոնական լեզու:
Հայաստանում արաբերենի օրը նշելու նախաձեռնության հեղինակները Հայաստանում Սիրիայի, Եգիպտոսի, Լիբանանի դեսպանատներն էին, Հայաստանի պետական եւ սլավոնական համալսարանները:
Ըստ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոյի, արաբերենի օրը նշելը թույլ կտա հասկանալ, թե այս լեզուն որքան գործածական է ՄԱԿ-ում եւ թե որքան են շահում այս լեզուն գործածողները: Նաեւ հնարավորություն կտա հաղորդակցվել արաբական մշակույթին եւ ավանդույթներին:
Այսօր աշխարհի 22 երկրում ավելի քան 200 միլիոն մարդ խոսում է արաբերեն: Ըստ հին հունական եւ պարսկական աղբյուրների, Արաբ անունով մի մարդ է առաջին անգամ այս լեզվով խոսել ու նրա անունն էլ տվել են լեզվին: Արաբական պատումների համաձայն, մեծ ջրհեղեղից հետո, Նոյ նահապետի Տապանում փրկվածներից ծնված 80 լեզուներից մեկն է արաբերենը, արաբ բառն էլ ստուգաբանվում է՝ բացահայտիր լեզվիդ օգնությամբ:
ՄԱԿ-ը ունի վեց աշխատանքային լեզու. անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, չինարեն, արաբերեն, ռուսերեն: Ամեն լեզվի տոնը իր առանձին օրը ունի. իսպաներենի օրը նշվում է Իսպանիայի ազգային տոնի օրը, անգլերենի օրը՝ Շեքսպիրի ծննդյանը օրը, ռուսերենը՝ Պուշկինի ծննդյան օրը, երբ աշխարհում նշում են ֆրանկոֆոնիայի օրը, ՄԱԿ-ը նշում է ֆրանսերենի օրը, չինարենի օը նշում են չինական նշանների հայտաբերման տոնի հետ: